Նորաստեղծ` «Ընդդեմ ապօրինի շինությունների» շարժման անդամ Վարդան Գերավետյանը այսօր «Նոյյան Տապան» մամուլի կենտրոնում՝ անդրադառնալով ապագայում ծավալվող իրենց գործունեությանը, ասաց, որ իրենք զբաղվել են ապօրինություններով, քանի որ անձամբ դրանցից տուժած մարդիկ են:
Նրա խոսքով` Կոմիտաս 5-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին հասկանալ, որ պետք է միավորել նմանատիպ խնդիրները, քանի որ բոլորի հետեւում նույն չինովնիկներն են, նույն քաղաքապետը, մշակույթի նախարարը եւ այլք: «Մենք միավորվեցինք, կայացավ մեր նախաձեռնությունը եւ ուզում ենք պարոն Տարոն Մարգարյանին ասել, որ մենք արդեն միավորված ենք»,- ասաց Վարդան Գերավետյանը, ավելացնելով, որ իրենք ոչ մի կուսակցության անդամ չեն, չունեն ղեկավար, իրենք բոլորը հավասարապես շարժման անդամներ են:
Անի Մանդալյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում այս խնդիրներն օրհասական են: Եվ իրենց խմբում մարդիկ են, որոնք բախվել են այդ խնդիրների հետ ու դրանք խորությամբ գիտեն. «Մարդիկ են, որոնք անցել են մի ճանապարհ, բայց չեն հասել արդյունքի, որովհետեւ միայնակ են եղել: Նույնիսկ ամբողջ բակով պայքարելով չես հասնի արդյունքի, որովհետեւ քո դեմ է մի ամբողջ պետություն»:
Գրիգոր Ղազարյանի խոսքով էլ`«Մեր խնդիրը համընդհանուր արատավոր գործելակերպի դեմ պայքարն է: Ամեն տեղ նույն գործընթացն է, քաղաքային իշխանությունների կողմից բոլոր տեղերում նույն խոստումներն են տրվում ու արվում նույն խախտումները»:
Կարդացեք նաև
Գիրգոր Ղազարյանը նաեւ նշեց, որ իրենք համագործակցելու են հկ-ների հետ, իրավաբանական խորհրդատվություն է լինելու, մշտապես լուսաբանվելու են բոլոր խնդիրները:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ