Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք կազմակերպություններում ճնշում են աշխատակիցներին ընտրել կենսաթոշակային ֆոնդերը (Տեսանյութ)

Հունվար 31,2014 12:58

«Արմսվիսբանկ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ՀՀ մանկապարտեզներ, դպրոցներ, «Գարանտ ինշուրանս». սրանք այն կազմակերպություններն են, որտեղ ճնշումներ են գրանցվել աշխատակիցների նկատմամբ կապված նրանց աշխատավարձերից 5 և ավելի տոկոսների փոխանցման հետ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված խնդրահարույց հարցերի վերաբերյալ քննարկման ընթացքում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները խոսեցին ճնշումների և դրանց դեմ պայքարի մեխանիզմների մասին:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանն ասաց. «ՍԴ որոշման արդյունքում վեճի առարկան տեղափոխվել է գործատու-աշխատող հարթություն: Հիմա վեճեր են գնում այն մասին, թե որ գործատուն է հաշիվներին փոխանցումներ կատարել, պահումների հետ կապված հաշվապահների շրջանում վեճեր են: Որպես այդպիսին ՍԴ-ի կողմից՝ փոխանցելու մասին նորմը կասեցված չէ, կասեցված  է չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու նորմը: Այսինքն՝ գործատուն կարող է չկատարել: Այլ հարց է՝ գործատուն աշխատողի կողքին է, թե՝ ոչ»: Դավիթը կոչ արեց պետական մարմիններին ոչ թե շոուբիզնեսին հատուկ ակցիաներ անել, թե «ընտրեցի ֆոնդ», այլ ՍԴ որոշումը կիրարկելու հետ կապված իրավական ակտեր ընդունվեին, որն ապահովվեր ՍԴ-ի՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշման պրակտիկ գործունեությունը: Այնուհետև ֆինանսների նախարարին հիշեցրեց. «Հունվարի 16-ի դրությամբ ֆոնդ ընտրած անձանց թիվը 1309 է: Այսինքն՝ մեզ խորհուրդներ պետք չէ տալ, որ մենք մեզնից թվեր ենք հրապարակում»:

Դավիթ Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ շարժումը ընդլայնվել է՝ տեղափոխվելով նաև մարզեր ու փետրվարի 8-ին Վանաձորում հավաք-երթ է կազմակերպվելու:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանը խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է ճնշումների դեմն առնել. «Գիտեմ, որ կան աշխատակիցներ, որոնք դիմումով դիմել են գործատուին, խնդրել չփոխանցել իրենց այդ հինգ և ավելի տոկոսները և հայտնել այն մասին, որ օգտվելով ՍԴ որոշումից դեռ չեն պատրաստվում ընտրել որևէ ֆոնդ, որ հետո պատճառաբանություններ չանեն, թե չգիտեինք, զգուշացնեիք: Իսկ մամուլի հրապարակումները՝ ճնշումների մասին առաջարկում եմ, որ ոստիկանությունը ընդունի որպես հաղորդում: Իսկ ճնշումների մասին պետք է դիմել ոստիկանություն, որպես պետական մարմինների կողմից իր ստորադասների նկատմամբ պաշտոնական դիրքի ու լիազորությունների չարաշահում»:

Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խոսեց աշխատանքային հարաբերություններում վախի մթնոլորտի մասին ու ասաց. «ՀՀ նախագահն ասաց, որ իրենք ամաչում են կենսաթոշակառուների համար այս իրավիճակում: Իշխանությունը և բոլորս պիտի ամաչենք, որ պետական աշխատողները վարձատրվում են այնքան, որ իրենց աշխատավարձով չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի բավարար կենսամակարդակը և աշխատում են վախի մթնոլորտում: Մենք կասեցման պահից դիմել ենք բոլոր արհմիություններին և առաջարկել դիմումի ձև, որով կարող են կոլեկտիվներն ու անհատները դիմել գործատուներին: Մենք աշխատում ենք աշխատողների շրջանում տարածել այն, որ իրենց՝ ֆոնդ ընտրելու պարտադրանքը կասեցված է»:

Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փլիպոսյանն էլ նշեց. «Այսպիսով Սահմանադրությունն է խախտվում, որտեղ հստակ նշված է, որ յուրաքանչյուր ոք իր հայեցողությամբ իրավունք ունի տնօրինելու իր գույքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031