Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը լրտեսների հանգստավայր է դարձել»

Հունվար 30,2014 13:55

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը շարունակում է պնդել, որ թուրք հրապարակախոս Հասան Օքթայը «Գորշ գայլ» կազմակերպության անդամ է
«Սրանք խնդրել են, որ նա այնտեղից հերքի իր պատկանելությունը այդ ահաբեկչական կազմակերպությանը: Խնդիր համար առաջին. եթե Օքթայը կապ չունի այդ կազմակերպության հետ, ինչո՞ւ է ընկերոջ հետ գայլի ականջները ցուցադրում մեր հանրապետության հրապարակում եւ լուսանկարվում»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Եղիազարյանը՝ անդրադառնալով նախօրեին պարոն Օքթայի հերքմանը, թե ինքը որեւէ կապ չունի «Գորշ գայլեր» կազմակերպության հետ:

Հասան Օքթայի պատճառաբանությանը, թե առաջին անգամ չէ, որ Հայաստան է գալիս եւ գորշ գայլերի նշաններով լուսանկարվում, պարոն Եղիազարյանն ասաց. «Պարզվում է, որ տասը տարի գալիս-գնում է Հայաստան, որ կարողանա իր կապերն այստեղ ապահովել, որ հեշտ ու հանգիստ գա ու գնա Հայաստան: Հիմա էլ հրաժարվում է իր գաղտնի կազմակերպությունից մի բանի համար, որ նորից հուսո դռները բացվեն դեպի Հայաստան, հետամուտ լինի՝ ինչ է կատարվում այստեղ: Մենք նրա գալուց-գնալուց, բացի վնասից, ոչ մի օգուտ չունենք, որովհետեւ այդ նույն գորշ գայլերն են, որոնք ամբողջ Եվրոպայով մեկ հայտնի նարկոքիլլերներ են, եվրոպական թմրանյութերի շարժի մոտ 30 տոկոսին են տիրապետում: Նա արդեն եկել, կապեր է հաստատել վարչապետի հետ, ինչո՞ւ այդ կապերից հրաժարվի: Չէ՞ որ մեր երկրի մյուս գայլերին լուրջ օգուտ է բերում»:

Պարոն Եղիազարյանի խոսքով՝ Հասան Օքթայը իր հերքումներով փորձում է արդարացնել եւ պաշտպան կանգնել ԱԱԾ-ին, որի աչքի առջեւ նա եկել ու գնացել է Հայաստան արդեն տասը տարի. «Աստված գիտի՝ ինչով է զբաղվել այսքան ժամանակ Հայաստանում ու ինչեր են մեզ սպասում»:

Անդրադառնալով կաթողիկոսի եւ վարչապետի հետ Օքթայի լուսանկարներին՝ պարոն Եղիազարյանը ասաց, որ հավատում է, թե կաթողիկոսը իսկապես չի ճանաչում եւ պատահական լուսանկար էր. «Այն, որ շաբաթ-կիրակի օրերին կաթողիկոսը դուրս է գալիս, եւ այն մարդիկ, որոնք իրեն խնդրում են լուսանկարվել հետը, նա չի մերժում, ես դրա ականատեսն եմ եղել: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, նա հենց այնպես ման չի գալիս փողոցում ու հենց այնպես չի կարող ցանկացածի հետ նկարվել»:

Հիշեցնենք, որ վարչապետի եւ կաթողիկոսի մամլո խոսնակները տարածել են, որ ոչ վարչապետը, ոչ էլ կաթողիկոսը չեն ճանաչում՝ ով է Հասան Օքթայը, լուսանկարներն էլ պատահական են համարել:

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չարձագանքեց Հասան Օքթայի հետ կապված սկանդալին, Օքթայը վտանգ չէ՞ր ներկայացնում՝ «Առավոտի» այս հարցին պարոն Եղիազարյանը պատասխանեց. «ԱԱԾ շարքային լուրջ աշխատակիցներ ունենք, բայց քանի որ ունենք այն ղեկավարությունը, որը ոչ մի կապ չունի ԱԱԾ-ի հետ, դրա համար մեր երկիրը կարող ենք համարել լրտեսների, գորշ գայլերի, ահաբեկիչների համար հանգստավայր: Եթե պետություն ունենայինք, գորշ գայլը չէր կարողանա անպատիժ տասը տարի շարունակ գնալ ու գալ մեր երկիր: Այդ գորշ գայլն արդեն որոշել է գրասենյակ ունենալ Երեւանի հենց կենտրոնում, որ հետո ահաբեկչություններ լինեն մեր մայրաքաղաքում»:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Այս մարդը, չեմ հասկանում, լուսնից է՞ իջել: Ինչ է՞ կարծում, օտարերկրացուն Հանրապետութեան հրապարակում «գայլի նշան» անելու համար պիտի դատապարտենք:
    Որքան յիշում եմ վարչապետի հետ լուսանկարը 2010 թուականին էր: Այսինքն այդ նկարները վերջին 4 տարիներին էին արուած: Նոյնիսկ ես, հեռաւոր կապերով, գիտեմ նրան ՖԲ-ում (ընկերոջ ընկեր): Ինչ որ հասարակական կազմակերպութեան անդամ է (կամ նախագահ): Եւ այս տրամաբանութեամբ միանգամայն իրատեսական է 4 տարի առաջ որեւէ միջոցառման ժամանակ լուսանկարուել վարչապետի հետ: Էլ չեմ ասում կաթողիկոսի հետ. գործնականում բոլորը կարող են նկարուել նրա հետ:

    Աւելի քան վստահ եմ, որ ԱԱԾ-ն ճանաչում է այս մարդուն ու հարկ եղած դէպքում (յանցանք եւ այլն) կը միջամտի:

    Յ.Գ. Ինձ ամենից շատ «զարմացրեց» նրա ջերմ լուսանկարները Յակոբ Չաքրեանի եւ Ռիչարդ Յովհաննիսեանի հետ:

    • Արթուր Ղազարեան says:

      Ներողութիւն եմ խնդրում,արագ գրելու հետեւանքով համ «՞» նշաններն եմ ոչ ճիշտ տեղադրել, համ էլ ազգանունն եմ սխալ գրել:
      Պէտք է լինի *Ռիչարդ Կիրակոսեան 🙂

  2. dyadyur says:

    Այո,պ-ն Արթուր Ղազարեան, որքան էլ դա Ձեզ համար տարօրինակ ու անհասկանալի լինի,նմանօրինակ ծաղրական ու նվաստացուցիչ ժեստերը պիտի դատապարտվեն:Իսկ տարօրինակն ու անհասկանալին այն է,որ երբ գործից հասկացող մարդը տագնապի ու զգոնության կոչ է անում,գտնվում են հայկական ազգանունով մարդիք,ովքեր քիչ է մնում մանկական չարաճճիություն համարեն նմանատիպ լկտիությունը:Այսպես թե այնպես,սպասենք, մինչև այդ անձը կամ նրա համախոհները մեր Հանրապետությունում որևէ ՅԱՆՑԱՆՔ և այլն կկատարեն և կիսելով Ձեր ,,վստահությունը,, ,հուսանք,որ մեր ԱԱԾ–ը կմիջամտի գոնե ,,պոստ ֆակտում,,: Հ.Գ.–Պ-ն Արթուր Ղազարեան,իսկ Դուք լուսանկաված կաք?? ՀՀ Վարչապետի,կամ Վեհափառի և կամ որևէ այլ պետական պաշտոնյայի հետ:

  3. Ալիկ says:

    Սա լուրջ թեմա է:ԱԱԾ ն պետք է զբաղվի :

  4. Արթուր Ղազարեան says:

    Յարգելի dyadur, որքան էլ տհաճ է այդ երեւոյթը, բայցեւայնպէս արգելուած չէ: Իւրահանչիւր մարդ կարող է գայլի նշանը ցոյց տալ ՀՀ տարածքում: Դա պատժելի արարք չէ: Աւելին, նա կարող էր թալեաթի նկարով շապիկ հագնել ու շրջել Երեւանի փողոցներում: Դա եւս անասելի տհաճ է, բայց յանցանք չէ: Ինչ խօսք, դաժան է օրէնքը, բայց դա է օրէնքը կամ ինչպէս լատիներէն ասոյթն է յիշեցնում. «Dura Lex sed Lex»: Առաջնայինը օրէնքն է, իսկ յուզական արտայայտութիւններն արդէն երկրորդական են:

    Յ.Գ. Լաւ է, որ զգոնութեան կոչ է անում, բայց Հասան Օքթային բոլորը գիտեն, էլ ուր մնաց ԱԱԾ-ն չիմանայ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031