Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ օտար երկրի նախագահը հայկական հարցի շուրջ բարձրաձայնեց Թուրքիայում»

Հունվար 30,2014 14:18

Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի համոզմամբ՝  սա աննախադեպ փաստ է հայ ժողովրդի պատմության մեջ

Հայոց ցեղասպանության թեման օրերս Անկարայում դարձավ Աբդուլլահ Գյուլի եւ պետական այցով Թուրքիա ժամանած Ֆրանսուա Օլանդի բանակցությունների առանցքային հարցերից մեկը: Թուրքիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Օլանդը նշեց. «Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի»: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ առերեսումը սեփական պատմության հետ, ի վերջո, նպաստում է ժողովուրդների հաշտեցմանը: Օլանդը չշրջանցեց նաեւ ֆրանսիացի օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի հնարավոր հաստատման հարցը. «Ցեղասպանության քրեականացման հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք կդիմենք ճիշտ քայլի` հետեւելով օրենքի պահանջին: Մեր նպատակը ճշմարտության հասնելն է, եւ մենք ցանկանում ենք, որ բոլորն ըմբռնեն այդ փաստը»:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, անդրադառնալով վիճահարույց օրինագծի կրկնակի շրջանառությանը, շեշտեց եվրոպական դատական ու պետական ատյանների որոշումները: Գյուլը հիշեցրեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու առաջին փորձը կասեցրած Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով չեղյալ հայտարարվեց Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի դեմ Լոզանի դատարանի կողմից կայացված վերջին վճիռը:

Ֆրանսիայի նախագահը, փաստորեն, մի կողմից՝ խուսափեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունից, սակայն նա Թուրքիային կոչ արեց առերեսվել սեփական պատմության հետ, ապա հավելեց, որ Ֆրանսիայի քաղաքական օրակարգ կվերադարձնի Ցեղասպանության հերքումը օրենքով քրեականացնելու հարցը:

«Առավոտ»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը նկատեց, որ թե դրական, թե բացասական զգացողություններ ունի Օլանդի՝ Թուրքիայում արված հայտարարություններից: «Դրականն այն է, որ առաջին անգամ հայ ժողովրդի պատմության մեջ օտար երկրի նախագահը հայկական հարցի շուրջ հրապարակայնորեն բարձրաձայնեց Թուրքիայում: Սա առաջին անգամ է, անցյալում նման բան չի եղել: Սա, անշուշտ, կարեւոր նշանակություն ունեցող փաստ է, սրանից բխում է, որ հայկական հարցը միջազգային հարց է: Այսինքն՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով Ֆրանսիայի նախագահը հենց Թուրքիայում հրապարակայնորեն բարձրացրեց այդ խնդիրը: Ապա նա խորհրդանշական քայլ արեց՝ փակ հանդիպում ունեցավ Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքի հետ: Սա եւս վկայում է այն մասին, որ Օլանդի համար հայկական հարցը խիստ կարեւոր է»:

Ֆրանսահայ քաղաքագետի համոզմամբ՝ երկրորդ դրական հանգամանքն այն է, որ Օլանդը նշեց, որ պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ է, բայց դա պետք է իրականացնել: Սրա մասին բարձրաձայնելով՝ Օլանդը, ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայի ժողովրդի ուշադրությունն է հրավիրել այն բանին, որ պետք է այդ աշխատանքը իրագործեն:
Անդրադառնալով Օլանդի հայտարարությունների բացասական կողմին՝ Կայծ Մինասյանը մատնանշեց այն փաստը, որ Օլանդը չգործածեց «Ցեղասպանություն» բառը, սակայն պարզաբանեց, թե ինչու Ֆրանսիայի նախագահն այդպես վարվեց: «Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերություններն այնքան լարված էին, մյուս կողմից՝ Ֆրանսիայում բավական բարդ առեւտրա-տնտեսական իրավիճակ է, իսկ Օլանդի այցը Թուրքիա պայմանավորված էր տնտեսական գործոնով, ուստի Ֆրանսիային անհրաժեշտ են առեւտրա-տնտեսական ոլորտի պայմանագրեր, եւ այս պայմաններում Թուրքիայում հայկական հարցի մասին բարձրաձայնումն արդեն իսկ խիստ կարեւոր, աննախադեպ փաստ էր»:

Ստացվում է, որ Ցեղասպանության խնդիրը հակադիր երկու իրավական փաստաթղթերի միջեւ է հայտնվել. համաեվրոպական իրավունքի համաձայն՝ Եվրամիության անդամ պետությունները պարտավոր են քրեական պատիժ սահմանել ցեղասպանությունների հրապարակային ժխտման համար, սակայն մյուս կողմից՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի 2012թ. որոշմամբ խոսքի ազատության սահմանադրական դրույթին հակասող ճանաչվեց նախկին նախագահ Սարկոզիի կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած հակաժխտողական օրինագիծը:

Կայծ Մինասյանին հարցրինք, թե այս հակասական իրավիճակից ինչ ելքեր կարելի է գտնել: Նրա կարծիքով՝ խոսքը ոչ թե հակասությունների, այլ բարդությունների մասին է: «Ձեր նշած երկու փաստաթղթերը բարդացնում են աշխատանքը, բայց ամենեւին էլ չեն արգելում: Ճիշտ է, ուղղությունը նեղ է, բայց միջանցք կա, եւ այդ միջանցքը պետք է գրավել: Կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահը այդ քաղաքական կամքն ունի, եւ արտաքին որեւէ ճնշում չի կարող ազդեցություն ունենալ նրա կամքի վրա: Այո, ճիշտ է, ձեր նշած երկու փաստաթղթերը բարդացնում են իրավիճակը, մանավանդ, երբ մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը: Հուսանք, որ թե Թուրքիայի, թե ԱՄՆ-ի, թե այլ երկրների կողմից արձանագրումներ կլինեն՝ այս հարցում առաջընթաց ունենալու համար, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդները վերջապես ապագային նայեն»:

Ցեղասպանության հերքումը օրենքով քրեականացնելու հարցը Ֆրանսիայի քաղաքական օրակարգ վերադարձնելու պահանջարկ կա՞ Ֆրանսիայում՝ հարցրինք Կայծ Մինասյանին: Մեր զրուցակիցը նշեց, որ, անշուշտ, կա նման պահանջարկ, եւ նույն օրը երեկոյան կարեւոր միջոցառում է տեղի ունենալու Փարիզում՝ արդարադատության նախարար Քրիստին Տոբիրայի գլխավորությամբ, որը կազմակերպվել է ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի կողմից: Միջոցառմանը հրավիրված են քաղաքական գործիչներ, մտավորականներ, շուրջ 300 մարդ է մասնակցելու միջոցառմանը, եւ Կայծ Մինասյանի համոզմամբ՝ այդ միջոցառմանը թե նախարարի, թե մասնակիցների կողմից կարեւոր հարցեր կքննարկվեն. «Օլանդը, որպես թեկնածու եւ նախագահ, խոստացել է ներկայացնել այդ օրենքը՝ անշուշտ, հարգելով Սահմանադրական խորհրդի որոշումը: Նա ստիպված է դա անել, քանի որ համաեվրոպական շրջաբերականը պետք է կիրառվի Ֆրանսիայի տարածքում, պետք է ներառվի ֆրանսիական իրավունքի վերաբերյալ փաստաթղթերում: Թե ինչպե՞ս պետք է վարվի՝ չգիտեմ, բայց կարծում եմ, որ կամք կա, եւ պետք է սպասել նոր նախաձեռնությունների, թերեւս, մայիսից, քանի որ Օլանդը պետք է այցելի Հարավային Կովկասի երկրներ»,- նշեց ֆրանսահայ քաղաքագետը:

Կայծ Մինասյանի խոսքով՝ բավական նուրբ իրավիճակ է ստեղծվել, եւ պետք է անչափ զգույշ լինեն թե՛ Ֆրանսիայի կառավարությունն ու ֆրանսահայերը, թե՛ Հայաստանի իշխանություններն ու Հայաստանի հասարակությունը: «Շատ կարեւոր է, որպեսզի այդ օրենքը կյանքի կոչվի, բայց պետք է շատ զգույշ լինենք մեր հայտարարություններում, որպեսզի չխանգարենք, չնեղացնենք որեւէ կողմի: Այսինքն՝ չպետք է զգացական մոտեցում ցուցաբերենք այս նուրբ գործընթացում, պետք է առավել պրագմատիկ լինել, զգույշ, իրատես եւ սառը»,- ամփոփեց Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031