Երեկ ԵԽԽՎ-ն ընդունեց սիրիացի փախստականների միջազգային աջակցության կազմակերպման մասին բանաձև:
ՄԱԿ-ի փախստականներ գծով գերագույն հանձնակատարի տվյալների համաձայն` 2.2 միլիոն սիրիացիներ լքել են Սիրիան` ապաստան գտնելով հարևան երկրներում: Նույն կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` շուրջ 6.8 միլիոն սիրիացիներ ունեն մարդասիրական օգնության կարիք:
Վեհաժողովի ընդունած բանաձևում շեշտադրում է կատարվում այն հանգամանքի վրա, որ սիրիացի փախստականների հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ մշակվեն սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ:
Ընդունված բանաձևում Վեհաժողովը ողջունում է Սիրիայի խնդրով միջազգային խաղաղասիրական համաժողովի կազմակերպումը և հույս հայտնում, որ այդ համաժողովի արդյունքում կգտնվեն սիրիական հակամարտության լուծման ճանապարհներ:
Վեհաժողովը մտահոգություն է հայտնում, որ ԵԽ անդամ երկրներն ընդհանուր քաղաքականություն` սիրիացի փախստականներին աջակցելու համար չեն մշակել, այլ օգնությունը հիմնականում կրում է անհատական բնույթ:
Վեհաժողովը կոչ է անում անդամ երկրներին ապահովել սիրիացի փախստականների աջակցություն` ՄԱԿ-ի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն (Ժնև 1951), և փախստականներին իրենց երկրներում աշխատանքի իրավունք տալ, խուսափելով «տրանզիտ վիզաներից»` ապաստան հայցող սիրիացի փախստականներին ապահովել ապաստանով, հեշտացնել սիրիացի փախստական ընտանիքների միավորման հարցը, ապահովել մարդասիրական կազմակերպություններին համապատասխան ռեսուրսներով, որպեսզի օգնություն ցուցաբերեն սիրիացի փախստականներին, ապահովել սիրիացի փախստականներին, ինչպես նաև Սիրիայում գտնվող անձանց սնունդով, հագուստով, կացարանով, առողջապահական համապատասխան ծառայություններով:
Բանաձևի եզրափակիչ հատվածում կոչ է արվում ԵԽ անդամ երկրներին իրենց երկրները բաց պահել սիրիացի փախստականների համար:
Տարթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ