Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ներկայացված բողոքների ցանկում առաջին տեղում են պահանջներն ընդդեմ ապահովագրական ընկերությունների, ապա պահանջներն ընդդեմ բանկերի:
Իր գործունեության 5 տարիների ընթացքում՝ 2009–2014 թվականներին, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ապահովագրական ընկերությունների դեմ 974 պահանջ է քննել, բանկերի դեմ ՝ 447 պահանջ։ Այս մասին հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Ֆինանսական համակարգի հաշտարարը նշեց նաև, որ 2009 թվականին շատերն էին թերահավատությամբ մոտենում իրենց, և ներկայացված բողոքների միայն 25%–ն էր վերաբերում այն հարցերին, որոնցով զբաղվում է ֆինանսական համակարգի հաշտարարը: 2013 թվականին դիմումների 92%-ը ճիշտ էր հասցեագրված։
Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, ապա իրենք կարող են քննել կոնկրետ ֆոնդի կառավարչի դեմ ներկայացված դիմումը։
Փ. Սարգսյանը նշեց նաև, որ իրենց գրասենյակի գործունեության 5-ամյակի կապակցությամբ՝ այս տարի լինելու է ակցիա, որը կտևի 5 օր, այդ ընթացքում գրասենյակ այցելող հաճախորդներին սպասվում են անակնկալներ։
Նրա պնդմամբ, իրենք իրականացրել են նաև կրթական ծրագրեր, որոնց մասնակցել է 149 ավագ դպրոցի աշակերտ, 18,120 աշակերտ, 70 պրակտիկանտ, 1800 ուսանող։
Փ. Սարգսյանը ավելացրեց նաև, որ իրենք պլանավորում են կրթական ծրագրեր սկսել մարզերում, և առաջինը լինելու է Գեղարքունիքի մարզը, քանի որ այնտեղ՝ըստ իրենց ուսումնասիրությունների, մարդիկ շատ տեղեկացված չեն ֆինանսական գործառույթներից ։
Այս ծրագրի առաջարկը եղել է մարզաբնակ ավագ դպրոցի աշակերտների կողմից , որոնք, մասնակցելով այդ կրթական ծրագրերին, խնդրել են, որպեսզի իրենց ծնողների համար ևս անցկացվեն նման դասընթացներ։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ