Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնում եղած գործը «լռվել» է Արաբկիրում. ինչո՞ւ

Հունվար 31,2014 13:51

Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Արաբկիրի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վ.Մկրտչյանի դեմ բողոք է բերել տոհմիկ երեւանցի, ճարտարապետ, երկրորդ կարգի հաշմանդամ Կարինե Խորասանյանը՝ դիմելով տարածքային դատարան:

Նա վիճարկում է քննիչի գործողությունները, մասնավորապես, Կենտրոնի նոտար Է.Շաբոյանի դեմ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Կարինե Խորասանյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում հաղթել է, սակայն այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել:

Կ.Խորասանյանի բնակարանն օտարվել է նրանից Հայաստանում բնակարանների առեւտրով զբաղվող, 1999թ-ից առանց կացության իրավունքի կարգավիճակ ստանալու, տարբեր ծննդյան թվերով, ամսաթվերով, տարբեր ազգանուններով հանդես եկող արտերկրի քաղաքացի՝ իրանահայ, կանադացի Խաչատուր Բեդրոսի Բահարյանսի կողմից՝ նրա հետ համագործակցող Վահի Ավանեսին (հայտնի է որպես վարչապետի հովանավորյալ): Վերջինս, ըստ բողոքաբերի, ԱԱԾ աշխատակից ներկայացած ոմն Հովոյի հետ ահաբեկել է իրեն՝ Կ.Խորասանյանին, արդյունքում կեղծ ճանապարհով ձեռք են բերել անշարժ գույքը, առանց տիկնոջ ու նրա դստեր`Անուշ Դաշտոյանի համաձայնության:

Ամիրյան 18 շենքի 89 հասցեի մեկ սենյականոց բնակարանի 1/2-րդ բաժնի օտարումն իրականացվել է Կ.Խորասանյանի դստեր կողմից տրված լիազորագիրն օգտագործելով:
Խորասանյանը մինչ այդ հաղորդում է տվել ոստիկանության Կենտրոնի բաժնին, հայտնելով, որ Խաչատուր Բահարյանսի հետ Կենտրոն նոտարական գրասենյակում իր դուստր Անուշ Դաշտոյանին պատկանող Ամիրյան 18 շենքի 89 բնակարանի 1/2 մասի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս, նոտարը կատարել է «կեղծ ձեւակերպումներ», որի հետեւանքով անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումը կեղծ սեփականանաշնորհման վկայական է տվել Խաչատուր Բահարյանսին, որի հետեւանքով Դաշտոյանը զրկվել է ողջ բնակարանից:

Կ.Խորասանյանը, լինելով երկրորդ կարգի հաշմանդամ, նոտարի մոտ առքուվաճառքից ընդամենը մեկ ամիս առաջ Միքայելյանի կլինիկայում, անզգայացման միջոցով, երիկամի հեռացման ծանր վիրահատություն էր տարել, գտնվել է ակադեմիկոս, պրոֆեսոր Աղաջանյանի անմիջական հսկողության տակ, կողմնորոշումը թուլացած: Կ.Խորասանյանն ասում է, որ բազմաթիվ անգամ փորձել է հանդիպել գլխավոր դատախազի հետ՝ նախկին եւ ներկա, դատախազության տարբեր վարչությունների պետերի հետ, սակայն նրա ընդունելությունները խոչընդոտվել են, այսօր էլ դրանք խոչընդոտվում են գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի կողմից, որը նախկինում տեղյակ է եղել այս բողոքներից:

«Քանի որ պարզվեց, որ քննությունը չի տարվում, վերաքննիչ քրեական գործերով դատարանի դատական ակտը չի կատարվում արդեն 9 ամիս, դիմեցի ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Մեսրոպյանին պարզաբանման համար: Նա տրամադրեց որոշում: Պարզվեց, որ նշյալ որոշումը կայացվել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վ.Մկրտչյանի կողմից, եւ ուղարկվել է կենտրոն»,- հավելում է Կ.Խորասանյանը:

Խաչատուր Բահարյանսը դեռ 2003թ-ին 700 դոլար պարտք է եղել Անուշ Դաշտոյանին, վերադարձրել է կեղծ գրավի հիմքով՝ 146 000 դրամ պակաս:
«Կեղծիքները պաշտպանություն գտան դատախազների կողմից»,- ասում է Կ.Խորասանյանը:

Իսկ Խորասանյանից էլ իբր բաժին գույքի դիմաց առուծախ չկատարելով, գույքի արժեքը չվճարելով, գնորդն առանց նոտարական միասնական տեղեկանքի, դատարանի վճռի, անմիջապես դիմել է կադաստրին, այն ամբողջությամբ իր անունով կեղծ ճանապարհով գրանցելու համար եւ ձեռք է բերել սեփականության վկայականներ 2003թ-ին եւ 2008թ-ին՝ անօրինական ավելացնելով բնակարանի մակերեսը, 2009 թ-ին ահաբեկելով, դրանից հետո դիմելով դատարան՝ Անուշին 700 դոլար պարտքի պարտավորությունը դադարեցնելու պահանջով:

Բողոքաբերը պահանջում է վերացնել համապատասխան մարմնից իր իրավունքների եւ ազատությունների խախտումները, վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը, անօրինական համարել բողոքում նշված պետական, պաշտոնատար անձանց գործողությունները:

Ի դեպ, Կարինե Խորասանյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչի մոտ 21.12.2013թ. բացատրություն է տվել: Նա մինչ այդ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, տեղեկացրել էր ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի կողմից իրեն սպառնալիքներ տալու մասին: Չգիտես ինչու, դիմումն ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատախազություն, ապա՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին: Ինչպես ասում է Կ.Խորասանյանը՝ «գործի ընթացքը խճճելու նպատակով պարոն Բադիկյանն ուղարկվել է հետաքննիչի մոտ»:
«Հատուկ քննչական ծառայության լիազորություններ ոստիկանության կենտրոնականի բաժինը չունի: Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը քննվում է Կենտրոնականի քննչական բաժնում: Ինչ վերաբերում է սույն բաժանմունքի հետաքննչական բաժնին մակագրված իմ կողմից ՀՔԾ-ին ուղղված դիմումին, այն ենթակա չէ ձեր կողմից ընթացք տրվելու, քանի որ ձեր քննիչների դեմ բողոքում գրել եմ»,- նշել էր Կ. Խորասանյանը:

Տարօրինակ է, մի դեպքում հետաքննություն է իրականացվում, նույն այդ ժամանակ, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվում, տարօրինակ է եւ այն, որ քաղաքացին հաղորդում է անում ոստիկանության Կենտրոնի բաժնում, իր՝ Կենտրոնի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված ոտնձգության մասին, նույն տարածքում կատարված պետական գրանցումների, սակայն որոշում է ստացվում մեկ այլ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնից:

Քաղաքացին տասնյակ անգամներ դիմումներ է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ:
Նա ումից, որ բողոքում է, դիմումներն ուղարկվում են այնտեղ: Ուշադրության արժանի է այն, որ քաղաքացին հիմա պահանջում է «գրանցված դիմումների քննարկման արձանագրությունները եւ այդ կապակցությամբ հետադարձ պատասխանների պատճեները»:

Նման նախադեպ մեր պրակտիկայում չի եղել, մինչդեռ քաղաքացին հղում է անում ՀՀ սահմանադրության 27.1 հոդվածին, նշված աշխատակազմի կոնոնադրությանն ու «ՀՀ տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների դրույթներին:
Նա, դիմելով մեր լրատվամիջոցին, ակնկալում է, որ գլխավոր դատախազը վերջապես կընդունի իրեն, եւ անհատական հսկողություն կսահմանի իր գործի նկատմամբ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031