Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնարավորությունների սահմանը

Հունվար 31,2014 14:00

Մի օր արթնացա մի երկրում, ուր ամեն ինչ կար` հողը կար, ջուրը կար, արեւը կար, երկինքն էլ կապույտ էր ու անսահման: Այո, գրեթե ամեն ինչ կար երջանիկ լինելու համար, բայց չկար հնարավորություն մի խումբ մարդկանց համար: Եվ նրանք մի օր հավաքեցին իրենց իմաստուններին եւ ուղարկեցին երկրի թագավորի մոտ, որ նրանից հնարավորություն պահանջեն:

Թագավորն էլ հավաքեց իր իմաստուններին եւ ուղարկեց, որ հանդիպեն պահանջողներին, լսեն նրանց ու հնարավորություն տան:

– Բայց դուք վաղուց ունեցել եք հնարավորություն, մի քանիսդ նույնիսկ մի քանի անգամ,- ասացին թագավորի իմաստունները,- հիմա ի՞նչ եք ուզում:
– Այն ժամանակ մենք անփորձ էինք եւ չգիտեինք, որ մեզ տրվածը հնարավորություն է: Հետո` դա աղքատ երկրի հնարավորություն է, արդեն մաշվել-գնացել է,- ասացին պահանջող-եկողները,- մենք ձեր այսօրվա հնարավորությունն ենք ուզում:
Իսկ եթե ոչ…
– Իսկ եթե ոչ, ի՞նչ,- հարցրին թագավորի իմաստունները:
– Եթե ոչ, ուրեմն` անհապաղ,- ասացին նրանք:

– Անհապաղ հնարավոր չէ,- ասացին թագավորի իմաստունները,- ինչո՞ւ շտապել, չէ՞ որ մենք բոլորս էլ նույն ցեղից ենք: Իսկ եթե շատ եք ուզում, մի օր էլ դուք կստանաք ձեր հնարավորությունը:

– Ո՛չ, համաձայն չենք, մենք ձեր այսօրվա հնարավորությունն ենք ուզում, եթե ոչ` մեզ հնարավորություն ընդհանրապես պետք չէ,- ասացին պահանջողների իմաստունները:
Թագավորի ուղարկած իմաստունները երկար մտածեցին եւ որոշեցին գնալ-հարցնել թագավորի կարծիքը: Իսկ թագավորն այդ պահին հանգիստ նստած շախմատ էր խաղում Չինաստան մեծ երկրի թագավորի հետ: Եվ երբ պատվիրակ-իմաստունները մտան ներս, լսեցին, թե ինչպես իրենց թագավորը Չինաց թագավորին ասաց` շախ:

– Մի՞թե էլ ուրիշ հնարավորություն չունեմ,- զարմացած հարցրեց Չինաց մեծ երկրի թագավորը:

– Ունե՛ք, իհարկե, Ձերդ գերազանցություն, հնարավորությունները շատ են, բայց մենք մեր խաղադաշտում մեր զինվորն ունենք:

Եվ թագավորի հանձնակատար իմաստունները, լսելով իրենց արքայի այդ պատասխանը, առանց հարցեր տալու հեռացան: Գնացին` մտածելով իրենց վաղվա հնարավորությունների մասին:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031