Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՃԱՐ ԵՎ ՏԱՂԱՆԴ

Հունվար 31,2014 10:17

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսունութերորդ

ՀԱՆՃԱՐ ԵՎ ՏԱՂԱՆԴ

Եվ Արիկն Անանիային հարցրեց՝ «բայց ինչի՞ ես կարծում, որ Ջավախյանի առեւտրական գործունեությունը փորձություն ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «բայց ինչի՞ ես համոզված», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ շատ ծանր գործ ա», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով Անանիային հարցրեց՝ «ի՞նչն ա ծանր գործ», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «քո էդ արծաթավաճառությունը» եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «փորձել ե՞ս, որ ասում ես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «նույնիսկ վախեցել եմ փորձեմ», եւ Ջավախյանը ժպտալով Անանիային հարցրեց՝ «դրա մեջ վախենալու ի՞նչ կա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացեց՝ «մի մոմենտ էղավ, որ ես էլ էի ուզում ամեն ինչի վրա թքեմ ու արծաթավաճառությամբ զբաղվեմ», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «բա ինչի՞ չթքեցիր», եւ Անանիան մի քիչ մտածեց ու գլուխը կախելով ասաց՝ «դուխս չհերիքեց», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «արծաթավաճառության մեջ ի՞նչ դուխի հարց կա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզվում ա՝ լավ էլ կա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի դուխի հարց էլ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքը որ ստիպի՝ ամեն գործ էլ կանես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքը լավ էլ ստիպում էր, բայց դուխս չհերիքեց», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «էդ նշանակում ա՝ լավ չի ստիպել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կյանքը որ ստիպում ա, փախնելու տեղ չես ունենում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ես փախա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «որ փախել ես, էդ նշանակում ա՝ փախնելու տեղ ես ունեցել» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «ես փախնելու տեղ չունեի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «դուխի հարց էլ կա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Անանիային ասաց՝ «քո դուխն էլ ընենց հարցերում ա պատում, որ իմը չի պատի», եւ Անանիան հարցրեց՝ «ի՞նչ հարցերում ա պատում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ինձ մորթեն, էդ քաղծառայողի քննություններին չեմ կարա մասնակցեմ», եւ Անանիան մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «դժվարը մի քանի անգամն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արծաթավաճառության դժվարն էլ առաջին մի քանի ամիսն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հետո կամաց-կամաց վարժվում ես», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «բայց հոգով գոնե մի քիչ առեւտրական պիտի ըլնես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլոր մարդիկ էլ հոգով որոշ չափով առեւտրական են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը՝ մի քիչ, մյուսը՝ ավելի շատ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Անանիայից ի՞նչ առեւտրական. ինքը հավատացյալ մարդ ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «էն վախտ որ որոշել էի արծաթավաճառությամբ զբաղվեմ, մեջս հավատքի նշույլ չկար», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «բա ի՞նչը խանգարեց», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում եմ՝ դուխս չհերիքեց», եւ Արիկը ծիծաղելով ասաց՝ «պարզվում ա՝ մեջներիս ամենադուխով տղեն Ջըվախանց Լյովիկն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Անանիան մի հատ անկապ բան ասեց, դուք էլ հաստատում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արծաթավաճառությունը դուխի հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուղղակի պիտի էրեսդ պադոշ անես ու չամաչես», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց չամաչես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չամաչես, որ առեւտուր ես անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդ կա՝ ամաչում ա», եւ Արիկը հարցրեց՝ «ո՞վ ա ամաչում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատերը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի դու էլ կամաչես», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ումի՞ց պիտի ամաչեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ ուսանողներիցդ», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ արծաթավաճառությամբ զբաղվեմ, էլ հո դասախոս չեմ աշխատի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկ ա՝ նախկին ուսանողներիցդ էլ կամաչես», եւ Արիկը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «իմ փոխարեն իզուր ես ենթադրություններ անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած… կարող ա ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մինչեւ չփորձես, հաստատ ոչ մի բան չես կարա ասես», եւ Ջոնը խոսեց ու ասաց՝ «ամենակարեւորը մոռանում եք», եւ Արիկը հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «ամենակարեւորը առեւտրականի տաղանդն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առեւտրականի համար տաղանդը երեւի պարտադիր պայման ա», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես, ադա», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զգացել եմ», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ց ես զգացել», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ Վերնիսաժում մոտդ մի քանի րոպե կանգնել եմ, զգացել եմ», եւ Ջավախյանը Ջոնին հարցրեց՝ «ի՞նչ ես զգացել», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «զգացել եմ, որ առեւտրականի տաղանդ ունես», եւ ես ժպտալով Ջոնին ասացի՝ «սխալ ես զգացել», եւ Ջավախյանը ժպտալով ինձ ասաց՝ «նախանձեցի՞ր, ադա», եւ Հայկունին ժպտալով ինձ ասաց՝ «հո գրողական տաղանդ չի ասում, որ վռազ նախանձում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդհակառակը. որ գրողական տաղանդ ասեր, կհամաձայնվեի», եւ Հայկունին ինձ հարցրեց՝ «բա ինչի՞ն համաձայն չես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «համաձայն չեմ, որ Ջավախյանը, որպես առեւտրական, տաղանդավոր ա», եւ Անանիան ապշահար ինձ հարցրեց՝ «ո՞նց համաձայն չես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հենց ըտենց», եւ Անանիան զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «առաջինը դո՛ւ ես ինձ էդ բանն ասել», եւ ես ժպտալով Անանիային հարցրի՝ «քեզ ի՞նչ եմ ասել», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասել ես, որ Ջավախյանն առեւտրի ասպարեզում տաղանդ ա», եւ ես ժպտալով Անանիային ասացի՝ «ես քեզ ըտենց բան չեմ ասել», եւ Անանիան ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «բա ի՞նչ ես ասել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ասել եմ, որ Ջավախյանն առեւտրի ասպարեզում հանճար ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց Ջավախյանին ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «կներես, Լեւոն ջան», եւ Ջավախյանը զարմացած նայեց Անանիային ու հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Անանիան մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Արմենի ասածը նենգափոխելու համար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը հանճար ա ասել, ես փոքրացրել՝ դարձրել եմ տաղանդ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «տաղանդից էլ ենք գոհ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «իսկականից հանճար ե՞ս ասել, ադա», եւ ես ժպտալով Ջավախյանին հարցրի՝ «կարող ա՞ սխալ եմ ասել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «դու որ մի բան հաստատ չիմանաս, դժվար թե ասես», եւ Հայկունին ժպտալով ինձ ասաց՝ «մի քիչ չափազանցրել ես, բայց ոչինչ. մեր Ջավախյանն ա, օտար մարդ չի», եւ Ջավախյանն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «հեչ էլ չի չափազանցրել» եւ մի քիչ մտածեց ու փռկացնելով ավելացրեց՝ «ուղղակի բնագավառներն ա շփոթել» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որ գրականության գծով ինձ հանճար ասեր, երեւի ավելի կբռներ», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «լեզուն դժվար թե բռնի՝ գրականության գծով քեզ հանճար ասի»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031