Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու եւ ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը: Դատարանը քննեց Կիվիրյանի ներկայացրած տեսանյութերն ու լուսանկարները:
«Առկա էր մի բան, որ Արգիշտի Կիվիրյանը քաղաքապետարանի դիմաց չի իրականացրել որեւէ ապօրինի գործողություն, Արգիշտի Կիվիրյանին բռնի ուժով նստեցնում են ոստիկանական մեքենան եւ Արգիշտի Կիվիրյանին Կենտրոնի ոստիկանության բաժնում պահել են ավելի քան երեք ժամ: Ակնհայտ է, որ նախաքննական մարմինը, ցանկության դեպքում, կկարողանար քննություն կատարել, բացահայտել մեղավորներին, որոնք իրագործել են ապօրինի գործողություններ: Բայց նախաքննական մարմնի եւ դատարանի պահվածքից ակնհայտ դարձավ, որ իրենք նման ցանկություն չունեն: Ամեն կերպ փորձում են հարցականի տակ դնել ակնհայտ փաստերը»,- դատական նիստից հետո դժգոհեց Արգիշտի Կիվիրյանը:
Դատարանի տրամադրվածությունից էլ նա գոհ չէ ու վստահ է. «Այս դատարանը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել: Կկայացնի այն որոշումը, որն իրեն կհանձնարարեն»:
Կարդացեք նաև
Տեսագրություններն ու լուսանկարները դատական նիստի ընթացքում դիտելուց հետո, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչեւ փետրվարի 3-ը:
Հիշեցնենք, որ պարոն Կիվիրյանը բողոքարկում է ՀՔԾ-ի անգործությունը` իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու փաստով գործ չհարուցելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ