Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական հրամանատարը. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Պետրոս Ղեւոնդյանի ծննդյան 50-ամյակի միջոցառմանը

Հունվար 30,2014 19:39
Hrant Margaryan

Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդյան 50 – ամյակն է. իսկ  այս տարի նրա մահվան 20 – րդ տարելիցն է։ Բայց որքան թարմ է մեր հիշողության մեջ նա։ Մեր հիշողության մեջ հաճախ միասին են՝ Պետոն, Կարոտը և Հրաչը։

Այժմ երեքն էլ վերածվել են խորհրդանիշի. գերված Կարոտը՝ գերված Շահումյանի ու Գետաշենի,  դեռեւս պաշտոնապես հերոսի կոչում չստացած, բայց իրա՛վ  Հերոս Պետոն՝ հաղթանակած Արցախի, որ իր իրավական հաղթանակին է սպասում, իսկ Հրաչը՝ թշնամուն հաղթած, սակայն զոհ դարձած վատին ու ստորին, պետականության անարդար պայմաններում ու ազգային ինքնուժը մսխող մեր իրականության մէջ։

Նրանց հիշատակը մեզ մոտ վառ է ու առօրյա, հատկապես երբ դեռ գերված է հայկական հողը, երբ դեռ թշնամին նենգ ներկայություն է մեր սահմաններին, երբ մեր կյանքում դեռեւս չկա արդարություն, չկա զորեղ,  կազմակերպված, արդարամիտ եւ հոգատար հայկական պետականություն։

Կարոտը, Պետոն, Հրաչը ու նրանց հետ հազարավոր մեր ընկերները Արցախի ազատամարտին մասնակցեցին՝ ժողովրդային պոռթկումը քարերով կռվից հասցնելով Ազգային Ազատագրական Պայքարի մակարդակի։ Ինքնապաշտպանական խմբերից մինչև պարտիզանական խմբեր եւ  մինչև հայոց Բանակի ստեղծում ու Արցախի ազատագրում։

Պետոն ներկա է եղել Արցախի ազատագրական պայքարի բոլոր հանգրվաններում։ Նա հենց այնպես ներկա չի եղել Արցախի ազատամարտում։ Առաջին օրից նա իր զինակից ընկերների հետ ծրագրել,  կազմակերպել, իրականացրել եւ ոգի է տվել այդ պայքարին։ Անկախ նրանից  եղել է շարքային զինվոր, դասակի հրամանատար, թե գումարտակի փոխհրամանատար, նա միշտ էլ եղել է մեր բոլորի հրամանատարը, իրակա՛ն հրամանատարը։  Իր անմնացորդ նվիրումով, անհատնում էներգիայով, համեստ պահվածքով նա կենդանի օրինակ էր բոլորի համար, մարդ՝ որ հրամանատարությունը չեր պարտադրում ձեւական պահվածքով ու պաշտոնականությամբ, այլ՝ իր իսկ օրինակով եւ առանց զգացնել տալու՝ մղում էր զինվորին իրականացնելու բոլոր հրամանները։

Մեր ընկերները՝ Պետոյի, Հրաչի, Թաթուլի, Արթուրի, Վարդանի եւ մյուս հարյուրավոր մեր նահատակ ընկերների գլխավորությամբ մարտի դուրս եկան, որպեսզի ազատագրեն հայկական հողը, որպեսզի վերջ դնեն հայ ժողովրդի 9-դարյա անկման ընթացքին, որպեսզի հաղթեն անարդարությանը, թշնամուն, որպեսզի այլեւս մեզ ոչ ոք ու նաեւ մենք մեզ չընկալենք իբրեւ կոտորվող, գաղթող ժողովուրդ, այլ՝ մարտնչող մի ժողովուրդ, որ ընդունակ է հաղթելու իրենից շատ ավելի մեծ ուժին, որ կարող է իր հայրենի գյուղերն ու ավանները ազատագրել, կարող է Արաքսն էլ անցնել ու վերջապես՝ մի օր իրականություն դարձնել Ազատ Անկախ Միացյալ Հայաստանի ազգային երազանքն ու նպատակը։

Մեր կազմակերպության ներքին շաղախը ծրագրի, կանոնագրի, արժեքների հետ միասին եղել են մեր նահատակները։ Մենք դեռ օրին հայտարարել ենք՝ մեր գերխնդիրը Արցախն է եւ  մենք հավատարիմ ենք մնացել մեզ, այսօր էլ նույնն է եւ ոչ մի բան չի կարող պատճառ հանդիսանալ՝ որ մենք կորցնենք այն ինչ ձեռք ենք բերել մեր ընկերների կյանքի գնով։

Մենք սովորել ենք հայրենիքին ծառայել անմնացորդ նվիրվածությամբ, մենք ոչ մեկի համար չենք կռվել, այն ինչ արել ենք՝ արել ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար։ Մեր կատարած գործը մեզ արտոնություններ չի տալիս, մենք մեր հպարտությունը սակարկության նյութ չպետք է դարձնենք, մենք ապրում ենք մեր ժողովրդի պես ու նրա հետ միասին պետք է ազատագրվենք բոլոր տեսակի կապանքներից, նրա հետ միասին պետք է բարելավենք մեր կյանքը։ Թող ոչ ոք, խաղաղ այս պայմաններում, չշեղվի այն բարոյական ուղուց, որ պետոների հետ քայլել ենք միասին, թող ոչ ոք ականջ չկախի հակակուսակցական քարոզչությանը, հակակուսակցականությունը ևս կուսակցականություն է։ Թող ոչ ոք ազատամարտիկների անունը շահարկելով չփորձի նոր կուսակցականություն խաղալ։ Այն դրոշը, որ մեզ առաջնորդեց Արցախի ազատագրության, այդ նույն դրոշը մեր երկրում հաստատելու է արդարություն, ազգային պետականություն և բարօրություն։

Փառք բոլոր նահատակներին

Փառք մեր նահատակ ընկերներին

Փառք Պետոյին։

 

ՀՅԴ Մամլո Դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031