Էկոնոմիկայի նախարարությունը հազարավոր ապրանքների ցանկ է պատրաստել, որոնց դրույքաչափերի վերաբերյալ պետք է բանակցի Մաքսային միության (ՄՄ) պատասխանատուների հետ: Բանն այն է, որ միասնական մաքսային դրույքաչափի անցնելիս` մեր ապրանքների 60 տոկոսի պարագայում Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ավելի բարձր են լինելու, քան ՀՀ-ում գործող դրույքաչափերն են, ինչը կվնասի մեր երկրի տնտեսությանը: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում այս մասին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Մաքսային դրույքաչափերը վերաբերելու են երրորդ երկիր ապրանք արտահանելուն: ՄՄ երկրների միջեւ զրոյական դրույքաչափ է կիրառվելու:
Հարցին, թե ինչո՞ւ է Մաքսային միության օրենսգիրքը կազմելիս հիմք ընդունվել հենց Ռուսաստանի Մաքսային օրենսգիրքը եւ ոչ ՄՄ անդամ մյուս երկրներինը, պարոն Մելքոնյանն ասաց, որ Ռուսաստանն է միայն, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է եւ այս երկիրը ԱՀԿ-ի առաջ պարտավորվել է մինչեւ 2015 թվականն իջեցնել իր դրույքաչափերը:
Բնակչության սոցիալական վիճակի վրա ի՞նչ ազդեցություն կունենա հարցին, պարոն Մելքոնյանն ասաց, որ այդ ապրանքների մի մասը ներմուծում են Մաքսային միության երկրներից:
Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ այս տարվա հունվարի մեկից սկսել է գործել Եվրամիության GSP+, այսինքն` արտոնությունների ընդհանրացված համակարգը, որն ըստ պարոն Մելքոնյանի, տրվում է որոշակի թվով երկրիների, որպես արտոնյալ ռեժիմ ընտրված ապրանքների համար, որոնք կներմուծվեն Եվրամիության երկրներ արտոնյալ ռեժիմով:
Այս արտոնությունից օգտվելու համար երկիրը պետք է դիմի եւ ներկայացնի որոշակի չափորոշիչներ: Փոխնախարարի տվյալներով, 6 հազար անուն հայկական ծագման ապրանքները եվրոպական միության երկրներ արտահանելու դեպքում կկիրառվի կամ զրոյացված կամ արտոնյալ դրույքաչափեր:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ