Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կտա քաղաքական դաշտին ԲՀԿ-ի երկլարանի խաղը. «Հայոց աշխարհ»

Հունվար 30,2014 12:30

Հնարավո՞ր է միաժամանակ լինել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության հետ՝ չլինելով ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կազմում
Մի շտապեք ժխտական պատասխան տալ կամ ասել, թե քաղաքականության տեսակետից դա անոմալիա է: Կա նման միաժամանակյա համատեղության միանգամայն շոշափելի, կոնկրետ ու ակնհայտ օրինակ, ավելին՝ փաստ, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:
Այն, որ Գագիկ Ծառուկյանին ու նրա առաջնորդած կուսակցությանը հաջողվեց 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ոչ միայն հռչակվել «այլընտրանք», այլեւ արդեն տեւական ժամանակահատված խաղալ «երկու լարի» վրա, նույնպես ակնհայտ փաստ է: Թեթեւակի հիշեցնենք միայն, որ այդ ընտրություններից հետո ԲՀԿ-ն չմիացավ իշխանական կոալիցիային, ավելի ճիշտ՝ դուրս եկավ կոալիցիայի կազմից, բայց նաեւ չհայտարարեց ընդդիմություն լինելու մասին:
Մյուս կողմից՝ իշխանության կազմից «դուրս գալու» գործընթացը ԲՀԿ-ի ու այդ կուսակցության առանձին ներկայացուցիչների պարագայում ձգվեց մոտ մեկ տարի, մինչեւ 2013-ի նախագահական ընտրությունները: Չնայած ԲՀԿ-ական քիչ թե շատ նկատելի ներկայացուցիչների՝ պաշտոնից ազատվելու հանգամանքը դեռ չի վկայում, թե Գ.Ծառուկյանի կուսակցությունը խզել է իշխանության հետ իր առնչությունը:
Նման իրավիճակը, երբ, ըստ իր նպատակահարմարության եւ շահի, «Բարգավաճ Հայաստանը» իշխանության մոտ իշխանություն է, իսկ ընդդիմության հետ՝ ընդդիմադիր, ի՞նչ է տալիս, ավելի ճիշտ՝ ի՞նչ հետեւանքներ է ունենում ա) ընդդիմության, բ) իշխանության համար:

…   Ցանկացած պարագայում, «երկու լարի վրա խաղալու» ԲՀԿ-ի անորոշ դիրքորոշումը որոշակիորեն ամայացրեց ընդդիմադիր դաշտը, եւ այդ երեւույթը, դատելով ամենից, դեռ շարունակվելու է: Հարցն այն չէ ամենեւին, որ առանձին ԲՀԿ-ականներ, ասենք, խիստ քննադատական հայտարարություններ են անում վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Բուն խնդիրն այն է, որ նման դրսեւորումներին զուգահեռ, վերջնականորեն չսահմանազատվելով իշխանությունից, ԲՀԿ-ն նպաստում է ընդդիմադիր դաշտի թուլացմանը:

…Կան նաեւ այլ նրբերանգներ: Հայտարարելով ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն լինելու մասին, կոնկրետ՝ հռչակվելով որպես «այլընտրանք», ԲՀԿ-ն հարմարավետ է իրեն զգում, պատկերավոր ասած՝ «կենտրոնախույս ջոկերի» դերում: Գաղտնիք չէ ու ամենեւին էլ մենք չենք առաջինը նկատել, որ ԲՀԿ-ի հիմնական «ձգողական ուժը» այս կուսակցության առաջնորդի ու նրա շուրջ հավաքված մի շարք այլ անձանց ֆինանսանյութական ռեսուրսներն են, խոշոր կամ անգամ հսկայական բիզնեսները:

…   Տվյալ դեպքում ԲՀԿ-ի «երկլարանոց» խաղը բերում է նաեւ մի վիճակի, երբ յուրաքանչյուր կարեւոր որոշում ընդունելու դեպքում իշխանությունը, պետք է փորձի «լեզու գտնել» ԲՀԿ-ի հետ, այսպես ասած՝ թիկունքից հարված ստանալուց ապահովագրվելու նկատառումներով: Այդ շարունակական «քաղաքական առեւտուրը», իհարկե, ԲՀԿ առաջնորդներին ձեռնտու է: Բայց նման իրավիճակը բացի նրանից, որ իշխանությանը որոշակիորեն շեղում է «իր գործից», առանձնապես շահեկան չէ երկրի ներքաղաքական գործընթացների եւ քաղաքական դաշտի ընդհանուր բարոյահոգեբանական միջավայրի համար:
Կարելի է, իհարկե, ասել, թե ԲՀԿ-ն պետք է ջանա առաջիկայում որոշակիացնել իր քաղաքական կողմնորոշումը եւ, ի վերջո, «այլընտրանքից» անցնի կոնկրետ ընտրանք ցուցանող դիրքի: Բայց, հակված ենք կարծելու, որ դա քիչ հավանական է: Սկզբունքորեն նման երկակի կացությունը, ինչպեսեւ թե՛ ընդդիմադիր դաշտում երեւալու, թե՛ իշխանության կողքից չհեռանալու գործելաոճը ձեռնտու է ԲՀԿ-ին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031