Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյան. «ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը մինչ օրս չի կատարվել»

Հունվար 31,2014 13:43

Իրավաբանը պնդում է, որ Հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների կողմից դատարան դիմելու իրավունքն ամրագրելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել իրավական որոշ ակտերում:

Չնայած նրան, որ դեռեւս 2010 թվականի սեպտեմբերին ՀՀ Աահմանադրական դատարանի կողմից ամրագրվել է հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների կողմից դատարան դիմելու իրավունքի օրենսդրական ձեւակերպման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, ինչպես նաեւ համապատասխան ոլորտային օրենսդրության մեջ մինչ օրս անհրաժեշտ լրացումներ չեն կատարվել:

Այդ մասին օրերս «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ում «Հասարակական միավորումների կողմից շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու օրենսդրական փոփոխությունների մասին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավաբան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը:

«Առավոտի» հարցերին ի պատասխան՝ նա նշեց, որ ամրագրումն օրենքում ռազմավարական դատավարությունների մասով հսկայական նշանակություն կունենա: «Ընդհանրապես ցանկացած հայցով, սկսած քաղաքային միջավայր, բնապահպանություն, մշակութային ժառանգություն, ՏԻՄ-երի հետ կապված հայցեր, բոլոր տեսակի հայցերի վերաբերյալ կկարողանանք վիճարկել կայացված վարչական ակտը, գործողությունը, անգործությունը»,- ասում Արթուր Գրիգորյանը:

Նա նկատում է, որ մինչ օրս սայլը տեղից չի շարժվել հենց հանրության պասիվության պատճառով: «Մինչեւ վերջերս այդ գործով շահագրգիռ հանրությունը պահանջատեր չի եղել: Բայց դա չի նշանակում, որ պետական մարմինները պարտավոր չէին կատարել ՍԴ-ի որոշումը, անգործություն են ցուցաբերել, թեեւ պարտավոր էին ՍԴ-ի ամրագրած որոշումը կատարել, քանի որ իրավաբանորեն չեն կարող հիմնավորել չկատարելու պատճառը»,- նշում է իրավաբանը:

Նա հավելում է, որ խնդիրը միայն Սահմանադրական դատարանի որոշումը չէ, ՍԴ-ի կայացրած որոշմանը զուգահեռ պետական եւ մի շարք միջազգային կառույցներ եւս ամրագրել են հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների կողմից դատարան դիմելու իրավունքը:

«2012 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ցանկ է հաստատվել, որտեղ 180-րդ կետով սահմանվել է ՀԿ-ների վարչական-դատավարական իրավասուբյեկտության հիմնախնդրի օրենսդրական բարեփոխումների իրականացման կարեւորությունը` ի կատարումն միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Բացի այդ` Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն 2013 թվականի հուլիսին ամրագրել է, որ Հայաստանը խախտել է կոնվենցիան, քանի որ ՀԿ-ին իրավունք չի տվել դիմելու դատարան: Հավելեմ նաեւ, որ Եվրոպական Միության Հարեւանության Քաղաքականության շրջանակներում ՀԿ-ների դատական, արդարադատության մատչելիությունը դիտվում է որպես իրապես գործող ժողովրդավարության հենասյուներից մեկը»,- նկատում է Արթուր Գրիգորյանը:
Նա տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխություն կատարելու համար էլ այժմ իրավաբանական, քարոզչական ակտիվ աշխատանք է տարվում:

«Ակտիվ աշխատում ենք արդարադատության նախարարության, ԱԺ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային կառույցների հետ»,- եզրափակում է նա:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031