Անցած տարվա նոյեմբերի 12-ին Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնել էր Անկարա եւ բանակցություններ անցկացրել Թուրքիայի վարչապետի եւ նախագահի հետ: Ասուլիսի ժամանակ տեղի լրագրողներից մեկը իբր «հարց տվեց»՝ թե, գիտեք, Հայաստանի նախագահն ասում է, որ ոչ միայն Ղարաբաղը չի տա, այլեւ Արարատ լեռը կգրավի: Այդ «հարցի» երկրորդ մասի մեջ պարունակվող ակնհայտ ապատեղեկատվությունը մեր՝ լրագրողական ժարգոնով կոչվում է «բարձր փոխանցում», որը հնարավորություն է տալիս զրուցակցին (սովորաբար՝ պաշտոնյային) «վերեւից տոպկել»՝ վոլեյբոլում կամ թենիսում գնդակը հայտնվում է ձեռքի տակ, եւ ուժեղ հարվածի հարմար հնարավորություն է ստեղծվում: Պաշտոնական լրագրողները ամենուր, նաեւ՝ Հայաստանում, պաշտոնատար անձանց հենց այդպիսի «հրաշալի փոխանցումներ» են տալիս:
Հնարավորությունից օգտվելով՝ Ալիեւն ու Էրդողանը, ակնհայտորեն խախտելով դիվանագիտական էթիկետը, մի երկու թթու խոսք ասացին Սերժ Սարգսյանի հասցեին, իսկ հետո Ադրբեջանի նախագահը կրկնեց իր ավանդական «մանտրան» այն մասին, թե ինչպիսի հզոր պետություն է Ադրբեջանը ու որքան խեղճ ու կրակ է Հայաստանը, եւ որքան հեշտ նա, ցանկության դեպքում, կգրավի Ղարաբաղը: Ինչպես ժամանակին ասել էր ՀՀ առաջին նախագահը՝ էլ ինչո՞վ պիտի զբաղվի պարտված կողմը, եթե ոչ՝ քարոզչությամբ:
Մի խոսքով՝ որպես լրատվություն դա մի քանի ամիս առաջ, երբ իրադարձությունը տեղի էր ունեցել, հրապարակվել է: Օրերս ինչ-որ առիթով կրկին հիշատակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում եւ (ամենահետաքրքիրն այստեղ է) ակտիվորեն սկսել է քննարկվել մեր կայքերում: Տեղեկատվական առիթ առանձնապես պետք չէ. եթե ինչ-որ մեկը՝ թեկուզ Ալիեւը, երբեւէ ինչ-որ վատ բան է ասել Հայաստանի իշխանության հասցեին, դա արդեն իսկ հիշատակման արժանի է, քանի դեռ ավելի թարմ թեմաներ չկան:
Մեր պետությունն իսկապես բարվոք վիճակում չէ: Բայց դա հաստատելու համար չարժե, ինձ թվում է, լսել եւ խանդավառությամբ փոխանցել Իլհամ Ալիեւի կարծիքը, նախ՝ այն պատճառով, որ վերջինս խիստ «շահագրգռված անձ» է, եւ երկրորդ՝ նրա պետությունը ոչ մի բանով մերինից լավը չէ: 21-րդ դարում երկրի հզորությունը պայմանավորված է ոչ թե նավթի պաշարներով (որն, ի դեպ, վաղ թե ուշ կվերջանա), այլ այն քաղաքական եւ տնտեսական մեխանիզմներով, որոնք արդար եւ արդյունավետ են դարձնում հասարակական հարաբերությունները: Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը նման մեխանիզմներ չեն կարողացել ստեղծել:
Երբ կստեղծենք՝ Ղարաբաղի խնդիրներն էլ կկարողանանք լուծել: Խաղաղ, առանց որեւէ կրակոցի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
իհարեկ, դուք էլ չէիք կարող չօգտագործել “բարձր փոխանցումը”, որպեսի տոպկեիք- հավասարության նշան դնեիք Հայաստանի պետության ու Ազերիների պետուիթյան միջև:
Տոպկեք, քանի դեռ դեռ կարող եք… սորոսը ձեզ օգնական:
Համաձայն եմ հեղինակի ընդհանրացմանը,որ քաղաքական և տնտեսական մեխանիզմներով
է պայմանավորված երկրի հզորությունը:Բայց պետք է ընդունենք նաև,որ առանց տնտեսութ-
յան պետությունը չի կարող ունենալ քաղաքականություն:Աշխատանքի միջազգային բաժան-
ման գործընթացում մենք առայժմ մեր փոքրիկ,աննշան,սաղմնային վիճակում գտնվող տեղը չունենք: Եթե վաղը հրաշքով բացվեր Տավուշի մարզի 350կմ սահմանը Ադրբեջանի հետ,ինչ
պետք է մենք ցույց տայինք արդեն մշտական,հարատև դարձած մեր հակառակորդին:Մարզի
անբարեկարգ ճանապարհները,չմշակված հողատարածքները,ոչնչացված ձեռնարկություն –
ները թե դեգրադացված էկոլոգիան:Տեսանյութի ,,յոլդաշների,,անթաքույց հրճվանքը հնարա-
վոր չէ մինչև վերջ դիտել:
Միայն վերջում պետք է ավելացնեիք,որ երբեք չեն էլ ստեղծի և երբեք էլ այդպիսի հարցերը վերջնական հանգուցալուծում չեն ստանում՝համենայն դեպս մեր և Ադրբեջանի նման խաղալիք երկրների պարագայում։
Հարգարժան Արամ Աբրահամյանը հաճախ իր մեկնաբանությունների վերջում,՝ մեկ նախադասությամբ, պարզ և հասկանալի, դիպուկ տալիս է ողջ վերլուծության իմաստը, ցավոք՝
Հակոբները լինելով ծայրաստիճան հայրենասեր, չեն ընկալում գլխավոր գաղափարը։
Տոպկում են աջից, տոպկում են ձախից,
Իսկ հիմնականում տոպկում` վերևից:
Հաշիվը փոխվի կամ էլ չփոխվի` մեկ է պարտվում ես:
Ի՞նչ է պետք անել – միանշանակ` ԽԱՂԱԼ ՍՈՎՈՐԵԼ:
Մենք առ հասառակ ուրիշներուն կարծիքին շատ կարեւորութիւն կու տանք եւ կը տարուինք։
Երեխայական խաղեր են պնդել ես եմ աւելի հզօր թէ հարեւանը եւ մեզմէ կը պահանջուի սկզբունքով հակիլ մեր կողմ։ եւ այս մանկական խաղը կը շարունակուի նկարներ եւ ֆիլմեր ցոյց տալով (յաճախ բազմիցս տեսնուած)։ Մեր պարծանքի առարկաներն ալ միշտ նոյններն են (սովետի շրջանի փայլուն դէմքերու յիշատակումներով)։ Ինչպէս կրնանք որակել մեր ներկայ վիճակը։ կարելի է բաւարարուիլ կուսակցական եւ անձնական կռիւներու յիշատակումներով երբ այնքան հրատապ եւ անտանելի կացութիւն մը ստեղծուած է մեր հայրենիքին մէջ ,քիչ մը մեր ամէնուն յանձանքով։ Կարելի չէ այս հաւաքական ուժը սկսիլ կիրառել վերականգնելու համար մեր մշակոյթին եւ բնատուր յատկութիւններուն ուժով մեր ներկայ անկումային վիճակէն դուրս գալու համար։ Ըստ իս սա պէտք է ըլլայ մեր ամենագլխաւոր մտահոգութիւնը։
Կյանքում և քաղաքականության մեջ միշտ էլ խելոքները հիմարի դեր են տանելու, որ հիմարներն իրենց խելոք պատկերացնեն, որովհետև դա հիմարից ազատվելու միակ ճանապարհն է: