«Վոլոդյա Ավետիսյանին պահում են անազատության մեջ առանց որեւիցե հիմնավորումների, բացի այդ Վոլոդյա Ավետիսյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ եւս կիրառում են բռնություն եւ կամայականություն, այն է, որ իր որդուն՝ Ավետիս Ավետիսյանին այսօր զորակոչել են բանակ եւ ինքն այս պահին գտնվում է Չարբախի զորահավաքակայանում»,- այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի բակում հայտարարեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար, «Խաչակիր» կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը: Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանում այսօր պահեստազորային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատն էր, որի ժամանակ պետք է որոշվեր նրա խափանման միջոցի փոփոխության հարցը:
Գագիկ Սարուխանյանը դիտավորություն է համարում, որ նույն օրում են տեղի ունենում Վոլոդյա Ավետիսյանի դատը եւ Ավետիս Ավետիսյանի զորակոչը. «Այս լկտիություններն ու սրիկայությունները, որ պարբերաբար շարունակվում են մեր երկրում՝ բաժակը լցնելու գործընթաց է: Ես անգամ ավելի շատ զարմանում եմ մեր ժողովրդի վրա, քան թե այսօրվա իշխանությունների»:
Պարոն Սարուխանյանը համարում է, որ Վոլոդյայի դատը աշխարհով մեկ հայկական ժողովրդի խայտառակությունն է:
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ պնդել է, որ առաջին ատյանի որոշումն ակնհայտ ապօրինի որոշում է. «Դատարանը որոշմամբ հաստատված է համարել այնպիսի հանգամանքներ, որի պայմաններում պարտավոր էր որոշում կայացնել Վոլոդյա Ավետիսյանի պարտադիր կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու, այդուհանդերձ հակառակ դիրքորոշում է հայտնել»:
Արա Զաքարյանը Aravot.am-ին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը իրենց բողոքը մերժեց եւ ինքը պատրաստվում է որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Կարդացեք նաև
Ամի Չիչակյան