Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կրքեր. ԲՀԿ-ին փաստի առա՞ջ են կանգնեցրել, թե՞ նման պայմանավորվածություն չի եղել

Հունվար 30,2014 17:58

«Այն ժամանակ անձամբ ԲՀԿ ղեկավարը ամենաբարձր քաղաքական մակարդակների հանդիպումների ժամանակ ասել է, որ մենք դեմ չենք կենսաթոշակային բարեփոխմանը, մենք դեմ ենք պարտադիր բաղադրիչին»,-խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի մասին՝ այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա մանրամասնելով շարունակեց. «Մենք ասում ենք, որ այսօր մեկ միլիոն մարդուց աղքատության, 45 հազար դրամ աշխատավարձի պարագայում ամսական 5-6 հազար դրամ տանելը պատեհ չէ: Շատ ռիսկային են, թե այդ գումարները որտեղ պետք է ներդրվեն: Դրանք պետք է ներդրվեն այնտեղ, որտեղ ՀՀ տնտեսական աճից բարձր տնտեսական ցուցանիշներ կան»:

Ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց. «Ասեք, որ 2010-ին ձեր կուսակցությունը ամբողջությամբ կողմ է քվեարկել օրենքին, և նման հայտարարություններ չեն եղել: Այսօր կոալիցիայի կազմում չեք, ուստի քաղաքական մոտեցում եք ցուցաբերում: Այն ֆոնդերը, որ եկել են Հայաստան, բարձր արդյունավետություն ունեն: Այս օրենքը գործում է ժամանակի համար, ոչ թե ժամի համար: Այս պահին միգուցե դժգոհությունները շատ են, բայց մենք այլընտրանք չունենք: Գուցե մեր սխալն այն էր, որ մեր ժողովրդին լիարժեք չենք կարողացել բացատրել օրենքի մասին»:

Հարցին՝ Ձեր գումարը 45 տարով կտա՞ք մեկին, ով Ձեզ «քցելու է», պարոն Մինասյանը չպատասխանեց՝ այն «անիմաստ» համարելով:

Իսկ ԲՀԿ-ական պատգամավորը կառավարությանը խորհուրդ տվեց՝ «շատ լսեք մեզ»:

Նա փարատելով այն մտահոգությունները, թե գուցե մարտի 28-ին՝ ՍԴ որոշումից հետո, երբ օրենքը գործի, սկսեն գանձել նաև նշված երեք ամիսների 5 տոկոսները, ասաց, որ օրենքի կասեցումը ուղղված է նաև այն կետին՝ համապատասխան որի՝ չվճարելու դեպքում տույժ չի հաշվվում:

Aravot.am-ը պարոն Մինասյանին հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանի այն պնդումը, , թե «իրենց ասվել է, առաջարկվել է, թե հիմա այս կերպ ընդունենք օրենքը ու քանի որ այն 2014-ին է մտնելու ուժի մեջ՝ մենք դեռ ժամանակ կունենանք այս խնդրին կրկին անդրադառնալ և քննարկել»: Պարոն Մինասյանն ի պատասխան նշեց. «Այդպիսի բան ես չեմ հիշում: Դա չի նշանակում, որ Նաիրա Զոհրաբյանը սուտ է ասում: Ես գիտեմ, որ նրանք քվեարկել են հօգուտ այդ օրենքի: Կարծես թե որևէ այդպիսի բան հրապարակավ չի հնչել, գուցե ինչ-որ բանավոր պայմանավորվածությո՞ւն է եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031