Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցեցին Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիսությանը հրավիրված էին նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը, Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամավորները, Թեհրանի հայոց Թեմի ազգային մարմինների, «Ալիք» հաստատության և ազգային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց՝ ի հիշատակ հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսանտներին հետ մղելիս հերոսաբար զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի:
Իրանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ մեկնարկած ծրագրին հաջորդեցին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի և դեսպանության զինվորական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանի՝ հայոց բանակի անցած ուղու մասին ելույթները:
ՀՀ ԱԳՆ