Հատված քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ հարցազրույցից:
-Վերջին շրջանում առավել ցայտուն է դառնում Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական սադրանքներին չարձագանքելու նվազ ցանկությունը: Հունվարի 19-20-ի գիշերային դիվերսիային համանախագահները արձագանքեցին ոչ միայն իրենց բնորոշ համահարթեցնող ոճով, այլեւ հանդես եկան 5 օր անց միայն: Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ նման «բացթողումները»:
– Ադրբեջանա-արցախյան շփման գծում առկա իրավիճակի հանդեպ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահագահ երկրների պահվածքը, ճիշտն ասած, անհասկանալի է: Այո, նրանք 5 օր անց միայն արձագանքեցին, այն էլ հայկական կողմի բազմաթիվ հիշեցումներից հետո, թե այդպիսի հայտարարության անհրաժեշտություն կա:
Իսկ Մինսկի խմբի նման պահվածքը վտանգավոր է նրանով, որ Ադրբեջանին թույլ է տալիս ենթադրելու, թե իր բոլոր քայլերը, միեւնույն է, մնալու են անպատիժ: Այսինքն՝ միջազգային հանրությունը Ադրբեջանին դրդում է սադրիչ քայլերի:
Կարդացեք նաև
Անպատժելիության կեղծ զգացողությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Այն նաեւ այլ վտանգներով է հղի. պատմությունն է հիշեցնում, թե ինչպիսի մեծածավալ հակամարտությունների է հանգեցրել անպատիժ մնալու պետությունների համոզմունքը:
-Լռեց նաեւ ՀԱՊԿ-ը, չնայած տարբեր առիթներով Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ լիիրավ անդամ Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն Հայաստանին:
-Եկեք տարբերակենք երկու հանգամանք. առաջին՝ ցանկացած կազմակերպության անունից հնչեցվող պաշտոնական հայտարարությունները համաձայնեցվում են տվյալ կազմակերպության անդամ պետությունների հետ:
Երկրորդ՝ կազմակերպության ղեկավարի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հաճախ ունեն ոչ պաշտոնական բնույթ եւ մատնանշում են տվյալ կազմակերպության ընդհանուր դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ: Այս երկու շատ կարեւոր հանգամանքներն էլ տալիս են ձեր հարցի պատասխանը:
-Իսկ Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, կարո՞ղ էր ադրբեջանական սադրանքը քննադատող առանձին հայտարարությամբ հանդես գալ:
-Հաշվի առնելով հատկապես սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ստեղծված փոխհարաբերությունները, այո, ՌԴ-ից կարելի էր ակնկալել նման հայտարարություն: Բայց, մյուս կողմից էլ, լիովին հասկանալի է, թե ինչու այն չեղավ: Պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք ԼՂ հակամարտության հետ, իսկ ՌԴ-ն այս պարագայում դիտվում է ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ պետություն, այլեւ բանակցային գործընթացին մասնակից համանախագահող երկիր:
Տվյալ պահին Ռուսաստանը առաջնորդվեց քաղաքականության մեջ հայտնի՝ «չվնասել» սկզբունքով: Եթե Ռուսաստանը որպես համանախագահող երկիր հանդես գար հայտարարությամբ, ապա այն կդիտվեր միակողմանի եւ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրներից տարանջատվող քայլ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում