Երեկ մի քանի փաստաբաններից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ոստիկանապետի հայտարարությունը կարող է իրավական առումով դիտվել՝ որպես հաղորդում հանցագործության մասին։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր կարծիքով ոստիկանապետի հայտարարությունը բավարար պետք է լինի, որպեսզի պատկան մարմինները սկսեն նյութեր նախապատրաստել այդ ուղղությամբ։ «Ի վերջո, իրենից պետք է բացատրություն վերցնել ինքը կոնկրետ ի՞նչ դեպք ի նկատի ունի, ի՞նչ նկատի ունի՝ «մենք» ասելով, դրանից հետո որոշվի՝ քրեական գործ հարուցելու հիմք կա՞ այս պարագայում, թե՞ չկա»,- ասաց Ե. Վարոսյանը։
Նա նշեց, որ տևական ժամանակ է Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, և ականատես ենք դառնում, թե ինչ ուժ է կիրառվում դրանց մասնակիցների նկատմամբ։ «Տևական ժամանակ է, ինչ ակցիաներ են տեղի ունենում Երևան քաղաքում, և մենք տեսնում ենք ինչ բիրտ ուժ է կիրառում Ոստիկանությունը ակցիաների մասնակիցների նկատմամբ։ Հիմա հասկանալի է՝ հիմա չեն կրակում 2008թ. այս կողմ, բայց իր ասածից էլ ենթադրվում է, որ եթե վտանգ զգանք մեր իշխանության համար, և կկրակենք էլ։ Ես իր խոսքերն այդպես եմ հասկանում։ Ի՞նչ է ասում՝ այլևս չենք հանդուրժելու։ Դա ի՞նչ ասելու բան է։ Որովհետև ինքը չի պատկերացնում, որ ինքը չի հանդուրժողը, ինքը չի որոշողը, օրենքն է այդ ամենը որոշում, ինքն օրենքի ծառան է, ոչ թե ինքը պետք է որոշի՝ այս քայլին գնա, այն քայլին չգնա, ինքը պետք է ենթարկվի միայն օրենքին»,- ասաց փաստաբանը։
«Կարծում եմ՝ դա կարող է դիտվել՝ որպես հանցագործության մասին հաղորդում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը նշելով, որ Վ. Գասպարյանը հայտարարություն է արել, որով չի բացառել նորից այդ մեթոդների կիրառումը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ծեծի ու ջարդի մեթոդների վերացած լինելու կամ չլինելու մասին հայտարարություններին, Հ. Ալումյանն ասաց. «Հիմա բռնությունների և դեպքերն են քչացել, և կարծես թե բռնությունների աստիճանը փոքր-ինչ նվազել է։ Ես վաղուց չեմ լսել, որ մարդկանց եղունգները պլասկագուբցիով սեղմեն, այն, ինչ որ Վլադիմիր Գասպարյանի Ռազմական ոստիկանության պետ եղած ժամանակ Ռազմական ոստիկանությունը կիրառում էր, այն, ինչ արտացոլված է Եվրոպական դատարանի վճռով Միշա Հարությունյանի գործով»։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում