Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարծես մի մեծ մոլում լինեինք»

Հունվար 31,2014 13:25

Ռուբեն Բաբայանը կոչ է անում տեսնել Էմիրությունները
եւ արժեւորել հայաստանյան մշակույթը

Վերջերս Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի հայկական եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սրահում Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ներկայացրեց մեծ լոռեցու «Անխելք մարդը» ներկայացումը եւ դերասանների կատարմամբ՝ հայկական ժողովրդական, ազգագրական երգերի ու պարերի շարան:
«Առավոտի» հետ զրույցում ռեժիսոր, տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ նշյալ ներկայացումը հայկական համայնքում ցուցադրելու նպատակով դերասանները անթերի տիրապետել էին արեւմտահայերենին, որպեսզի հայազգի երեխաների համար այն ավելի հասու լիներ: «Հրավերը ստացել էինք Էմիրաթների հայ համայնքի կողմից, բոլոր ծախսերն էլ իրենք էին հոգացել: Հաճելի էր, որ երեխաները շփվեցին Թումանյանի հետ: Պակաս հաճելի չէր այն փաստը, որ նրանց ծնողները, որոնց տեղերի (200) սահմանափակ լինելու պատճառով չէին թույլատրել ներկա գտնվել ներկայացմանը, սրտնեղել էին, թե իրենք էլ հաճույքով կդիտեին ներկայացումը: Նրանք ցանկություն հայտնեցին տիկնիկային թատրոնի հետ առաջին հանդիպումից հետո մեր հյուրախաղերը դարձնել հնարավորինս հաճախակի՝ ընդգրկելով նաեւ այլ քաղաքներ: Աբու Դաբին էլ ունի հայկական համայնք, եւ վերջինիս ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ նրանք ճիշտ քաղաքականություն են ընտրել: Գիտակցում են, որ հայապահպանության խնդիրը, կրթական շրջանակներից բացի, պարտադիր պետք է ունենա մշակութային ծրագրեր եւս, ու ինչքան հայաստանյան պրոֆեսիոնալ կոլեկտիվներ ու անհատ արվեստագետներ իրենց բարձրակարգ արվեստով հաճախ ներկայանան համայնքում, այնքան օտար երկրում ապրող հայը հենց փոքրուց կսկսի արժեվորել հայկական մշակույթը»,- հայտնեց պարոն Բաբայանը:

Ի տարբերություն մեծաթիվ հայաստանցիների, ովքեր հիացած են Էմիրություններով՝ Ռուբեն Բաբայանը հավաստիացրեց, որ իր ու դերասանների մոտ շուրջ 40 տարվա պատմություն ունեցող այդ երկիրը թողել է այլ տպավորություն. «Կարծես հայտնվել էինք մի մե՜ծ, շատ մեծ մոլում, որտեղ կար ամեն ինչ՝ բացի բնությունից, պատմությունից ու մշակույթից: Այս ուղեւորությունը մեզ շատ բան «բացատրեց», մասնավորաբար, այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Գաղտնիք չէ, որ Էմիրությունները հայաստանյան քաղաքական վերնախավի ու քաղքենիական զանգվածի ամենասիրած վայրն է,- ասաց մեր զրուցակիցը, մանրամասնելով,- այդ երկրում իշխողը առեւտուրն է: Մարդիկ հանգստյան օրերն էլ են մոլերում անցկացնում: Մոլում սնվում են, խաղում, նշանակում ժամադրություն եւ այլն, կարծում եմ՝ նաեւ սիրահարվում են ու բաժանվում: Ցավոք, ըստ իս, նման հոգեբանությունն ու մտածելակերպը սկսում է իշխել նաեւ Հայաստանում: Փաստորեն մենք հեշտությամբ հրաժարվում ենք մեր մեծագույն պատմական ու մշակութային ժառանգությունից, հրաշալի բնությունից ու, չգիտես ինչու, սկսել ենք երկրպագել մոլերը: Ասածիս արտահայտությունն է, օրինակ, Հյուսիսային պողոտան…»: Ռեժիսորի հավաստիացմամբ՝ ԱՄԷ-ի բնիկ արաբների համար այդ ամենը ներելի է, որովհետեւ չունեն հարուստ պատմություն, մշակույթ ու արվեստ, բնությունն էլ մի անապատ է ու, մեր զրուցակցի խոսքերով՝ «արհեստական երկիր է, սկսած մոլերում տեղադրված ձյան շերտից, սառցադաշտից, արհեստական ծառերից ու բույսերից, շատրվաններից… մինչեւ անգամ օդն է արհեստական»:

Պարոն Բաբայանը կոչ է անում այն համերկրացիներին, ովքեր չեն եղել Էմիրություններում, որ գնան, տեսնեն, համեմատեն ու հասկանան, թե ի՜նչ մեծ ժառանգություն ունենք մենք եւ միեւնույն ժամանակ ի՜նչ անխոհեմ ենք վարվում դրա հետ: Պարոն Բաբայանն ասաց նաեւ, թե չէր ուզենա խոսել միայն ժառանգության մասին, քանի որ այսօր էլ ինքը համոզված է, որ ունենք հզոր մշակույթ: Դիտարկմանը՝ այնուամենայնիվ, շատերի համար այն, ինչ կա Էմիրություններում, իսկապես ակնահաճո է, Ռուբեն Բաբայանի պատասխանը հակիրճ էր. «Այո, ակնահաճո է, բայց միայն նրանց համար, ովքեր չունեն նաեւ ներքին մշակույթ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031