Այսօր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի գույքին դիտավորյալ վնաս հասցնելու գործով դատական նիստը:
Քննվելու է ՀՀ ոստիկանության որոշումը՝ Կարո Եղնուկյանի մեքենայի անվադողերը Սամվել Ալեքսանյանի աջակիցների կողմից միտումնավոր վնասելու հարցով:
Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, 1000 դոլար արժողությամբ չորս անիվների վնասը ոստիկանությունը գնահատել է երեսուն հազար դրամից պակաս վնաս եւ քրեական հանցակազմի բացակայության պատճառով կարճել գործը: «Բայց մեզ գործը կարճելու որոշումն էլ չեն ուղարկել»,- ասաց փաստաբանը:
Այսօր ասուլիսի ժամանակ փաստաբանն ասաց, որ իրենք բողոքարկել են «Ծածկած շուկայի» պաշտպանության համար քաղաքացիական ակցիաների ժամանակ շուկայի ամենատեսանելի մասում Կարո Եղնուկյանի դիմանկարը մասոն, օտարերկրյա լրտես, ոչ գրանտակերներին մակագրություններով փակցնելու համար. «Սրանով սկսվեց խտրականություն հրահրվել նրա անձի նկատմամբ, այսկերպ ակցիաներ իրականացնելը դարձավ անհնարին: Դիմեցինք բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նշելով, որ իր անձի նկատմամբ սերմանվում է ատելություն, որը պետք է իր հետեւանքներն ունենա: Բայց գործի քննություն չգիտենք, եղավ թե՝ոչ: Բայց քննիչը պարտավոր էր քննություն անցկացնել»:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով, ավտոմեքենայի չորս անվադողերը վնասելը հաղորդագրություն էր՝ ուղղված Կարո Եղնուկյանի անձին, որ. «Նույն բանը սպասվում է նրան, եթե շարունակի ակցիաների մասնակցել: Ու մի քանի օր հետո ջարդեցին Կարո Եղնուկյանի մյուս մեքենան՝ վնաս հասցնելով դիմապակուն ու մարտկոցին: Հետապնդել եմ մեքենաներով, շրջափակել, ամեն կերպ փորձել են արգելել նրա մասնակցությունը ակցիաներին»:
Կարո Եղնուկյանն էլ հավելեց, որ իրենց տեղեկություններով, տեսագրության միջոցով բացահայտվել է անվադողերի վնասողը, բայց հետո գործը կարճվել է: Տուժող Կարո Եղնուկյանից էլ ցուցմունք չպահանջեցին:
Պարոն Եղնուկյանը նաեւ պատմեց, որ իրեն եւ իր երկու աղջիկներին Սամվել Ալեքսանյանն ու նրա մտերիմը՝ Բոկո մականունով, Մաշտոցի պուրակից մինչեւ Զաքյան փողոց հետապնդել են իրեն սպիտակ բենթլիով: Ճանապարհին իջել են մեքենայից, ժպտացել Կարո Եղնուկյանին: Պարոն Եղնուկյանի տպավորությամբ, Սամվել Ալեքսանյանը փորձել է զրույցի բռնվել իր հետ, բայց ինքը արհամարհել է նրանց ու հեռացել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ