Լրահոս
Օրվա լրահոսը

«Էժան կրթությունը լավագույնը չէ»

Հունվար 31,2014 13:26

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
Հայկ Սարգսյանի առաջարկները

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ կրթության մասին խոսելն իր համար պատասխանատու խնդիր է. «Ուսումը եղել եւ մնում է մեր ժողովրդի համար գերակա արժեք։ Կրթությունը նաեւ մարդկային կապիտալի հիմքերից մեկն է։ Դրանով հանդերձ, կրթական համակարգն այսօր կարծես վերածվում է տնտեսական եւ հոգեւոր վերելքը արգելակող ուժի, որը ոչ մի կերպ չի տեղավորվում «Տնտեսական աճից տնտեսական զարգացում ապահովող» բանաձեւում, որը որդեգրել ենք որպես զարգացման ուղենիշ։ Ժամանակակից կրթահամակարգի ստեղծումը եւ բարձրորակ մասնագետներով ապահովվածությունը կնպաստի գիտատար տնտեսություն ունենալուն, առանց որի անհնար է զարգացած եւ զորեղ Հայաստանի տեսլականը։ Ինչ խոսք, Հայաստանի Հանրապետությունում առկա են բարձրագույն կրթության որակի բարելավման որոշակի ձեռքբերումները: Դա արտածին եւ ներքին մղումներով է պայմանավորված»։

Պրոֆեսորի ձեւակերպմամբ՝ մտահոգող է հետագա կայուն առաջընթացի հեռանկարը. «Արդյոք կարո՞ղ է մեր բուհական համակարգը մեկ ուսանողի կրթության համար ծախսվող շուրջ 1000 ամերիկյան դոլարին համարժեք դրամով ապահովել միջազգային կրթական մակարդակ, երիցս՝ ոչ։ Ավելին, մենք կարող ենք հարատեւ աղքատության ծուղակում հայտնվել։ Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, երբ մի կողմից իրատեսական չեն կրթական բարձր վարձավճարները, մյուս կողմից՝ էժան կրթությունը չի կարող նպաստել աղքատության շեմից հեռանալուն։ Այդ մասին են վկայում տնտեսական աճի արդի մշակումները (հայազգի Աջեմօղլուի եւ Ալչյանի տեսությունները դրանց վկան եւ հաստատումն են)։ Ուստի, մեր կարծիքով, ռեալ ուղին մեկն է՝ Հայաստանում զարկ տալ արտադրողականության ճեղքվածքի վերացմանը եւ նախապատվությունը տալ բարձր տեխնոլոգիաների ներգրավվածությանը կրթական ոլորտ, ինչը միանգամայն հնարավոր է հատկապես բնագիտության ու բնագիտական կրթության պատշաճ աջակցման պարագայում։

Մեր ֆիզիկոսները, մաթեմատիկոսները, կենսաբաններն ու քիմիկոսները եվրոպական համալսարաններում դիրքեր են զբաղեցնում, որը երկար չի կարող շարունակվել, որովհետեւ ի վերջո մաշվում է այդ կապիտալը՝ առանց ամորտիզացվելու։ ԵՊՀ-ում բնագետները դոտացիա են ստանում հումանիտար թեւից, ինչը նպատակահարմար չէ: Կարծում եմ՝ պետք է վերանայվի «ոչ թանկարժեք կրթության» քաղաքականությունը։ Ի վերջո, էժան կրթությունը ստույգ լավագույնը չէ։ Ավելին, իրենց ծառայությունները ինքնարժեքից ցածր գնով իրացնող կազմակերպությունները, ի վերջո, սնանկանում են։ Համալսարանականների մասնագիտական պատասխանատվությունը այսօր դեռեւս պահում է այդ իրավիճակը, եւ մեր պատրաստած մասնագետները դեռեւս պահանջարկ ունեն այսօրվա հարկային համակարգում, բանկերում, կլինիկաներում։ Այսպես շարունակվելու պարագայում նման մասնագետներն այլեւս պահանջարկ չեն վայելի, իսկ մենք չպետք է մասնագետներ ներմուծենք: Երկիրը առաջ են տանելու ու ապահով են դարձնելու բարձրորակ մասնագետները։ Ուստի, վերը բերված տրամաբանության մեջ կարեւորագույն խնդիր է դառնում արտասահմանյան բուհերում արդեն կրթություն ստացած մասնագետների բանկի ստեղծումը եւ նրանց գործառնումը մեր համակարգերում»։

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը կոնկրետ առաջարկներ ունի. «Առաջինը, կրթության միջազգայնացումն է։ Այն պետք է իրականացնել ինչպես կրթական ծառայությունների արտահանման նախադրյալների ստեղծման (այսօր այդ պոտենցիալն առկա է), այնպես էլ պահանջված մասնագետների հրավիրման ու հայտնի կենտրոններում մեր դասախոսներին վերապատրաստման առումներով։ Երկրորդը, որպես ոլորտի պետական կարգավորման բաղադրիչ՝ անհրաժեշտ ենք համարում կրթության «սնուցումն» ապահովել ոչ միայն բյուջեից ֆինանսավորման ավելացման հաշվին, այլեւ բարեգործական հիմնադրամների եւ գործատուների՝ պետության կողմից կրթահամակարգ մուտքի խրախուսման ու համակարգման միջոցով: Կարծում եմ՝ բարեգործությունը կրթական ոլորտում պետք է դուրս բերվի կուսակցականացվածությունից, հանվի այդ պատյանից: Մի խնդրի մասին էլ եմ ուզում խոսել՝ մեր երկրում կրթության հնարավորությունների: Մեր բոլոր ընտանիքները ձգտում են կրթության տալ իրենց զավակներին, սակայն այդ հնարավորությունը ոչ բոլորն ունեն: Զեղչերի համակարգ է, բարեբախտաբար, գործադրվում բուհերի կողմից, սակայն բովանդակային մի խնդիր տեխնիկական իր ճիշտ լուծումները կարող է ունենալ համապատասխան աշխատանքի դեպքում:

ասնավորաբար զեղչման համակարգը պետք է իրականացնել ուսանողի համար «մեկ պատուհանի» սկզբունքով, որը կարող է իրականացվել նման խնդրի լուծման մրցույթում հաղթող բանկի կողմից: Այդ բանկում կարող են կենտրոնացվել ամենատարբեր ֆինանսավորման աղբյուրները: Դրանք կարող են լինել զեղչմանն ուղղված բուհի հատկացումները, սոցիալական փաթեթի հնարավորությունները, բարեգործական միջոցները, բյուջեի հատկացումները եւ այլն: Արդյունքում ուսանողը դիմելով՝ իր հնարավորությունների մատնանշումով, այդ պատուհանին կարող է համապատասխան տեղեկանքը ներկայացնել եւ զեղչվել»,- նշեց տնտեսագիտության դոկտորը։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031