Հատված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Բագրատյան, միտք էիք արտահայտել, որ Ռոբերտ Քոչարյան–ՀՀԿ կրակոցները հետաքրքիր են դառնում։ Ձեր կարծիքով՝ Քոչարյանը կհանդգնի՞ ընդդիմադիրի կեցվածքով վերադառնալ քաղաքական դաշտ։
– Իսկ ուրիշ ի՞նչ պետք է անի։ Հնարավոր է դա, և արդեն անում է այդ փորձը։ Երկրորդ ճանապարհը Սերժ Սարգսյանի հետ համաձայնության գալն է որպես նախկինում իրար հետ աշխատող մարդիկ։
– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ 2018-ի նախագահական ընտրություններին Քոչարյանը կմասնակցի։
Կարդացեք նաև
– Ես վստահ չեմ, որ կմասնակցի։ Հայտնի չէ, թե նրան ով կօժանդակի։ Ես նման պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնում։ Բայց եթե Քոչարյանը հնարավորություն ունենա հանդես գալ որպես առանձին ընդդիմադիր, և իմանա, որ կարող է հաղթել, իսկ այսօր ցանկացած անձ ներկայիս իշխանության դեմ որպես փրկություն է ընկալվում, ապա՝ այո, իհարկե, Քոչարյանը դա կփորձի։
– Իրական ընդդիմադիր ուժի ձևավորումը ներկայիս պայմաններում, երբ քաղաքացիական հասարակությունն է առավել ակտիվ, ինչպե՞ս եք պատկերացնում։
– Փորձը ցույց տվեց, որ այս կուտակայինի դեպքում ընդդիմադիր ուժերն իսկապես միացան։ Եվ, թույլ տվեք ասել, որ նրանք միացան ընդդիմության տնտեսական պլատֆորմի շուրջ։ Մասնավորապես, ես՝ Ձեր խոնարհ ծառան, 2012 թ. սեպտեմբերից մտնելով Ազգային ժողով, սկսեցի տորպեդահարել այդ կուտակայինը, որովհետև մինչ այդ չէի եղել ԱԺ-ում և գիտեի, թե ինչ անընդունելի ու խայտառակ օրենքներ են ընդունվել։ Չէի ասի, թե ԱԺ-ում դրանք «հալած յուղի» պես են անցել, բայց նաև չէի ասի, թե մեծ բողոքներ են եղել դրանց հետ կապված (առանձին անհատներին ի նկատի չունեմ): Եվ բողոքի ալիքը եկավ նրանից, որ երկրորդ քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն ևս իր վրա վերցրեց պատասխանատվությունը, որ սա իրոք անընդունելի է՝ հանրապետության շահերի տեսանկյունից, և միացավ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ, ինչպես նաև առանձին պատգամավորների հետ, որ հասկացան, թե ինչ աղետի է հասցնելու երկիրն այդ «բարեփոխում» կոչվածը։ Տվյալ դեպքում մենք կարող ենք ասել, որ նրանք լուրջ ուժ են դառնում, ու պետք է գնահատել դա։ Կասկած չկա, որ առաջիկա տարիներին, եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը դիմանա, տնտեսական վիճակը վատանալու է և, բնականաբար, այդ ուժի պահանջված լինելը կուժեղանա։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում