Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միտք չունենք հաշտվելու պարտադրանքի հետ»

Հունվար 30,2014 20:21

«Ամեն ինչ պետք է անենք, որ պարտադիրը, պարտադրանքը վերացվի: Մեզ ոչ ոք չպետք է պարտադրի: Մենք միտք չունենք հաշտվելու պարտադրանքի հետ»:

Այդ մասին այսօր Վանաձորում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վանաձորյան նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանը:

Hovhannes-Xazaryan

Նա նկատեց, որ օրենքի պարտադիր բաղադրիչը չի բխում ոչ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքից, ոչ էլ  շահերից:

«Օրենքի բացասական կողմերից մեկն այն է, որ աշխատավարձը յուրաքանչյուր անձի սեփականությունն է, մեր Սահմանադրությունը սահմանում է, որ ոչ ոք իրավունք չունի անձի սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարել, սեփականության իրավունքը պաշտպանված է մայր օրենքով, եւ սեփականության նկատմամբ որոշակի կիրառումներ կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ»:

Բացի այդ` ըստ Հովհաննես Ղազարյանի` օրենքի ընդունման ընթացքում չեն կազմակերպվել, չեն ապահովվել հանրային քննարկումներ, որոնց  ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերը հանդես կգային  իրենց դիրքորոշումներով, մտավախություն կարտահայտեին եւ կփորձեին ընդհանուր հայտարարի գալ որոշում ընդունողների հետ:

«Ավելին, ներկայացվում է հինգ տոկոս, սակայն, իրականում հինգ տոկոս չի պահվում: Գումարը պահվում է մաքուր աշխատավարձից, որի հետեւանքով այն գերազանցում է հինգ տոկոսը»,-նշում է Հովհաննես Ղազարյանը:

Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վանաձորյան նախաձեռնության անդամ Ռազմիկ Էվոյանն էլ հավելում է, որ օրենքում պարտադրանք չպետք է լինի:

Razmik-Evoyan

«Պարտադիր բաղադրիչը պետք է պարտադիր չլինի: Հասկանում ենք, որ անհրաժեշտ է  կենսաթոշակային ֆոնդ ստեղծել, ավելացնել այդ ֆոնդը, որպեսզի ավելի բարեկեցիկ ծերություն ապահովվի քաղաքացու համար, բայց երբ որ իշխանությունը իր նախաձեռնությամբ կպչում է նաեւ քաղաքացու սահմանադրական իրավունքին, քանի որ ստիպում է, պարտադրում է` իր սեփական միջոցները չգիտես ինչ հիմնադրամների միջոցով կուտակել,այն դեպքում, երբ  այդ հիմնադրամը ոչ լրիվությամբ պետք է գործի ՀՀ-ի ներսում. կա որոշակի տոկոսային հարաբերություն: Բացի այդ մեր կառավարությունը բավարար երաշխիք չի տալիս այդ ֆինանսական միջոցների համար»,-ասում է քաղաքացիական նախաձեռնության անդամը:

Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում են անց կացնել տարբեր բնույթի խաղաղ ակցիաներ, երթեր, հավաքներ:

«Եթե ՍԴ-ն սահմանադրական համարեց օրենքը,  մենք էլի շարունակելու ենք պայքարը: Այս դեպքում ստիպված կլինենք ընտրելու քաղաքացիական անհնազանդության ճանապարհը: Եթե այս միջոցներն օգուտ չտվեցին, մենք անցնելու ենք կոշտ միջոցների»,-եզրափակեց  Հովհաննես Ղազարյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031