«Յուրաքանչյուր տարվա Սեւանա լճի ջրառի ավելացումը չպետք է բերի լճի մակարդակի բացասական բալանսին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նրա խոսքերով` այսօր Սեւանա լճի ջրի մակարդակը 1900.9 սանտիմետր է, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 7 սանտիմետրով ավելի է. «Եթե մենք հայտարարում ենք, որ ջրառը չպիտի հանգեցնի լճի մակարդակի բացասական բալանսի, դա նշանակում է, որ չպետք է պակասի տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս միջոցառումը ժամանակավոր է` 5 տարով: Եթե ցուցանիշները համեմատում ենք, ապա 2001 թվականից սկսած, համաձայն օրենքի, պետք է տարեկան շուրջ 20 սանտիմետրով բարձրացնենք մակարդակը: 2001 թվականից սկսած այսօրվա դրությամբ լճի մակարդակի առումով ունենք 6 տարվա առաջանցիկ տեմպեր: Ջրառի համար պայմանավորվել ենք 5 տարի ժամկետ եւ չպիտի ջրի բացասական դինամիկա լինի, եթե լինի էլ, ապա հաջորդ տարի այդ բացը պետք է լրացվի»:
Անդրադառնալով Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին՝ բնապահապանության նախարարն ասաց, վերջին 20 տարիների ընթացքում չկար հիդրոերկրաբանական հետազոտություն, ըստ որի պարզ կլինի, թե ինչ է կատարվում ընդերքում` ջրային ռեսուրսների հետ կապված: Նախարարը վստահեցրեց, որ այդ հետազոտությունը կլինի:
Արամ Հարությունյանի խոսքերով` «Մյուս խնդիրը` մեր բոլոր գերատեսչություններն ունեն համապատասխան հանձնարարականներ, թե ինչ լիազորությունների շրջանակում, ինչ պետք է անեն. մասնավորապես` ջրի փակ շրջանառու համակարգ, կիսափակ համակարգ, որպեսզի մեր ձկնաբուծական տնտեսություններին առաջարկենք»:
Կարդացեք նաև
Նախարարն ասաց, որ շարունակվելու է ապօրինի հորերի լուծարման գործընթացը. «Երբ ունենանք հիդրոերկրաբանական հետազոտության ամբողջական պատկերը, պարզ կլինի, հետո կտեսնենք թե ինչպիսի վերականգնող ծավալներ են հարկավոր, որ թույլ տանք Սեւանից ջրառը, այսինքն` ինչքան պետք է վերցնել, որ ծավալները վերականգնվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ