Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել հաճախ խնամակալության հանձնվում են 11-15 տարեկան արական սեռի երեխաներ

Հունվար 30,2014 17:16

Երեխաների պաշտպանության ցանցը և ChildPact սևծովյան տարածաշրջանի երեխաների իրավունքների պաշտպանության կոալիցիան այսօր կլոր սեղան-հանդիպում էին կազմակերպել՝ «Միասին՝ հանուն երեխաների» խորագրով, որը նվիրված էր Երեխաների պաշտպանության ցանցի գրանցման 2-ամյակին:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանի փոխանցմամբ՝ Երեխաների պաշտպանության ցանցը գործում է 2005 թվականից, իսկ պաշտոնապես գրանցվել է 2012 թվականին: Նույն թվականից էլ ԵՊ ցանցն անդամակցում է սևծովյան տարածաշրջանային ChildPact կոալիցիային:

«Մենք խորապես համոզված ենք, որ նման քննարկումները, փոխադարձ շփումները միայն կարող են բերել որոշակի փոխհասկացվածության և լուրջ զարգացումների, ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ հնարավորինս բարելավված տեսնել երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում»,- ասաց Միրա Անտոնյանը:

Նշենք, որ ChildPact-ը տարածաշրջանային կոալիցիա է: Այն միավորում է շուրջ 600 հասարակական կազմակերպություններ տասը երկրներից, որոնց գործունեության շրջանակներում աջակցություն են ստանում ավելի քան 500.000 կարիքավոր երեխաներ: Միրա Անտոնյանի խոսքով՝ ChildPact-ը ձգտում է նպաստել հասարակության կողմից երեխաների համար այնպիսի կենսապայմանների, հնարավորությունների և կրթության ապահովմանը, որոնք անհրաժեշտ են մեր տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանող ապագա սերունդ կերտելու համար:

«Երեխաների պաշտպանության ցանցը, որպես Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների միություն, սատարում է երեխայի՝ ընտանեկան միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքը,- ասում է տիկին Անտոնյանը:- Եվ մտահոգված լինելով խնամակալության տակ գտնվող երեխաների խնամքի որակով՝ ցանցը հանձն է առել ուսումնասիրել անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում ընդգրկված խնամակալության տակ գտնվող երեխաների ապրելակերպը»:

Կլոր սեղան-հանդիպման շրջանակներում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ Գայանե Ասատրյանը ներկայացրեց ԵՊ ցանցի կողմից իրականացված խնամակալության՝ որպես այլընտրանքային ընտանեկան մոդելի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ առավել հաճախ խնամակալության հանձնվում են 11-15 տարեկան արական սեռի երեխաներ, իսկ ամենատարածված պատճառը հանրապետությունից ծնողների բացակայությունն է: Ամենաշատը տատիկ-պապիկներն են հանդես գալիս որպես խնամակալներ, իսկ երեխաների կենսաբանական ծնողների կողմից աջակցությունը խնամակալներին գլխավորապես լինում է նյութական առումով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031