Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազնը» «Զորակն» հիմնադրամի հետ երբեւէ որեւէ խնդիր չի՞ ունեցել

Հունվար 30,2014 19:10

«Դեկտեմբերի 2-ին ցույցի հետ կապված ակտիվիստները բողոք են ներկայացրել, որ «Հայազն»  կուսակցության 2 անդամներն իրենց ծեծել են, բայց բավականին հակասական բաներ ասելուց բացի՝ առերեսման ժամանակ Արմեն Մկրտչյանին ասել են, որ ինքն ընդհանրապես այնտեղ չի եղել. ուրիշ Արմեն է եղել՝ ավելի հասակով, այլ շորեր հագած: Մի խոսքով՝ մի անհեթեթ գործ է, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ ակտիվիստներն ուզում են ավելի ճնշված իրենց ներկայացնել. հավանաբար, գրանտներ ստանալու խնդիր ունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:

Անդրադառնալով «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի հետ կոնֆլիկտներին՝ Արմեն Աղայանը նշեց, որ կոնկրետ «Զորակն» հիմնադրամի հետ երբեւէ որեւէ խնդիր չեն ունեցել, միայն հիշատակել են, որ դանակահարողն այնտեղ է աշխատել եւ փորձել են ճշտել կապը նախագահականի հետ .

«Կապը բոլորի համար ակնհայտ է՝ «Զորակն» հիմնադրամն երկար ժամանակ գոյություն ունի, բայց ինքը ակտիվ չէր, հենց Կարեն Վրթանեսյանը՝ երեւի թե հիմնադրամի ղեկավարը, սկսեց կապ ունենալ նախագահականի հետ, «Զորակնը» սկսեց բուռն գործողություն ծավալել: Մեզ «Զորակնը» ըստ երեւույթին չի հետաքրքրում, որովհետեւ «Զորակն» չի կռվել, մենք ընդհանրապես ոչ մեկի հետ չենք կռվել»:

Պարոն Աղայանը կարծում է, որ Կարեն Վրթանեսյանը օգտագործել է իրենց հայտարարության մի տողը ցույց տալու համար, որ իբր «Հայազնը» «Զորակն» հիմնադրամի հետ խնդիրներ ունի: Նա նաեւ ենթադրում է, որ դանակահարողը, ով հանդիսանում է հիմնադրամի գործադիր տնօրեն, զոհ է, քանի որ իշխանական մթնոլորտը շատ անձնավորված է.

«Մենք մինչեւ հիմա չենք էլ հասկացել՝ սա պլանավորված գործողությո՞ւն էր պրովոկացիոն բնույթի, թե ընդամենը մի մարդու ոչ ադեկվատ ռեակցիա էր: Տվյալ դեպքում ոչ թե գործադիր տնօրենը, այլ Վրթանեսյան Կարենը ավելի սերտ կապեր ունի նախագահականի հետ, եւ դա հպարտության առիթ է նրա համար, ինչպես նաեւ տարբեր մարդկանց իր կողմը քաշելու միջոց, միայն թե հանկարծ ոչ մի հայրենասեր երիտասարդ չհամալրի ընդդիմության շարքերը, բնականաբար, ոչ թե լիբերալ ընդդիմության այլ ավելի ազգայնական ընդդիմության, եւ այս կամ այն կերպով կախված լինի իշխանությունից»:

«Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը «Հայազն» կուսակցության մասին վերջերս է լսել՝ կոնֆլիկտից հետո, դեպքից հետո էլ հայտարարությամբ հանդես չեն եկել, քանի որ թշնամաբար չեն տրամադրված: Նա Aravot.am-ին հայտնեց, որ «Զորակն» հիմնադրամը տարիների պատմություն չունի. ստեղծվել է մոտ 1 տարի առաջ.

«Մեր հիմնադրամը որեւէ պետական կառույցի կողմից չի հովանավորվում, չի ֆինանսավորվում: Մենք ունենք անհատ դոնորներ, ընկերներ, հիմնադիրներ, ովքեր, հասկանալով հիմնադրամի գործունեության կարեւորությունը օգնում են թե՛ ֆինանսապես, թե՛ նյութապես, որպեսզի հիմնադրամը իր գործունեությունը ծավալի: Մեր հիմնադրամը կապ չունի ո՛չ նախագահականի, ո՛չ էլ որեւէ պետական կառույցի հետ»:

Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ «Հայազն» կուսակցությունը հակասում է ինքն իրեն, քանի որ նախկինում հայտարարել էին, որ «Զորակնի» հետ տարիների կոնֆլիկտ ունեն: Նա նշեց, որ ինքը հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձու, իսկ հոգաբարձուները որոշում են հիմնադրամի ռազմավարությունը. առօրյա կառավարման հարցերով զբաղվում է գործադիր տնօրենը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031