Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզբեկստանը ստորացրեց Հայաստանին, ոչ թե ինձ»

Հունվար 30,2014 13:46

Հայաստանի քաղաքացի Կարեն Գեւորգյանին Ուզբեկստանի սահմանին մաքսայինները նվաստացրել են, «ֆռռացնելով» մեքենան ձեռքից առել, հետո էլ 5 տարով դատապարտել, իսկ հայկական դիվանագիտական կառույցները մատը մատին չեն տվել ու, կարելի է ասել, հրաժարվել են իրենց քաղաքացուց:

«Առավոտի» հետ զրույցում Կարեն Գեւորգյանը պատմեց, որ իր «Մերսեդես Սպրինտեր» մեքենայով ընկերոջ հետ որոշել էին գնալ ընկերոջ ծննդավայր՝ Սամարղանդ: Անցյալ տարի հոկտեմբերի 19-ին Ուզբեկստանի «Դաուտ-Ատա» անցակետում ուզբեկ մաքսավորները սկզբում շատ բարեհամբույր դիմավորել են նրանց, ապա, ինչպես կարգն է, դեկլարացիոն բլանկ են տվել, որպեսզի լրացնի, թե ինչ քանակի գումար եւ թանկարժեք իրեր կան նրա մոտ: Գեւորգյանը դեկլարացիան լրացրել եւ հանձնել է մաքսայիններին, հետո վերջիններս սկսել են զննել նրա մեքենան ու հայտնաբերել են «Լորազեպամ» դեղամիջոցը, ինչն էլ դարձել է Գեւորգյանին 5 տարով ազատազրկելու պատճառ: Ուզբեկստանի մաքսավորները Կարեն Գեւորգյանին զգուշացրել են, որ իրենց օրենքով այդ դեղամիջոցն էլ պետք է նշել դեկլարացիայի մեջ, ինչից հետո ՀՀ քաղաքացին խնդրել է իրենց տրամադրել դեկլարացիայի նոր բլանկ, որպեսզի դեղն էլ ներառի սահմանով անցկացվող իրերի ցանկում: Ընդ որում, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց պարոն Գեւորգյանը՝ այդ դեղամիջոցը նշանակել է «Արթմեդ» բուժհիմնարկի իր բժիշկը՝ Գայանե Հարությունյանը, բժշկի տրամադրած դեղատոմսն էլ մոտն է եղել: Նշենք, որ «Լորազեպամը» տրվում է միայն դեղատոմսով, եւ այն նախատեսված է, այսպես ասած, նյարդերը հանգստացնելու համար: «Ես հաճախ դեպրեսիվ վիճակներ եմ ունենում, այդ դեղը միշտ ինձ հետ վերցնում եմ: Մաքսավորներին ասացի, որ իմ տեղեկություններով՝ միայն մեծ քանակությամբ դեղամիջոցի դեպքում պետք է դեկլարացիա լրացնեմ, բայց նրանք պնդեցին, որ նույնիսկ չնչին քանակի դեպքում էլ դա անհրաժեշտ է: Նրանք հրաժարվեցին նոր բլանկ տալ ու ասացին, որ ես ու ընկերս պետք է մի քիչ սպասենք՝ մինչեւ իրենք ինչ-որ փաստաթուղթ կազմեն»,- ասաց Կարեն Գեւորգյանը: Իսկ այդ ինչ-որ փաստաթուղթը թեեւ անցակետի աշխատակիցները ներկայացրել էին որպես անշառ ու ոչ կարեւոր փաստաթուղթ, հաջորդ օրը ՀՀ քաղաքացու համար դարձել էր քրեական գործ հարուցելու հիմք: Անցակետի աշխատակիցները ՀՀ քաղաքացուն հանգստացնելով ուղարկել էին հյուրանոց, բայց ՀՀ քաղաքացու հաշվին՝ չնայած անցակետում վստահեցրել էին, թե վճարված է: Հետո Կարեն Գեւորգյանին հրավիրել էին Ուզբեկստանի գլխավոր, իրենց ձեւակերպմամբ՝ հանրապետական դատախազություն եւ տեղեկացրել, որ «կանտրաբանդա» տեղափոխելու լուրջ կասկածներ ունեն, իսկ այդ «կանդրաբանդան» 1 մգ-անոց «Լորազեպամն էր»:

Կարեն Գեւորգյանի պատմելով՝ «Դատախազությունում ինձ ասացին, որ իմ բժշկի թղթում գրված է՝ 100 հատ «Լորազեպամի» 2 մգ-անոցը, իսկ իմ մոտ առկա է դրա կես բաժինը: Այսինքն՝ իրենք չեն հասկանում, որ եթե դեղատնում չկա 2 միլիգրամանոցը, մարդիկ կարող են 1 միլիգրամանոցը գնել, բայց կրկնակի քանակությամբ: Ես սա բացատրեցի իրենց, բայց, փաստորեն, նրանք հակված չէին հավատալու կամ հասկանալու»:

Հետաքրքիրն այն է, որ ուզբեկ պաշտոնյաները ՀՀ քաղաքացուն պարբերաբար շատ բարեհամբույր ու քաղաքավարի հանգստացրել են՝ իբր ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չի լինի, իրենք հյուրասեր ու հյուրերին հարգող, արդարություն սիրող մարդիկ են, բայց վերջում՝ բավական չէ 5 տարով դատապարտել են, «Մերսեդեսն էլ» առգրավել են ու չեն վերադարձրել: «Քննիչը՝ Ադըբեկ Օտեգանովը, ինձ սկզբում թարգմանեց իր անունը՝ արդար առաջնորդ, հետո վստահեցրեց, որ շատ արդար ու շուտ կավարտի իմ գործը, այնքան արդար, որ ես գոհ կմնամ: Ասաց՝ մտահոգվելու կարիք չկա, բայց ես մեղադրվում եմ իրենց քրեական օրենսգրքի 246 հոդվածի 1-ին մասով՝ մտածված կերպով թմրամիջոցի տեղափոխում Ուզբեկստանի տարածքով, ազատազրկում՝ 5-10 տարի: Ես ապշել էի՝ մի՞թե իմ առողջությունը պահպանելու համար նախատեսված դեղի համար ես պիտի դատվեմ: Քննիչն ասաց նաեւ, որ որպես հյուրընկալ ազգ՝ այլ հոդված կկիրառեն՝ տուգանք մինչեւ 500 դոլար: Երբ ես սկսեցի իրենց որոշման հետ չհամաձայնվել, նա անցավ սպառնալիքների»,- պատմեց պարոն Գեւորգյանը: Նրա ներկայացմամբ՝ դատական նիստում էլ դատավորը նախատել է մաքսայինի աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով, որ արդեն հոգնեցրել են դատարանին հաճախ նմանատիպ անհեթեթ գործեր բերելով. «Դատավորն ասաց՝ պատշաճ ծանուցեք մարդկանց, թե ինչպիսին է կարգը, ու վերջ տվեք նման խնդիրներին: Ես կարծեցի, թե գործը կկարճվի, բայց 5 տարի 1 ամիս ազատազրկում որոշեց դատարանը: Ես շոկի մեջ էի: Իմ փաստաբանը բոլոր փաստերը ներկայացրել էր, իրենց օրենսդրությամբ թույլատրելի է՝ բժշկի ցուցումով կարող եմ իրենց երկրում օգտագործել այդ դեղը: Բայց դատապարտեցին, մեքենաս էլ բռնագրավեցին՝ որպես նարկոտիկ տեղափոխող միջոց»: Կարեն Գեւորգյանը որոշ ժամանակ անցկացրեց Ուզբեկստանի Նուկուս քաղաքի բանտում, իսկ հետո Ուզբեկստանի Սահմանադրության տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ արձակվեց: Դատարանի վճիռը ՀՀ քաղաքացին բողոքարկել է, սակայն անարդյունք. իր նկատմամբ անարդար վերաբերմունքի, իր՝ որպես ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու ու գոնե մեքենան հետ ստանալու համար Գեւորգյանը դիմել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանատուն, բայց այստեղից էլ ոչ մի արդյունք, ընդամենն ասել են՝ Ուզբեկստանը բարդ երկիր է, օրենքները՝ խիստ, ու «ձեռքերը լվացել» իրենց քաղաքացուց:

Պարոն Գեւորգյանի խոսքերով՝ «Դիմել եմ մեր արտաքին գործերի նախարարություն, մեր ԱԳՆ-ն էլ անզոր գտնվեց Ուզբեկստանի մոտ: Ինձ ասացին՝ աններելի արարք են թույլ տվել, բայց հարցն իրավական է եւ այդ դաշտում պիտի լուծվի: Եթե մեր ԱԳՆ-ն էլ տեր չի կանգնում իր քաղաքացուն այլ երկրներում, այդ դեպքում ես էլ ո՞ւմ կարող եմ դիմել, այս հարցն ինչպե՞ս պիտի լուծվի: Տարիների քրտինքով ձեռք բերած մեքենաս ապօրինաբար խլեցին: Ուզբեկստանը ստորացրեց Հայաստանին, ոչ թե ինձ՝ Կարեն Գեւորգյանին»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ոսկան says:

    Ողբամ զքեզ Հայոց Աշխարհ: Էս ուր ենք հասել:
    Էդուարդ Նալբանդյան կարծում եմ, որ ոչ միայն քո՝ որպես նախարար, աշխատելն է վնասակար, այլ նաև քո՝ որպես մարդ ապրելը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031