Անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները 2012-ին եղել են 414, 2013-ին՝ աճել 4-ով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը:
Ընդհանուր հանցագործությունների թվից անչափահասների կողմից կատարված հանցագործություններն այս տարի 2.2 տոկոս են, 2012-ին 2.6 է եղել: Հանցագործությունների ամենատարածված տեսակներն են հափշտակությունը, փողոցային հարձակումները, սպանության դեպք չի արձանագրվել:
Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երեւանում, հաջորդում են Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը:
Ըստ Արթուր Վարդանյանի՝ Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում դպրոցական տեսուչների թիվը 15 հաստիքով ավելացել է, եւ դրանով է նա նաեւ պայմանավորում, որ սպանություններ չեն արձանագրվել: Հանցագործության են դիմում տարբեր խավի երեխաները. եւ՛ սոցիալապես անապահով եւ լավ պայմաններում ապրողները:
Կարդացեք նաև
«Հանցագործության կատարմանը կարող է նպաստել եւ՛ շրջապատը, եւ՛ ծնողների ոչ լիարժեք հսկողություն իրականացնելը»,- ասում է պարոն Վարդանյանը:
Նա նաեւ խնդրում է ծնողներին, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց երեխաների վարքագծի նկատմամբ, հետեւողական լինեն ինչպես տանը, այնպես էլ փողոցում, դպրոցում եւ ամենուր, թույլ չտան, որ ամենափոքր արարքը վերածվի մեծ հանցագործության, եւ անխուսափելին կատարվի:
«Կուզեի նաեւ անչափահասներին ասել, որ ինչ-որ քայլ անելուց առաջ դիմեն ինչ-որ մեծի խորհրդին»,- ասաց պարոն Վարդանյանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ