Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան – 8

Հունվար 31,2014 12:18

Մեր այս բազմակուսակցական էքսկուրսը, բնականաբար, իր ավարտն ունի, չնայած Հայաստանում կուսակցական կյանքն անվերջ ու միանգամայն կանխատեսելի է: Եվ կանխատեսելիությունը կայանում է նրանում, որ կուսակցությունների ու մանավանդ կուսակցականների քանակը Հայաստանում բազմապատկվելու է, որովհետև մեզանում արդեն նույնիսկ ամենաանհասկացողներն են հասկացել, որ Հայաստանում անկուսակցական լինելը դատապարտված լինելուն հավասար բան է:

Եվ եթե որոշ լրագրողներ, մտավորականներ, գործարարներ, արհեստավորներ, առևտրականներ ու այլք, անկուսակցական լինելով հանդերձ, դեռևս կարողանում են իրենց գոյությունը պահպանել, դա դեռ չի նշանակում թե` Հայաստանում անկուսակցականների գործունեության համար համապատասխան դաշտ ու ասպարեզ կա: Եվ այդ դաշտի բացակայությունն է պատճառը, որ քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում կարճ կյանք են ունենում: Եվ դրանից էլ բացի, որևէ նախաձեռնության համար կազմակերպությունն ու կազմակերպվածությունը անհրաժեշտություն են, և հատկապես քաղաքացիական ու քաղաքական նախաձեռնությունների համար են կազմակերպվածությունն ու կազմակերպությունն անհրաժեշտություն:

Եվ եթե նորանկախ Հայաստանում էդ կազմակերպության ու կազմակերպվածության անունները կուսակցություն ու կուսակցականություն են, և եթե խորհրդային ժամանակներում որոշներս շեշտում ու նույնիսկ հպարտանում էինք թե` անկուսակցական ենք, մերօրյա Հայաստանում արդեն անկուսակցական լինելը ոչ թե արժանիք է համարվում, այլ, ավելի շուտ, անճարակության նշան:

Մինչդեռ խորհրդային ժամանակներում անկուսակցական լինելը ոչ միայն ազնվության, այլև սկզբունքայնության նշան էր, հատկապես էն անհատների ու անհատականությունների համար էր ազնվության ու սկզբունքայնության նշան, ովքեր միանգամայն անվճար կարող էին և ի վիճակի էին կոմունիստական կուսակցության շարքերն ընդգրկվել, բայց չէին ընդգրկվում:

Եվ եթե անկախության առաջին տարիներին որոշներս դեռևս պարծենում էինք, որ որևէ կուսակցության մեջ ընդգրկված չենք, հիմա արդեն խուսափում ենք մեր անկուսակցականության թեմայով որևէ խոսակցություն բացել, որովհետև, շարունակելով անկուսակցական մնալ, արդեն ներքուստ հարում ենք այս կամ այն կուսակցությանը, որովհետև վերջնականապես ենք համոզվել, որ ոչ միայն ներկան է կուսակցություններին պատկանում, այլև` ապագան էլ, որովհետև հակառակը դժվար է պատկերացնել, ավելի ճիշտ` հակառակը միապետությունն է, իսկ ավելի ճիշտ` բռնապետությունը: Եվ եթե բազմակուսակցության հակառակն էլ միակուսակցությունն է, կնշանակի` բազմակուսակցությունից խուսափելու ու փախչելու որևէ տարբերակ չունենք, և կուսակցություններից ու կուսակցական կյանքից դուրս մնացածներս լավագույն դեպքում էսպես պիտի վերկուսակցական վերամբարձությամբ ճամարտակենք ու փիլիսոփայենք:

Եվ սա դեռ վերջը չէ, որովհետև անկուսակցականներիս փիլիսոփայությունը ծնվում ու առաջանում է փակուղային իրավիճակներում ու փակուղային իրավիճակներից, և քանի դեռ կուսակցություններից ու կուսակցականներից շատերն էլ են փակուղային իրավիճակներում հայտնված, գուցեև իմաստ ունի շարունակել անկուսակցականիս սկսած էս, ուրեմն, երկխոսությունը, ավելի ճիշտ` մենախոսությունը:

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել