Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հունվար 30,2014 12:33

Հունվարի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում` «Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» խորագրով, որն անդրադարձավ խաղաղ և անվտանգ հասարակություններ և հարաբերություններ ապահովելու համար կանխարգելման, հաշտեցման, ճշմարտության մեխանիզմների կիրառման հարցերին: Նիստը նախագահում էր ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ` արքայազն Զեիդ Ալ-Հուսեյնին: Քննարկմանը մասնակցեին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, ինչպես նաև անդամ պետությունների շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ հաշտեցման գործընթացը չի ենթադրում միայն պայմանագրերի ստորագրում: Որպեսզի հաշտեցումը լինի տևական, անհրաժեշտ է ընդունել անցյալը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտեցման հարցում հաջողության հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարության վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաև նմանատիպ ոճիրների հետևանքների վերացում: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպան Նազարյանը կարևորեց նաև, որպեսզի միջազգային հանրությունը միաձայն դեմ արտահայտվի պատմության աղավաղմանն ու ժխտողականությանը:
«Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգման համար»,- նշեց դեսպանը ու հավելեց, որ «այսօր էլ ցեղասպանության հանցագործությունները կրկնվում են աշխարհր տարբեր մասերում` պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային հուզումների»: Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ ամեն մի հասարակություն պետք է առերեսվի իր անցյալի հետ, և այս գործընթացում իրենց դերակատարումն ունեն նաև միջազգային կազմակերպությունները, խորհրդարանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, քաղաքական ու հոգևոր առաջնորդները, պատմաբանները, ուսուցիչները և այլն:

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների (ներառյալ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ու դրա Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության վերացման ենթահանձնաժողովի) կողմից` նա իր ելույթի վերջում կոչ արեց ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու շարունակելու մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031