Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաների մաքսատուրքերի բարձրացումը Մաքսային միությանն անդամակցելու բացասական հետեւանքներից մեկն է. «Ժողովուրդ»

Հունվար 30,2014 11:04

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքատեսակների թանկացմանը, նշեց, թե Հայաստանը կարող է այդ ապրանքները ներկրել ՄՄ անդամ երկրներից, այն էլ՝ առանց մաքսատուրքի։ Այլ կերպ ասած՝ ստիպված ենք լինելու սպառել ՌԴ-ից, Բելառուսից կամ Ղազախստանից ներկրված ապրանք։ Թե որքանով կարող են այդ ապրանքները լինել որակյալ, մրցունակ, մնում է ենթադրել։ «Հնարավորությունները միշտ կան. դուք կարող եք գնել ե՛ւ Մաքսային, ե՛ւ ոչ Մաքսային միության անդամ հանդիսացող երկրի ապրանք, եւ այդ դեպքում գնի ու որակի միջեւ կառաջանա մրցակցություն»,- նշեց Գ. Մինասյանը։ Դժվար չէ ենթադրել, որ այս տարբերակը, մեղմ ասած, անիրատեսական է։ Թեկուզ եւ այն պատճառով, որ Հայաստանի բնակչությունը չի փայլում իր բարեկեցությամբ կամ եկամուտների մեծությամբ ու հաճախ ստիպված է գնել էժան ապրանք։ Նույնը կլինի նաեւ այս դեպքում, մարդիկ ստիպված կլինեն նախապատվությունը տալ ՄՄ անդամ երկրներից ներկրված ապրանքներին։

Ինչ վերաբերում է մեքենաների մաքսատուրքերի բարձրացմանը, Մինասյանը համաձայնեց, որ դա ՄՄ-ին անդամակցելու բացասական հետեւանքներից մեկն է։ Այլ կերպ նա, թերեւս, չէր կարող, ի վերջո, իշխանավորների մեջ ներքին մրցավազք է ամենալավ մեքենան գնելու եւ վարելու հարցում: Գ. Մինասյանի ծառայողական մեքենան էլ «Տոյոտա» մակնիշի է։

Սակայն նույն Մինասյանը երեկ համոզում էր, որ այս ամենի մեջ կան նաեւ դրական տարրեր։ ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքներ ներկրելու բարձր մաքսատուրքերը, ըստ նրա, կնպաստեն տնտեսության դիվերսիֆիկացմանն ու զարգացմանը։ «Այն խնդիրը, որի մասին մատնանշում եք, ունի նաեւ դրական դրսեւորումներ՝ ներքին շուկայի պաշտպանվածություն, ներքին արտադրության խթանում եւ այլն։ Կբերի նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման»,- ասաց նա։ Նկատենք, որ տվյալ դեպքում հիմնականում կշահեն մեծ երկրները, այլ ոչ թե Հայաստանը, քանի որ մեզանում արտադրությունը, այնուամենայնիվ, բարձր մակարդակի վրա չէ։ Մինասյանը, սակայն, պնդում էր հակառակը. «Եթե այսօր ՀՆԱ 4 տոկոս աճ ունենք, արտադրությունը 7 տոկոս աճ է արձանագրում, ապա առաջիկայում, իհարկե, կունենանք»։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031