Ուրախությամբ «Առավոտում» կարդացի Տիգրան Չուխաջյանի «Կարինեի» նոր բեմադրության մասին, որն իրականացրել է Երեւանի իմ ուսանողական օրերի վաղեմի ընկեր Յուրի Դավթյանը: Մեծապես շնորհակալ եմ նաեւ, որ այս առիթով դուք անդրադարձել եք Ֆրանսիայում «Կարինեի»` ֆրանսերենով եւ ֆրանսիացի արհեստավարժ կազմով ներկայացված բեմադրությանը: Սակայն կուզենայի մեկ ճշտում անել: Բնականաբար, այդ իմ մեղքն է, որ թերացել եւ հանրությանը չեմ տեղեկացրել նյութի հետ առնչված վերջին նորությունները: Փարիզի «Բուֆ դյու նոր» թատրոնում ընթերցում-համերգային կատարումից ի վեր «Կարինեն» արդեն 5 անգամ ամբողջական բեմադրությամբ բեմ է բարձրացել Փարիզում եւ Մարսելում (վերջինը` 2013-ի նոյեմբերին): Անկասկած, Տիգրան Չուխաջյանի հրաշալի երաժշտությունը ամբողջապես կլանել ու հմայել է ոչ միայն ֆրանսիացի երաժշտասեր պահանջկոտ հանդիսատեսին, այլեւ մասնակից երգիչներին ու երաժիշտներին: «Կարինեն» առաջիկա տարիներին եւս իր ընթացքը կշարունակի Ֆրանսիայում: Որքան լավ կլիներ, եթե մի օր կարողանայինք մի փառատոնի շրջանակում հայրենիքում էլ ներկայացնել ֆրանսիական այս տարբերակը… Ուղարկում եմ ձեզ օտար մամուլից քաղված եւ հանրածանոթ անձնավորություններից ստացված գրություններ:
«Շնորհավորում եմ ամբողջ խմբին գեղարվեստական այս գեղեցիկ համախմբվածության համար: Շնորհավորություններ նաեւ այս նախաձեռնությանը ծնունդ տվող բազմակողմանի տաղանդով օժտված արվեստագետին: Նկատի ունեմ, անշուշտ, ռեժիսոր, թարգմանիչ, դերասան Ժիրայր Բաբազյանին»:
Ժան-Ժակ Շազալ, «Օդեոն» պետական թատրոնի գեղարվեստական տնօրեն
«Ես ուզում եմ շնորհավորել քեզ, Ժիրայր, բոլոր ճակատներում (դերասան, գրող, երգիչ, ռեժիսոր եւ այլն) հոյակապ քո սխրագործության համար: Ի՛նչ աշխատանք: Բրավո: Դա, իրոք, մի գեղեցիկ երեկո էր` լի հմայքով, հնարքներով, ծիծաղով եւ պարզությամբ: Շնորհավորում եմ քո խմբին, որին յաջողվեց այնքան եռանդով իր բազմակողմանի տաղանդը բացահայտել. Երաժշտությունը` որքան փայլուն, նույնքան էկզոտիկ, լի է հազվագյուտ հարստությամբ եւ ինքնատիպությամբ: Ես սիրով կուղեկցեմ քեզ այս արկածախնդրության մեջ, որ արժանի է մեծ հաջողության»:
Իրինա Բրուք
Հարգանքով ԺԻՐԱՅՐ ԲԱԲԱԶՅԱՆ,
բեմադրիչ
«Առավոտ» օրաթերթ