ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, այսօր «Տեսակետ» ակումբում, անդրադառնալով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի շուրջ աղմուկին եւ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ կասեցնել օրենքի պարտադիր բաղադրիչը, մինչեւ կորոշվի դրա սահմանադրականությունը, ասաց. «Սահմանադրական դատարանի որոշումը հարգանքով պիտի ընդունենք՝ անկախ նրանից, թե ինչ կորոշի»:
Ըստ պատգամավորի՝ եթե ՍԴ-ն որոշի, որ պարտադիր կերպով մարդկանց կուտակային ֆոնդին հատկացում անելուն դրդելը հակասահմանադրական է, ուրեմն օրենքից կհանվի պարտադիր բաղադրիչը, իսկ եթե որոշի, որ սահմանադրական է՝ կսկսի գործարկվել: Եվ քանի որ մենք չունենք ՍԴ-ի որոշումը բողոքարկելու ճանապարհ, ուրեմն պետք է ընդունենք այդ որոշումը՝ ինչպիսին էլ այն լինի:
Իսկ քննարկումները, բողոքները, աղմուկը՝ կապված այդ օրենքի հետ՝ պարոն Դավթյանը բացատրում է նրանով, որ դա շատ բարդ եւ կարեւոր օրենսդրական նախաձեռնություն է՝ կապված մեր երկրի ապագայի հետ, եւ չէր կարող այդ կարգի բարեփոխումը այսքան քննարկումների չարժանանար:
Նա անդրադարձավ նաեւ արտաքին խնդիրներին, մասնավորապես՝ սահմանի դեպքերին, հայ-թուրքական հարաբերություններին, Ուկրաինայում կատարվող իրադարձություններին:
Կարդացեք նաև
Վերջինիս կապակցությամբ պարոն Դավթյանը հույս հայտնեց, որ Ուկրաինան չի ցնցվի քաղաքացիական պատերազմից, այդ երկիրը չի փլուզվի եւ չի մասնատվի երկար շարունակվող անկայուն վիճակից:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ