Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես գնահատել գիտնականի աշխատանքը

Հունվար 31,2014 14:15

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են
Գիտության առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը եւ աստղագետ Արեգ Միքայելյանը:

Արամ Աբրահամյան.– Կա՞ն արդյոք գիտնականի աշխատանքի օբյեկտիվ գնահատման չափանիշներ: Օրինակ բերեմ իմ մասնագիտությունից. լրատվամիջոցի կամ հոդվածի հաջողությունը երբեմն պայմանավորում են դիտումների քանակով: Բայց նախ՝ պարզ է, որ Քիմ Քարդաշյանի մասին հոդվածը ավելի շատ կկարդան, քան նույնիսկ համաշխարհային նշանակության որեւէ գյուտի մասին: Երկրորդ՝ ես կարող եմ թրաֆիկ գնել եւ արհեստականորեն բարձրացնել դիտումների քանակը: Ձեզ մոտ ինչպե՞ս է:
Հարություն Կարապետյան.- Մեզ մոտ կան հղումների բազաներ. դա կարելի է համարել գիտական գործունեության արդյունքի գնահատականը, որը տալիս են նեղ մասնագետները, այն մասնագետները, որոնք այդ հոդվածով, արդյունքով հետաքրքրված են ու հղում են անում:

Ա. Ա.– Իսկ հնարավո՞ր է խաբել, կեղծել, այդ հղումները կազմակերպել:

Հ. Կ.- Հնարավոր է, ու Հայաստանում նման դեպք եղել է: Եթե ձեր ազգանունը մի քանի ձեւով եք գրում, ու ձեր ինքնահղումները գումարվեն ձեր հղումների քանակի վրա, այդ դեպքում կարելի է արհեստականորեն մեծացնել հղումների քանակը: Բայց իմ ուսումնասիրություններում միայն մի դեպք եմ նկատել: Այդ սուտը շատ արագ բացահայտվում է:

Ա. Ա.– Կարո՞ղ ենք ասել, որ դրանք ամենաօբյեկտիվ չափանիշն են գիտական աշխատանքի գնահատման:

Արեգ Միքայելյան.– Փորձում ենք դրան մոտենալ՝ ինչ-որ չափանիշներ անընդհատ մշակելով, հղկելով: Բայց կատարելապես օբյեկտիվ չի, որովհետեւ հոդվածի բնույթից կախված՝ կարող են հղումներ շատ լինել կամ քիչ: Օրինակ՝ մեր աստղագիտության օրինակը բերեմ. եթե կատալոգ է հրատարակված, կարող են հազարավոր հղումներ լինել դրա վրա: Բայց մեկ այլ դեպքում էլ՝ նեղ մասնագիտական հանրությունը, որը զբաղվում է տվյալ խնդրով, կարող է շատ փոքր լինել աշխարհում. մենք ունենք այդպիսի նեղ բնագավառներ, որ աշխարհում 3-4 խումբ է զբաղվում դրանով եւ գումարային՝ 15-20 գիտնական, դա վատ գործ չէ: Հղումները քիչ են, բայց դա չի նշանակում, որ դա վատ աշխատանք է:

Հ. Կ.- 100 տոկոսանոց օբյեկտիվություն հնարավոր չէ ապահովել՝ համամիտ եմ: Գիտաշխատողին, բոլորն էլ հասկանում են, պետք է համեմատել իրենց բնագավառի մեջ լավ ու վատը, ոչ թե գինեկոլոգիան համեմատել աստղագիտության հետ: Իհարկե, միայն հղումները քիչ են, դրա հիմքի վրա ձգտում են ավելի իդեալականին ու մշակում են տարբեր ինդեքսներ:

Ա. Ա.– Մեզ մոտ կա չափանիշների ինչ-որ համակարգ, որ կոչվում էր գիտությունների թեկնածու, դոկտոր՝ դեռ խորհրդային ժամանակներից եկած: Ես, օրինակ, պաշտպանել եմ խորհրդային ժամանակներում, բայց երբեմն ամաչում եմ խոստովանել, որ արվեստագիտության թեկնածու եմ, որովհետեւ այդ աստիճանները ակնհայտորեն արժեզրկվել են, դրանցով որեւէ բան չի որոշվում:

Ա. Մ.– Գիտական աստիճաններից այդ երկուսն են դեռեւս պահպանվում, շատ կան խոսակցություններ, որ ուզում են անցնել մեկ աստիճանի համակարգի, ինչպես շատ երկրներում, Phd են կոչվում, մոտավորապես՝ գիտության դոկտոր: Ես զարմանում եմ վերջերս, թե ինչո՞ւ են շատ մարդիկ ձգտում այդ աստիճանները ձեռք բերել, դա ամբիցիաների՞ հարց է, թե՞ մեր հայկական ցուցամոլությունն է, որ ամենուրեք զգացվում է: Ուզում են «կպցնել»՝ ոնց որ մեդալներն են կպցնում, դա պատվավոր բան է իրենց համար: Բայց սկզբունքորեն գիտության մեջ դա նորմալ ճանապարհ է, որն անցնելուց հետո մարդը համարվում է ինքնուրույն գիտաշխատող, որը կարող է սեփական պրոյեկտը ունենալ, խումբ ունենալ, երիտասարդներ պատրաստել եւ այլն: Ես այդպես ցավալի չէի նայի դրան, եթե իրոք չչարաշահեին: Հայաստանում ամեն ինչը սկսում են աղավաղել:

Քննարկումն ամբողջությամբ

 

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. bzjackal says:

    Կարծում եմ, որ գիտական աստիճանների «ինֆլյացիայի» հետ կապված մտահոգություններն ու, երբեմն, խուճապը չափազանցված են:
    Իհարկե, «անարդարության (կամ արդարության) զգացողությունը» բարեխիղճ գիտնականների մոտ սովորաբար ավելի սուր է, և բողոքն ու մտահոգությունը հասկանալի է: Բայց եթե այդ բարեխիղճ գիտնականները փորձեն պրակտիկ լինել (ինչը, ցավոք, ոչ միշտ և ոչ բոլոր նրանց է հատուկ), ապա կտեսնեն, որ այդ «ինֆլյացիան», ինչքան էլ որ անարդարացի, շատ մեծ վտանգ չի պարունակում:
    Այսպես.
    1. Բոլոր՝ քիչ թե շատ ակտիվ գիտնականները Հայաստանում շատ լավ գիտեն (և կարող են հարկ եղած դեպքում իմանալ) , թե ով՝ ինչպես է պաշտպանել թեզը և կամ թե ինչքանով են նրա գիտական աշխատանքն արդյունավետ, արժանահավատ և օգտակար: Վերջին հաշվով, եթե գիտնականին սա է հետաքրքրում, ապա նա չի շփոթվի:
    2. Եթե հարցին նայենք «արտասահմանում հայկական գիտական աստիճանի հեղինակությանը վնասելու» տեսանկյունից, ապա, իմ դիտարկմամբ, այդ չինովնիկ-թեկնածուները կամ ցուցամոլ-թեկնածուները (ինչպես կանվանեք) կարծես թե այդքան էլ չեն շտապում իրենց «գիտական գործունեությունը» ծավալել արտասահմանում և ուղղակի չեն հասցնում հեղինակազրկել հայկական դիպլոմը: Համենայն դեպս՝ բնական ու ճշգրիտ գիտությունների բնագավառում դա այդպես է: Միգուցե սոցիոլոգիայի, հոգեբանության և հարակից բնագավառներում «самораскрутка»-ն՝ դիպլոմի տեսքով, դեր է խաղում, բայց համաձայնեք, որ այս վերջին դեպքում նույն Եվրոպայում կամ ԱՄՆ-ում վիճակը շատ չի տարբերվում մեր վիճակից:

    Ինչ վերաբերում է պաշտոնյաների ու «լավ տղաների տղաների» այս հանկարծահաս կոչումների ծարավի պատճառներին, ապա համարձակվեմ մի հատ այսպիսի վարկած առաջ քաշել.
    Հաշվի առնելով, որ այդ «թեկնածուական կոչումները» սրանք հիմնականում ստանում են տնտեսագիտության և հումանիտար բնագավառներում (որտեղ անհամեմատ ավելի հեշտ է երկար խոսելը, քան, օրինակ, ֆիզիկայի բնագավառում), իմ կարծիքով սրանք պատրաստվում են ինչ-որ փողերի լվացման կամ կեղծ հայտարագրերի՝ «այսինչ ԲՈՒՀ-ում լեկցիաներ կարդալու հոնորարների» և նմանատիպ «հոնորարների» տեսքով: (Սկոլկովոյի օրինակով):
    Այսինքն՝ Տարոն Մարգարյանն, օրինակ, արդեն ցույց կտա, թե որտեղից է հաջողվում գումարներ վաստակել՝ առանց ավելորդ անհարմարությունների:

    P.S. Եթե իմ «վարկածը» ճիշտ չէր ու միայն հուշեց տվյալ մարդկանց, թե ինչպես կարելի է օգտագործել դիպլոմը, ապա իմ հասցրած վնասը, թերևս, ավելի շատ լինի, քան նրանց դիպլոմներից սպասվողը: Վերջինում, չնայած, կասկածում եմ, քանի որ նմանատիպ հարցերում այս մարդիկ իսկական դոկտորներ են:

Պատասխանել