Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք նմա՞ն ճակատագիր ենք ցանկանում Հայաստանի համար. «Հայոց աշխարհ»

Հունվար 31,2014 12:14

Ուկրաինական իշխանությունները թույլ տվեցին երկու կոպիտ սխալ։

Նախ՝ այնտեղ ակնհայտորեն մոռացան, թե ինչ բան է պետությունը։ Որ եթե ուզում եք ունենալ նորմալ գործող պետություն, ապա այն պետք է անվերապահորեն երաշխավորի բռնության մենաշնորհը։ Բռնության կիրառման որեւէ այլ լեգիտիմ տարբերակ, առավել եւս՝ հրապարակայնորեն եւ քաղաքական նպատակներով, պարզապես չի կարող գոյություն ունենալ։ Եթե այս պայմանը չի կատարվում, ապա պետություն չկա։

Հենց դրա համար էլ Ուկրաինայի տրոհման կամ նույնիսկ այնտեղ քաղաքացիական պատերազմի բռնկման մեծ հավանականության մասին այսօրվա խոսակցությունները հիմնավորված են։ Եթե չկա պետություն, ապա ուրիշ ի՞նչ տարբերակներ կարող են լինել պառակտման եւ իշխանության ձգտող, ոստիկանությանն առանց երկյուղի ջարդող գրոհայինների առկայության պայմաններում։

Երկրորդ՝ ուկրաինական իշխանությունը անցավ խելամիտ սահմանները նացիոնալ-արմատականներին ցուցաբերած աջակցությամբ։ Համարելով նրանց որպես քաղաքական հակակշռի կարեւորագույն տարր (օրինակ, երկրի արեւելքում ռուսամետ տրամադրությունները զսպելու համար) արմատականներին չափազանց մեծ տարածք տրամադրեցին երկրի քաղաքական համակարգում։

Քաղաքական ճգնաժամը ցույց տվեց, որ անկախ Ուկրաինայի ազգային շինարարության փորձը եթե անգամ չձախողվեց, ապա մոտ է լիովին ձախողմանն առավել քան երբեւէ։

Ճգնաժամը կրկին ամենայն սրությամբ դրեց հետեւյալ հարցը. ունի՞ Ուկրաինան ընդհանրապես որեւէ հեռանկար՝ որպես անկախ պետություն։ Պատահական չէ, որ բազմաթիվ հեղինակավոր մեկնաբաններ ողջ աշխարհում գնալով ավելի հաճախ են Ուկրաինայի պարագայում խոսում չկայացած պետության կարգավիճակի մասին (failed state)։

Նարնջագույն հեղափոխության ժամանակների առաջին Մայդանը տասը տարի առաջ արդեն ստեղծեց նախադեպը։ Եթե դժգոհ ես ընտրությունների արդյունքներից, դուրս արի փողոց, բարձր գոռա, եւ իշխանությունը կհամաձայնի անցկացնել անօրինական երրորդ փուլ։

Այսօր պատմությունը կրկնվում է, բայց շատ ավելի վտանգավոր ձեւով։ Եթե դժգոհ ես իշխանության քաղաքականությունից, կազմակերպիր անկարգություններ, վառիր մի քանի ոստիկանների, խեղիր իշխանության ներկայացուցիչներին, զավթիր կառավարական շենքերը, եւ այդժամ իշխանությունը կդիմի զիջումների, իսկ քեզ բան ասող չի լինի։

Սարսափելի պարադոքս. դեպի Եվրամիություն իր ձգտման երկու ամիսների ընթացքում Ուկրաինան ապացուցեց ողջ աշխարհին եւ առաջին հերթին Եվրոպային, որ դեռ աներեւակայելի երկար ճանապարհ պիտի անցնի այդ հանրության մեջ ընդգրկվելու համար։ Թե կուզեք իմանալ, Մաքսային միություն մտնել նույնպես Ուկրաինայի համար դեռ վաղ է։ Մաքսային միությունը առայժմ չափազանց փխրուն կառույց է, որպեսզի ընդունի այդչափ անհուսալի գործընկերոջ։

Մենք նմա՞ն ճակատագիր ենք ցանկանում Հայաստանի համար։

Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031