Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոտան» ՀԷԿՀ-ի սեփականատերն էլ օֆշորում ընկերություններ ունի

Հունվար 30,2014 16:42

«Որոտանի» «ՀԷԿՀ-ը ձեռք բերած «ContourGlobal»  ընկերության կառուցվածքում կան այնպիսի ընկերություններ, որոնք գրանցված են նաեւ օֆշորային գոտում:

Aravot.am-ի հետ զրույցում ամերիկյան ընկերության ներկայացուցիչ եւ խորհրդատու Արա Հովսեփյանը, պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք «ContourGlobal»-ը ընկերությունը, որը Հայաստանի խոշոր եւ կարեւոր հիդրոէլեկտրոկայանների համալարի սեփականատեր դարձավ, գրանցվա՞ծ է օֆշորային գոտում, ասաց. «Դա խոշոր ամերիկյան ընկերություն է, իր կառուցվածքում կան ե’ւ Միացյալ նահանգներում, եւ այլ երկրներում գրանցված ընկերություններ: Այս կորպորացիայի մեջ կան ընկերություններ, որոնք գրանցված են եւ օֆշորում, եւ կան ընկերություններ, որտեղ օֆշորային կանոնները չեն գործում: Դա մեծ կորպորացիա է, եւ սխալ է՝ ասել դա օֆշորայի՞ն է, թե՞ ոչ: Կենտրոնակայանը Նյու-Յորքում է»:

Պարոն Հովսեփյանի ներկայացմամբ` նման խոշոր ընկերությունները, որոնք բիզնես են ծավալում աշխարհի տարբեր երկրներում, նորմալ պրակտիկա է,որ իրենց կորպորացիայում ունենան տարբեր ընկերություններ, որոնք գրանցված կլինեն տարբեր երկրներում, նույնիսկ օֆշորային. «ContourGlobal»-ը 4 մայրցամաքներում, 20-ից ավելի երկրներում 30-ից ավելի գործարաններ ու էլեկտրակայաններ ունեն, զբաղվում են քամու, արեւային, բոլոր էներգատեսակների արտադրությամբ, բացի միջուկայինից: Եվ տարբեր այդ երկրներում ունեն գրանցված ընկերություններ, որոնց հիմնադիրները կարող են այլ ընկերություններ լինեն»:

Aravot.am-ի տեղեկություններով շուտով «Որոտան» ՀԷԿՀ-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանն իր պաշտոնին հրաժեշտ կտա, իսկ նրա պաշտոնին «կտիրանա» Արա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ պարոն Հովսեփյանը եղել է «Հազարամյակի մարտահրավերների» հայաստանյան գրասենյակի եւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն:

Այս առնչությամբ էլ, պարոն Հովսեփյանն ասաց. «Նման պայմանավորվածություն չկա, կա պայմանավորվածություն, որ ես ինչ-որ մի ձեւ կարող է ներգրավված լինեմ, բայց ինչ վիճակով, կամ պաշտոնով՝ դա դեռ չենք քննարկել: Նման թեմա ինձ հետ չի քննարկվել: Ես հիմա որպես խորհրդատու ներգրավված եմ ընկերության գործունեության մեջ, բայց ամեն ինչ հնարավոր է: Մինչ օրս օգնել եմ, որպեսզի գործարքը կայանա ամերիկյան ընկերության կողմից»:

Aravot.am-ը փորձեց «Որոտանի» ՀԷԿՀ-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանից էլ պարզել այդ լուրերը, սակայն գրասենյակից մեզ վստահեցրին, որ նա աշխատանքի չի գնում` արձակուրդի մեջ է եւ հանրապետությունից մեկնել է:

Հիշեցնենք, որ երեկ  ՀՀ կառավարության եւ «ContourGlobal»-ի միջեւ ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքի առուվաճառքի պայմանագիր, ամերիկյան ընկերությունը «Որոտանի» ՀԷԿՀ-ն ձեռք է բերել 180 միլիոն դոլարով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031