Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

Հունվար 30,2014 12:18

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը իր անարդար վճռով արդարացրել է մարդու դեմ ոճրագործության իրականացման հերքումը: Փաստորեն անմեղսունակ է ճանաչվել մի հանցագործ, որը հերքում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունը, դա անվանելով «միջազգային սուտ», իսկ դրա վտանգը կրկնապատկում է այն հանգամանքը, որ այս կեցվածքը միտում ունի դառնալ նախադեպ և առիթ ստեղծել նոր ոճրագործությունների ընդդեմ բոլորիս` համայն մարդկության:

Արցախը դիմակայել է Թուրքիայի կողմից սկսված և Ադրբեջանի միջոցով շարունակվող ցեղասպանությանը: Ադրբեջանը դեռևս 1920-ական թվականներին պետականորեն ծրագրված ցեղասպանություն է իրականացրել ոչ միայն Արցախում, հատկապես Կուր գետի արևելյան հատվածում, այլ նաև Նախիջևանում: Վկան ամայացված բնակավայրերն ու ոչնչացված հարյուրավոր հայկական խաչքարերն են:

Մեր խորին համոզմամբ Ադրբեջանին այս սանձարձակությունների մղողը ժամանակին Թուրքիայի կատարած ցեղասպանության չդատապարտելն է, հատուցում չպահանջելը և վերջին հաշվով միջազգային հանրության կողմից այդ անմարդկային և վայրագ քաղաքականության շարունակության փաստացի հովանավորումը: Մեր ժողովրդի համառ և վճռական պայքարի շնորհիվ մեր հայրերի, ընկերների, զավակների արյան գնով մենք կանխեցինք ցեղասպանության նոր ալիքը և կերտեցինք մեր Ազատ ու Անկախ երկիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Մեր համոզմամբ Եվրոպական դատարանի այս որոշումը նախ և առաջ հարցականի տակ է առնում Շվեյցարիայի արդարամիտ օրենսդրությունը, որը քրեորեն պատժելի արարք է համարում մարդկության դեմ ոճիրները, ներառյալ Հայոց Ցեղասպանության ժխտումը:

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վճռի անփոփոխ մնալը մեծ հարված է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործին, այդ թվում Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային ճիգերին:

Բարձր ատյանների հակամարդկային որոշումները ծնում են նոր ոճրագործություններ: Դրա վկայությունն է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմի ագրեսիվ քայլերը, որոնց հետևանքով նորից թափվեց անմեղ արյուն: Մենք անզիջում կլինենք մեր ազգային շահերի պաշտպանության գործում:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031