Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Դատաքննությունն արդեն վկաների հարցաքննության փուլում է:
Այսօր վկա Գուրգեն Փութուլյանը դատարանին հայտնեց, որ դեպքի օրը երեկոյան ընկերոջ` Տիգրան Պետրոսյանի եւ Աղասի Վիրաբյանի հետ գնացել են ռեստորան այն ժամանակ, երբ ամբաստանյալները ցանկացել են հեռանալ ռեստորանից:
«Երեկոյան բակում կանգնած էի Տիգրան Պետրոսյանի հետ, Աղասին մոտեցավ մեքենայով, թե գնում ենք լավ տեղ, գնում ենք Արտակի հավանած աղջկա քեռու հետ ծանոթանանք, մենք էլ մի բաժակ խմենք: Հասանք «Մուշ» ռեստորանի մոտ, մեքենայից իջանք, տեսանք տղերքը գալիս են իրենց մեքենայի մոտ, որ նստեն Արենի մեքենան: Մենք էլ նստեցինք մեր մեքենան ու հետ եկանք: Ճանապարհին Արենը զանգեց Տիգրանին, ասաց` գնացեք տուն, վաղը կտեսնենք: Հաջորդ օրը քաղաքում պտտվող լուրերից իմացանք, որ դեպք է պատահել Շարբաթյանի սպանության մասին, տղերքի հետ կապված»:
Վկա Տիգրան Պետրոսյանը հանդես եկավ նույնաբովանդակ ցուցմունքով:
Կարդացեք նաև
Վկա Վոլոդյա Պետրոսյանը այդպես էլ չհստակեցրեց, թե իր տված որ ցուցմունքն է ճիշտ` նախաքննականը, թե այսօր դատարանին հայտնածը:
Նախաքննության ընթացքում նա ցուցմունք էր տվել այն մասին, որ դեպքից հետո գնացել է ռեստորան եւ լսել, թե ինչպես է Էդիկ Խլղաթյանը բարձր ասում, որ տղաները պատասխան կտան իրենց արածի համար:
Դատարանին, սակայն, նա հայտնեց, որ դեպքի օրը ռեստորան էր գնացել հաց ուտելու, բայց այդպես էլ հաց չկերավ:
«Նախ եւ առաջ ես չգիտեի, որ տենց դեպք կա: Ես այդ օրը ընկերոջս հետ երեկոյան բարձրացել եմ ռեստորան` հաց ուտելու: Տեսա դրսում` ռեստորանի բակում հավաքված են միջին տարիքի տղամարդիկ: Զրուցում էին: Չմտա ռեստորան: Այդտեղից ճանաչում եմ միայն Էդիկ Խլղաթյանին, ինքն էլ էր այդտեղ, էս էլ չմտա, բարեւեցի, մնացի կանգնած: Խառնաշփոթից հետո, խոսակցություն էր գնում, խոսում էին, բայց չեմ լսել` ինչ են խոսում, ես ներս չմտա, սպասեցի, որ տեսնեմ` ինչով է վերջանում այդ ամեն ինչը, ես դա չեմ տեսել, ինչով ա սկսվել, ինչով վերջացել: Ոչ մի բան չեմ տեսել: Կանգնած զրուցում էին: Ես բան չեմ լսել, դա իմ բնավորությունն է: Ես համարյա հարբած կարգավիճակում եմ լսել: Հետո բոլորը հեռացան մեքենաներով: Մի հատ երեխա կար փոքր, 15-16 Տարեկան երեւի, սկսեց լաց լինելը` քեռի, քեռի, ու դեպի պատի անկյուն գնալը: Մոտիկ գնացինք, մարդ կար ընկած, գնացի օգնեմ, բարձրացրել ենք, տարել սենյակ, հետո շտապօգնությունն եկավ, պարզվեց մահացած է: Ես երեխա չեմ տեսել, երեխու ձայնն եմ լսել: Ու մնացել եմ ռեստորանում մինչեւ լուսաբաց, ասի` կարող ա մի բանով օգտակար լինեմ»,-ասում է վկան:
Ի պատասխան վկաների տված ցուցմունքների` տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը կրկին պահանջեց մարդկանց ցույց տալ եղբոր նկարը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ