Լրահոս
Օրվա լրահոսը

«Քուչի տղերքը» եղանակ են փոխում». Երիտասարդ ՀՅԴ-ական (Տեսանյութ)

Հունվար 31,2014 15:22

«Եվրասիա» միջազգային համալսարանի «Եվրասիա» բանավեճի ակումբը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի օժանդակությամբ «Երիտասարդները բանավեճում» ծրագրի շրջանակներում, այսօր կազմակերպել էր հանրային բանավեճ-քննարկում «Զինծառայողները չպետք է մասնակցեն ընտրություններին» թեմայով: Միջոցառմանը ներկա էին բանավեճի ակումբի անդամները, կուսակցությունների ՝ մասնավորապես ՀՅԴ, ՀՀԿ կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները, Երիտասարդական խորհրդարանի անդամներ:

«Եվրասիա» բանավեճի ակումբի պատասխանատու Նունե Ջոմարդյանը նշեց. «Բանակը կարեւոր դեր է կատարում մեր երկրի անվտանգության, խաղաղության պահպանման համար, որը ոչ միայն մեր ներքին խնդիրն է, այլ կարեւոր է տարածաշրջանային առումով»:

Նա անչափ կարեւորեց բանակի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի քննարկումը, քանի որ այն բազմաթիվ այլ խնդիրների հետ է կապվում:

Երիտասարդական խորհրդարանի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը կարծիք հայտնեց, թե բանավեճի թեման բազմաթիվ հարցականներ է պարունակում. «Այսօր այս դահլիճում հավաքվածների մեծ մասը կարծում է, որ Սահմանադրական լուրջ փոփոխությունների կարիք կա: Ես օրինակ բանավեճը կվերագրեի «Արդյոք զինծառայողները ընտրություններին մասնակցում են իրենց կամընտրությամբ»: «Արդյոք քվեաթերթիկի վրա զինվորը նշում կատարելիս իրենց կամքն են կատարում»:Ազատուհու համոզմամբ, պետք է հետամուտ լինել զինծառայողի իրավունքի ճշգրիտ կատարմանը, որովհետեւ զինվորը լիարժեք քաղաքացի է:

Նա բերեց Իտալիայի օրինակը. «Եթե Իտալիայում սովորական շարքային քաղաքացին չմասնակցի ընտրություններին, կտուգանվի, դա պարտք է քաղաքացիական, զինվորն էլ նույն քաղաքացին է՝ զինվորական համազգեստով»:

Բանավեճին մասնակից, բանակում ծառայած անդամներից մեկին հարց ուղղվեց՝ Ձեզ է՞լ են ստիպել քվեարկել ոչ Ձեր ցանկությամբ: Երիտասարդը ժպտալով ասաց. «Կնախընտրեի չպատասխանել այդ հարցին»:

«Ես դեմ եմ, որ զինծառայողները չմասնակցեն ընտրություններին, այդ կերպ մենք կխախտենք նրանց ազատ արտահայտվել եւ իրավունքը: Ընտրությունների արդյունքները բոլորի, այդ թվում զինծառայողների համար են»,-ասաց բանավեճի ակումբի մեկ ուրիշ անդամ:

Բանավեճի ակումբի անդամներից Քնարիկ Գալուստյանն էլ հավելեց. «Ընտրությունը կամքի արտահայտման ձեւ է, զինվորականները թիրախային խումբ են, նրանք գտնվում են պետական իշխանության ներքո, հետեւաբար չեն կարող արտահայտել իրենց իրական իրավունքը»:

Աբրահամ անունով բանավեճի մասնակիցն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ ի վերջո բոլոր զինվորները ընտրությունների ժամանակ իրենց ձայնը պարտադրաբար կամ ստիպված տալիս են իշխող ուժին

ՀՀԿ ներկայացուցիչ Գոհար Մկոյանը ասաց, որ ՀՀԿ ներկայացուցիչ լինելը չի ենթադրում, որ պետք է իր ասածներին միայն հակասեն: Նրա համոզմամբ, ցանկացած ոք ընտրում է՝ ինչպես ցանկանում է: Ինչ վերաբերում է բանակին, Գոհարի ասելով, բանակում էլ բավականին դրական փոփոխություններ են իրականացվել. «Երբ զինվորը ընտրություն է կատարում, զինվորի՞ դիրքից է նշում կատարում քվեաթերթիկում, թե՞ որպես ՀՀ քաղաքացի, սոցիալականացման ճգնաժամերը չհաղթահարա՞ծ բանակ է, թե՞ ընտրության իրավունքը հոգով կատարող մարդ»:

ՀՅԴ ներկայացուցիչը հակադարձեց ՀՀԿ-ականին. «Ողջ երկրում «քուչի տղերքը» եւ 5000-10000 դրամները եղանակ են փոխում, եթե բանակում մեկ հոգի հրաման է տալիս ու բոլորը ընտրում են նրա ասածին, ինչի՞ մասին է խոսքը: Իրավիճակի միակ ճանապարհը իշխանափոխությունն է»:

Մանրամասները ՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031