Հատված ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հարցազրույցից:
– Հայաստանում շատերն են քննարկում, թե ինչու մեզանում Մայդան չի լինում։ Ձեր դիտարկմամբ՝ որքա՞ն է հավանական նման հեղափոխական իրավիճակ Հայաստանում։
– Նախ, համաձայն չեմ, որ Հայաստանում Մայդան չի լինում։ Այլ բան է, թե դա ում ճաշակով է։ Օրինակ, 2008-ի փետրվարի վերջին մեզ մոտ իրավիճակը լիովին մայդանային էր։ Պարզապես այն հաջորդեց ընտրություններին ու, չգիտես ինչու, դիտվեց որպես քաղաքական առճակատում կուսակցական խմբերի միջև։ Մարդիկ չէին կանգնել կոնկրետ մի քաղաքական ուժի հետևում, այլ գործող իշխանության սկզբունքներին ու կարգին էին դեմ։ Մեծ հաշվով, դա քաղաքացիական երևույթ էր։ Այնպես որ, չեմ կարծում, թե Հայաստանում սկզբունքորեն չի ձևավորվում հեղափոխական իրավիճակ։
Խնդիրն այն է, որ Ուկրաինայի այսօրվա իրադարձությունները ծավալվեցին Մաքսային միությանն անդամակցելու առիթով և ունեցան նաև այլ բովանդակություն։ Յանուկովիչյան իշխանությունից ուժասպառ եղած ժողովուրդը ոտքի կանգնեց, տարբեր բևեռներ ստեղծվեցին։ Եթե համեմատում ենք մեր և Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացները, կոռեկտ չէ զուգահեռներ անցկացնելը։
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ, ի՞նչ տարբերություններ կառանձնացնեիք։
– Կան մի քանի պատճառներ, որոնց զգալի մասը օբյեկտիվ է։ Ուկրաինան փակ սահմաններ չունի, իսկ մեր սահմանների 80 տոկոսը փակ է։ Ուկրաինան աշխարհագրորեն «կպած» է Եվրոպային, իսկ Հայաստանը նույնիսկ Ռուսաստանին «կպած» չէ, էլ ուր մնաց՝ Եվրոպային։ Ուկրաինան շրջապատված չի իսլամական և թշնամական երկրներով, եթե այդպիսին չհամարենք Ռուսաստանը։ Այնուամենայնիվ, Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ ոչ մի աղերս չունեն։ Վերջին հաշվով Ուկրաինան պատերազմական իրավիճակում կամ դրա սպառնալիքի տակ գտնվող երկիր չէ։ Իհարկե, շատերը չեն բացառում, որ Ռուսաստանը Ուկրաինային պատերազմ կհայտարարի, բայց սա ուղղակի սպառնալիք չէ, իսկ մենք կասեցված պատերազմական վիճակում ենք։ Ուկրաինան ունի ուժեղ տնտեսություն, իսկ մենք չունենք։ Հայաստանի ժողովուրդը, այնուամենայնիվ, բավականին սթափ գիտակցում է կովկասյան տարածքում իր անկլավային վիճակը, որի իրական վերահսկումը իրականացնում են Թուրքիան և Ռուսաստանը, ըստ իրավիճակի՝ նաև ԱՄՆ-ն ու մյուսները։ Ուկրաինան նաև, ի տարբերություն Հայաստանի, չունի այնպիսի հարևաններ, որոնք իրար հետ խնդիր ունեն։
– Փաստորեն, հաշվի առնելով Ձեր թվարկած պատճառները, Հայաստանի ընդդիմությունը չի՞ կարող շոշափելի արդյունքներ արձանագրել։
– Հայաստանի ընդդիմությունը, այդ թվում՝ քաղաքացիական ըմբոստացումները և քաղաքական կուսակցությունները միշտ ունեն ինքնազսպման մի առարկա, որը թույլ չի տալիս ըմբոստությունը հասցնել տրամաբանական ավարտի։ Տագնապը շատ առարկայական ու իրական է, դրան զուգահեռ և՛ իշխանությունը, և՛ ժողովուրդը շատ սթափ գիտակցում են, որ Ռուսաստանը որոշակի իրավիճակում կարող է Ադրբեջանի միջոցով պատերազմ սկսել։ Այս մասին իշխանությունները շատ հաճախ հիշեցնում են ժողովրդին։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում