Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավականի սրճարանի խոհարարի օգնականն ասում է՝ ուրագով չի խփել աման լվացողին (Տեսանյութ)

Հունվար 30,2014 15:39

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մասիսի նստավայրում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «Զվարթնոց» օդանավակայանի «էքսպերանտո» սրճարանի խոհարարի օգնական Թովմաս Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատավորն ընդմիջել էր դատական նիստը, վիրահատությունից հետո հոգեկան խնդիրներ ունեցող ամբաստանյալի համար կանչվել էր շտապ օգնություն:

Սակայն մեզ անհայտ մնաց, թե ինչ էր պատահել ամբաստանյալի առողջության հետ, ինչպիսի բժշկական օգնություն նրան ցուցաբերվեց, ում կողմից, ինչ էր սրսկվել ամբաստանյալին, քանի որ այդ մասին դատարանը չհրապարակեց:

Մեր տեղեկություններով, ամբաստանյալին հոգեմետ դեղամիջոց էին սրսկել, եւ նա, երբ նիստերի դահլիճ մտավ, հայտնեց իր պաշտպանին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Մկրտչյանին, թե «ոնց որ քնած լինեմ»: Այդ վիճակով էլ, դատական նիստի ժամանակ սեղանին գլուխը ողջ ժամանակ հենելուց հետո, նա հանդես եկավ հայտարարությամբ, թե անարդար դատական քննություն է ընթանում, եւ ինքը հացադուլ է հայտարարում:

Dat_Masis_02 Dat_Masis_03

Մինչդեռ դատարանը նրա պաշտպանի մի քանի միջնորդություններ էր հասցրել բավարարել:

Թովմաս Վարդանյանն անցյալ տարվա փետրվարի 21-ից կալանավորված է, եւ գտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի ծանրագույն հոդվածներից մեկով՝ 34-104-ի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով՝ սպանության փորձ շահադիտական դրդումներով:

Պաշտպան Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, որ տուժող, վերոնշյալ սրճարանի աման լվացող հայկանուշ Ներսիսյանից տոկոսով գումար է վերցրել՝ 50 000 ՀՀ դրամ,. եւ 250 դոլարի հագուստի վաճառքով զբաղվելու համար, եւ նրան վերադարձրել 17.500 ՀՀ դրամ տոկոսագումարը, վերջինիս հարազատների ներկայությամբ:

Հետագայում ամբաստանյալը վերադարձրել է գումարը:

Տուժողը դատարանում հայտնել է, որ իրեն ուրագով հարվածել է ամբաստանյալը, որ նա ամբաստանյալին տվել էր 500 դոլար գումար եւ 100 000 դրամ:

Եվ որ ամբաստանյալն այդ գումարը չտալու համար իրեն տարել է Արբատ գյուղ, դաշտամիջյան հատվածում ձեռքերով փակել է բերանը, հարվածելով գլխին:

Պաշտպանը հանդես եկավ միջնորդություններով. նա դատարանին ներկայացրեց երկու անձի տվյալներ, որոնք գյուղապետի տրված տեղեկանքի համաձայն, չեն բնակվում այդ գյուղում:

Մեղադրող կողմն առարկեց , ասելով, թե, հայրանունը պաշտպանական կողմը սխալ է ներկայացրել:

Պաշտպանը պնդեց իր միջնորդությունը:

Դատարանը բավարարեց 2 ընթերակաների դատարան գալու մասին պաշտպանի միջնորդությանը, որոնք մասնակցել են դեպքի վայրի խուզարկությանը: Ծանուցագիր կուղարկվի նաեւ օդանավակայանի մեկ այլ աշխատակից՝ Լիդա Սիմոնյանին, որը կարեւորագույն վկաներից մեկն է:

Օդանավակայանի տեսախցիկները չեն պահպանվել, տեսանկարահանման հարցը մնացել է առկախ:

Պաշտպանը գտել էր ոմն Աննայի հեռախոսահամար, սակայն նրան գտնելն ապարդյուն էր անցել, չնայած հանդիպել էր նրա հետ: Աղջիկն ասել էր, որ պատշաճ ծանուցվելու դեպքում կարող է դատարան ներկայանալ:

Իրեղեն ապացույց ճանաչված ուրագի մասով պաշտպանը միջնորդություն կանի հաջորդ նիստին. մինչ օրս փորձաքննության չի ենթարկվել սույն ապացույցը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031