Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան կոնֆլիկտի պատճառը գարեջրի գործարա՞նն է

Հունվար 30,2014 12:53

«Գյումրիում մարդիկ զբաղված են իրենց աշխատանքով ամեն մեկն իր գործն է անում: Ցավում եմ, որ նման հարցերի վրա մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում: Ո՞վ է ասում, թե Գյումրիում կրակում են, ես Գյումրիից եմ գալիս»,-այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վրդովվեց՝ խոսելով Գյումրիի դեպքերի մասին:

Միանգամից հեգնանքով արձագանքեց քաղաքական գործիչ նախկին ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը. «Փառքդ շատ, Աստված, եթե Գյումրիում աշխատանք կա: Բայց ինչ-որ լրտեսական խմբեր մեզ հայտնեցին, թե Գյումրիում 70 հազար մարդ է մնացել: Ձեր նախագահը խոստացել էր, որ գյումրեցիները որդնած տնակներից դուրս կգան: Ինչպես միշտ ձեր նախագահը խոստացավ ու չկատարեց խոստումը»:

Պատասխանելով Սուքիաս Ավետիսյանի այն կարծիքին, թե Գյումրիին պետք չէ նման ուշադրության արժանացնել, պարոն Եղիազարյանն ասաց. «Խոսքը չի գնում շարքային երկու խուլիգանի մասին, խոսքը գնում է նախկին և գործող քաղաքապետերի մասին, և այն կարծիքին եմ, որ այդ երկու մարդկանց վիճաբանությունները մենք պետք է հանրային քննարկման առարկա  չդարձնենք: Եթե իրոք պետության մեջ ենք ապրում, ոչ մեկին իրավունք չի վերապահված ասել, որ ինքը տնական մակարդակով այդ հարցերը կլուծի, քանի որ կա օրենք: Այս կոնֆլիկտը համարում եմ, որ մեր ուշադրությունը շեղելու մի քայլ է: Սպարտակն ո՞ւր գնաց, ո՞ւր մտավ: Այսօր մարդիկ լքում են Գյումրին՝ մենակ իրենց ձագերին պահելու համար»:

Պարոն Եղիազարյանը նշեց, որ կոնֆլիկտի հիմնական պատճառն այն է, որ Վարդան Ղուկասյանը Սամվել Բալասանյանին սիմվոլիկ գնով գարեջրի գործարանն է տվել:

Հակադարձելով՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Ինչպես միշտ մեր նախագահը խոստացել ու կատարել է: Նախագահը խոսել է երկրաշարժից անօթևանների խնդիրներ ունեցող գյումրեցիների մասին»:

Գուրգեն Եղիազարյանը մտահոգություն հայտնեց, թե մտնում ես սրճարան, իմանում ես՝  ով ում է սպանել, ուրեմն սպանությունը չի բացահայտվելու: Այնուհետև ասաց. «Թևոսիկի եղբոր սպանության մասին եմ ասում: Նույն Թևոսիկին զգուշացնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ դու կալանավայրից դուրս չգաս»:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի մասին Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Գողին չի կարելի ոչ ոսկի, ոչ էլ գումար վճարել: Ոչ ոք չէր մտածում, որ տարիներ հետո տոննաներով ոսկի են վաճառելու, հետո էլ ոսկու գինը բարձրացնեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031