Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվեց Ուկրաինայում տիրող իրավիճակը: Վեհաժողովի քվեարկությանն էր դրված «Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: Հեղինակներն էին էստոնացի պատվիրակ Մեյլիս Ռեփսը և Շվեդիայի պատվիրակության անդամ Մարիետա Պուրբիքս-Լունդինը:
Բանաձևում ամրագրված է հետևյալը. «Բռնությունների եւ մարդու իրավունքների խախտումները պետք է դադարեցվեն եւ բաց ու արդյունավետ բանակցություններ պետք է սկսել, որպեսզի արագ աճող այս ճգնաժամից ելքի ճանապարհներ գտնվեն»:
Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը: Նա զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայում գոյություն ունեցող իրավիճակի ու 2008-ի մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների միջև:
Այնուհետև շեշտեց. «Եվրոպան և ՌԴ-ն պետք է ամեն ինչ անեն, որ Ուկրաինան չդառնա մարտի դաշտ…հանդուրժել հնարավոր չէ այն հանգամանքը, որ իշխանական ուժերը հանվեն խաղաղ ցուցարարների դեմ, անհանդուրժելի են նաև ճնշումները: Հույս ունեմ, որ Եվրամիությունը ուշադրություն կդարձնի այս հանգամանքներին»:
Կարդացեք նաև
Մարտի 1-ի դեպքերին անդրադառնալով` Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «2008-ի մարտի 1-ին տասը մարդ զոհվել է և շուրջ 200 մարդ վիրավորվել, երբ իշխանությունները բռնի ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների վրա: Եվ իշխանությունը փոխանակ բացահայտեր մեղավորներին և պատասխանատվության ենթարկեր, ընդհակառակը, կոծկեց հանցագործությունը»:
Ամփոփելով` պարոն Զուրաբյանը նշեց, որ եթե Եվրամիությունը հետևողական լիներ այս հարցում, ապա իրավիճակը այլ կլիներ, և գործ կունենայինք այլ Եվրոպայի հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ