Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական շախմատի այսօրվա փառապանծ ներկան չէր կարող փտած անցյալ ունենալ

Հունվար 31,2014 13:14

Հարցազրույց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի
փոխնախագահ Հովիկ Խալիկյանի հետ

– Պարոն Խալիկյան, Լեւոն Արոնյանը լուրջ հաջողության հասավ Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարում:

– Ինչ խոսք, շատ տպավորիչ էր Արոնյանի ելույթը, բայց նրա դասի շախմատիստի համար խոշոր հաղթանակը աշխարհի չեմպիոն դառնալն է, ինչին բոլորս սպասում ենք:

– Իսկ դա հնարավո՞ր է, չէ՞ որ աշխարհի ներկա չեմպիոնը շատ երիտասարդ է եւ գտնվում է ուժերի ծաղկման շրջանում:

– Արոնյանը այս պահին բոլորից լավ է շախմատ հասկանում, խաղավարման տեխնիկայով հակառակորդներից բարձր է, նրա «աքիլեսյան գարշապարը» սկզբնախաղերն են, որում Կառլսենը նույնպես առանձնակի չի փայլում: Հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մեր հայրենակիցը հաղթի առաջիկա հավակնորդների մրցաշարում, եւ մենք ականատեսը կդառնանք տիտանական պայքարի:

– Վերջին ամիսներին Հայաստանի շախմատային կյանքում լուրջ աշխուժություն կա:

– Եթե նկատի ունեք Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, ապա՝ այո:
Զարմանալիորեն մի շնչով Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց անհատական գործակցով մրցաշարի մասնակից, վերջին տարիներին մարզչական եւ մեղվաբուծական աշխատանքների անցած գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որն էլ կհամալրի մեր ազգային հավաքականը: Կանանց մրցաշարում հաղթանակը տոնեց Շուշաննա Սարգսյանը:

– Երեւանի քաղաքապետը նաեւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ձեր կարծիքը:

– Կա՞ր մեկը, որ խանգարում էր քաղաքապետին Երեւանում շախմատ զարգացնել գործող եւ կոմպետենտ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի հետ միասին: Բանն այն է, որ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն էր շախմատի գծով միջազգային կարգի մրցավար, շախմատիստ, շախմատի աշխարհի անհատական վերջին 2 մրցամարտերի գլխավոր մրցավար, ՖԻԴԵ-ում լուրջ հարգանք եւ դիրք ունեցող Աշոտ Վարդապետյանը, որը նաեւ «Միկա» շախմատային թիմի ղեկավարն էր, եւ թիմը բացառիկ հաջողությունների էր հասել վերջին տարիներին:

– Փաստորեն ստացվում է «ուրիշի հացին վայիս լինել»:

– Փառքը չարի ամենագայթակղիչ զենքն է: Ողջ հայության մայրաքաղաքի ղեկավարը երբեք չպետք է կատարի քայլ, որը փոքր-ինչ անգամ խոցելի դարձնի պաշտոնի հեղինակությունը:

– Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի ընտրությւոնների օրը շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի ավանդական դարձած շախմատի հուշամրցաշար:

– Անդրանիկ Մարգարյանը շախմատի ակադեմիայի հիմնադիրն է եւ հովանավորը, շախմատային աշխարհ մուտք է գործել Սերժ Սարգսյանի հորդորով, պաշտոնավարության ընթացքում բազմիցս քննարկվել է նրա՝ շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալու հարցը, եւ, ի պատիվ նախկին վարչապետի, ասեմ, որ կոմպետենտ չէր համարում իրեն այդ պաշտոնում: Փառք ու պատիվ նրանց, ովքեր չեն մոռանում երախտավորներին, բայց նաեւ ամոթ, հազար ամոթ նրանց, ովքեր այսօր մոռացության են մատնել Տիգրան Վարդանի Պետրոսյանի մարտավկա, Հայաստանի շախմատի չեմպիոն, ՀՀ շախմատի դպրոցի հիմնադիր, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի շախմատի ֆակուլտետի հիմնադիր, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ եւ ՍՍՀՄ «Գիտելիք» ընկերության նախագահ, ակադեմիկոս Լորիս Խաչատուրի Քալաշյանի հիշատակը եւ շատ այլոց: Քալաշյանի անվամբ ոչ միայն հուշամրցաշար, այլեւ դասարան անգամ չկա իր ստեղծած կառույցներում: Հայկական շախմատի այսօրվա փառապանծ ներկան չէր կարող փտած անցյալ ունենալ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031