Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին 2011 թվականից ի վեր տրամադրվող աջակցությունը: Մասնավորապես, 2013թ. երկրորդ կիսամյակում և 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառված բնական գազի սակագնի մեղմացման համար կառավարությունը որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը` նախկինում սահմանված սպառված բնական գազի նույն չափաքանակի համար: Որոշումը վերաբերում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող շուրջ 65 հազար ընտանիքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մամուլի միջոցով շահառուներին ծանոթացնել նրանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերին:
Կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն կիրառումը
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական նպաստների բնագավառի ՀՀ կառավարության լիազորած մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նույն որոշմամբ հաստատվել են ընտանիքների անապահովության գնահատման, այդ համակարգում հաշվառվելու կարգերը, ՀՀ բնակավայրերի ցանկը` ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների, անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը, ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նշանակման և վճարման, այդ նպատակներով ՀՀ պետբյուջեից միջոցների հատկացման կարգերը և մի շարք այլ դրույթներ, որոնց կիրառմամբ կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն ընթացքը:
Կարդացեք նաև
Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն: Այս երկու որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, դրանց գործողությունը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով սահմանվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ազատ կացարաններում ընտանիքները տեղավորելու առաջարկություն ներկայացնելու առաջնահերթությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը թույլատրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել երկու արտաբյուջետային հաշիվ: Դրանով իսկ աջակցություն կցուցաբերվի երկրում վարվող Կենսաթոշակային ապահովության ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության իրականացմանը:
Պետական աջակցություն է ստանում արտահանմանը միտված արդյունաբերությունը
ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հաստատել է դրանց իրականացման 2014թ. ծրագիրը: Գործադիրը նպատակ ունի պետական աջակցության գործիքների միջոցով խթանել արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալի ավելացումը, նպաստել արտահանելի հատվածի ընդլայնմանը, տեղական արտադրանքի ներկայացվածությանն արտաքին շուկաներում, ՀՀ մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացմանն ու ներդրումային ակտիվության բարձրացմանը:
ՀՀ կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ազատ տնտեսական գոտին աստիճանաբար բովանդակություն է ձեռք բերում: Հաստատվել են բավական լուրջ ծրագրեր: Հայկական պլանշետներից հետո, որոնց արտադրությունն սկսվելու է այս տարի, սա համանման երկրորդ լուրջ ծրագիրն է:
Կառավարության որոշմամբ Սևանի իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի անկախ տնտեսագիտական փորձաքննության իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 8.4 մլն դրամ:
Գործադիրը որոշել է Տրակեր 7 էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից մատակարարված տեխնիկական միջոցներն ամրացնել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմերին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը: Նշված էլեկտրոնային համակարգը հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման և ներկրման վերահսկման առաջատար միջոց է, որն ուղղված է ՀՀ ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման բարելավմանը:
Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու գործընթացի առնչությամբ Երևան ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, ներկայացուցչական այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 10 մլն դրամ:
Հետագա զարգացում կստանա հեռահաղորդակցության ոլորտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին, որով առաջարկվում է Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունն ազատել ԱԱՀ-ից: Ակնկալվում է, որ դա կապահովի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հետագա արդյունավետ զարգացումը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է, մասնավորապես, ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից: Հարցը, ըստ վարչապետի, պետք է պատշաճ ձևով ներկայացնել զանգվածային լրատվամիջոցներին: «Սա նուրբ թեմա է և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, – շեշտել է Տիգրան Սարգսյանը: – Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:
Նիստում հավանություն է տրվել Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Փրկարար ծառայության մասին» օրենքի պահանջը:
Գործադիրը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ենթադրվում է, որ նախագծի ընդունմամբ կմեծանան «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքերը, ավելի լավ կպաշտպանվեն գնորդների իրավունքները: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քաղաքականությանը, սակայն վերախմբագրման կարիք ունի: Բացի այդ, անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել նաև մի շարք հարակից իրավական ակտերում: Այս առաջարկություններն ընդունելու դեպքում կառավարությունն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին և հանգամանորեն շարադրել իր նկատառումները:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18-ի «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (18.07.2013 – 31.12.2013թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 95 կետից 2014թ. հունվարի 29-ի դրությամբ կատարվել է 94-ը կամ 98.9 տոկոսը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում արխիվային գործի բարեփոխման հայեցակարգին և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016թթ. ծրագրին: Ակնկալվում է, որ որոշման իրականացումը կնպաստի միջազգային չափորոշիչներին համարժեք արխիվային ծառայության ստեղծմանը, կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:
Գործադիրը մինչև 2014թ. ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել քոլեջի ավարտական կուրսում սովորող չորս անձի:
Մեկ այլ որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 13 ֆուտբոլիստ մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, մեկ ֆուտբոլիստ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ