Այսօր՝ հունվարի 29-ին, Երեւանում «Մոսկվայի տանը» «Վիսոցկին եւ Հայաստանը» միջոցառմամբ նշվում էր ռուս երգահան, պոետ Վլադիմիր Վիսոցկու 76-ամյակը: Վիսոցկու կյանքի Հայաստանի հետ կապված հատվածները ներկայացնում էր դերասան Ռոբերտ Հակոբյանը, իսկ երգչի հայտնի ստեղծագործությունները կատարեցին Նարեկ Բաղդասարյանը, Ռուբեն Եղոյանն եւ Դավիթ Խաչատրյանը:
Երեւանում «Մոսկվայի տան» ղեկավար Արմինե Թութունջյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Մոսկվայի տունը» արդեն 5 տարի է, ինչ անցկացնում է երգչին նվիրված միջոցառումներ.
«Ամեն տարի մենք փոփոխում ենք միջոցառումը. մենք չենք կարող ամեն տարի նույն միջոցառումը անցկացնել, որովհետեւ նրանք էլ հետաքրքիր չեն լինի հանդիսատեսի համար եւ պետք է հաշվի առնել, որ Երեւանում այդքան էլ շատ չեն Վիսոցկու երգերի կատարողները: Փորձում ենք չկրկնել այն, ինչ արդեն արել ենք»:
Տիկին Թութունջյանը ասաց, որ չեն կարող չնշել երգչի ծննդյան օրը, քանի որ Վլադիմիր Վիսոցկին կարեւոր է ինչպես ռուս հանրության համար, այնպես էլ՝ հայ.
«Գլխավորը, որ նրան չմոռանան, եւ այսօր, դահլիճին նայելով, ես շատ երիտասարդներ տեսա: Վիսոցկին իմ երիտասարդության մի մասն է, եւ շատ հաճելի է, որ նրա արվեստը հետաքրքրում է երիտասարդությանը: Այսպիսի երեկոները հնարավորություն կտան չմոռանալ Վիսոցկուն. նրա նմանները եզակի են»:
Դերասան Ռոբերտ Հակոբյանը մեր հետ զրույցում նշեց, որ ընդունել է հրավերը, քանի որ հանդիսանում է Վիսոցկու երկրպագու: Իսկ միջոցառումը հունվարի 29-ին՝ երգչի ծնունդից 4 օր ուշ, կազմակերպելու փաստը Պարոն Հակոբյանը բացատրեց նրանով, որ հունվարի 25-ը աշխատանքային օր չէր եւ այդ օրը Վիսոցկուն նվիրված մեկ այլ միջոցառում կար: Նրա խոսքերով՝ Վիսոցկու կյանքը եւ Հայաստանը կապված են միմյանց հետ.
«Վիսոցկու մանկությունը անցել է հայկական միջավայրում, քանի որ նրա խորթ մայրը հայ էր, ինչպես նա է ասել «հորս երկրորդ կինը իմ երկրորդ մայրն է»:
Դերասան Դավիթ Խաչատրյանը, Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունների հետ ծանոթացել է, երբ ընդամենը 12 տարեկան էր եւ սերը դեպի Վիսոցկու արվեստը ստիպել է նրան սովորել կիթառ նվագել: Նա կարծում է, որ Վիսոցկու երաժշտությունը չի կարող հնանալ, եւ հանդիսատեսի համար միշտ իր երգերը արդիական են լինելու. «Վիսոցկին այն հեղինակներից է, որ չի հարցնում ժամանակը, Վիսոցկու ստեղծագործությունները բոլոր ժամանակների համար են, որովհետեւ կյանքը, ճիշտ է, փոխվում է, բայց կյանքի խնդիրները մնում են նույնը»:
Հանդիսատես Արմենը, չնայած ողջունում է միջոցառման գաղափարը, սակայն ճիշտ չի համարում նրա խորագիրը՝ «Վիսոցկին եւ Հայաստանը».
«Կարծում եմ, ճիշտ կլիներ կազմակերպել ուղղակի միջոցառում նվիրված Վիսոցկուն կամ նրա կյանքի մի կոնկրետ մասին, բայց չեմ ընդունում «Վիսոցկին եւ Հայաստանը» անվանումը, կարծում եմ ընդհանրապես կապ չունեն իրար հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ