«2013 թվականի ընթացքում Երեւան քաղաքում տեղի է ունեցել 1182 ճամապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 61 մարդ եւ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ստացել 1495 քաղաքացի»,- հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը: Նրա խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ Երեւան քաղաքում դեպքերը աճել են 151-ով, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 2-ով, իսկ վիրավորների քանակը աճել է 189-ով:
Պարոն Արշակյանը հավելեց, որ 2009 թվականին ՀՀ կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի 5 տարվա ընթացքում պետք է գրանցվեր ճանապարհատրանսպորտային պատահարների 10-15 տոկոս նվազում: 2011 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցված աճը Արսեն Արշակյանը պայմանավորում է ԱՊՊԱ ընկերությունների ստեղծման հետ.
«Բոլոր այն ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք տեղի էին ունենում Երեւան քաղաքում միանշանակ գրանցվում էին, հաշվառվում էին: Եթե նախկինում քաղաքացիները կարող էին մեկը մյուսի հետ «բարիշել»՝ փողոցում պայմանավորվել եւ հեռանալ դեպքի վայրից, այս դեպքում մենք բոլորս ականատես ենք լինում բոլոր պատահարների հաշվառմանը»:
Այն հարցին, թե հունվարի 30-ի դրությամբ քանի պատահար է տեղի ունեցել, պարոն Արշակյանը պատասխանեց, որ Երեւանում տեղի է ունեցել 52 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում զոհվել է 3 եւ վիրավորվել 62 քաղաքացի:
Պարոն Արշակյանը նաեւ հայտնեց, որ Լենինգրադյան փողոցը եւ Իսակովի պողոտան կապող ստորգետնյա ճանապարհը շուտով շահագործման կհանձնվի, որից հետո բավականին կբեռնաթափվի քաղաքի կենտրոնական հատվածի երթեւեկությունը:
Կարդացեք նաև
Ամի Չիչակյան