Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան․ «Ռուսաստանը պարտվելու է»․ 1in.am․ (Տեսանյութ)

Հունվար 29,2014 22:49

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99 ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, Ուկրաինան՝ Եվրամայդանը, մնում է Եվրոպայի օրակարգային հարցերից մեկը: Ինչպե՞ս կբնորոշեք ստեղծված իրավիճակը: Ի՞նչ անդրադարձ կարող է թողնել այդ իրավիճակը  Հայաստանի և մեր տարածաշրջանի վրա:

– Նախ` այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, անկասկած, աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձություններ են, ընդ որում` կարևորագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող: Ես կասեի` առնվազն ոչ պակաս, քան այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում կամ ավելի ճիշտ` նրա շուրջ: Որպեսզի փորձենք պատկերացնել, թե ինչ է այսօր տեղի ունենում, կուզեի շատ կարճ նայեինք, թե ինչ է տեղի ունեցել: Այս 70 օրվա ընթացքում ուզում եմ առանձնացնել 2 օր, որոնք, իմ կարծիքով, հանգուցային են եղել այս նոր, ներկայիս Մայդանի 70 օրերի ընթացում: Առաջին իրադարձությունը նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերն էր, երկրորդը արդեն 2014թ. հունվարի 16-ը: Առաջինի վերաբերյալ՝ ինչ էր տեղի ունեցել. Յանուկովիչը հրաժարվել էր ստորագրել ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը, Մայդանում հավաքվել էին հիմնականում ուսանողներ, որոնք պահանջում էին պահպանել եվրոպական քաղաքականությունը, որն, ի դեպ, ամրագրված է ուկրաինական Սահմանադրության մեջ և օրենքներում: Մեծ չէր Մայդանը, անկեղծ ասած` նույնիսկ փոքր էր բոլոր գնահատականներով: Ես դեկտեմբերի 1-ից եմ եղել այնտեղ մինչև 5-ը: Նկատի ունեմ` բոլոր գնահատականներով, նաև Ուկրաինայի ընդդիմադիր գործիչների գնահատականներով Մայդանում զարգանալու մեծ ռեսուրսներ չկային: Բայց ամսի 29-ի լույս 30-ի գիշերը Բերկուտը հարձակվեց Մայդանի վրա, ցրեց այն, և տեղի ունեցավ ուժային ակցիա, որից հետո արդեն դեկտեմբերի 1-ին, իմ աչքի առաջ առնվազն 200.000 մարդ էր այնտեղ հավաքվել` կենտրոնում: Այսինքն` իմ գնահատականով` դա խթանեց այն, ինչը բռնկեց այս Մայդանը: Առաջինը ուզում եմ այստեղ ասել, որ Յանուկովիչը այդ օրը խախտեց Ուկրաինայում արդեն ստեղծված քաղաքական ավանդույթը` կար արդեն 2004-ի Մայդանը, որտեղ ոչ մի բան չէր եղել, բռնություն չէր կիրառվել, առաջինը դա խախտվեց, և երկրորդ` խթանվեց այսպիսի հզոր շարժում, չնայած գոյություն ունեն զուգահեռ մի քանի շարժումներ: Այսինքն` գոյություն ունի Մայդանը և Մայդանի շուրջ պրոցեսներ:

Երկրորդը տեղի ունեցավ հունվարի 16-ին: Մինչ այդ Մայդանն, իհարկե, մեծացավ, զարգացավ, ընդլայնվեց, բայց մինչև հունվարի 16-ը բացառապես խաղաղ բնույթ կրող հավաքներ էին՝ բազմահազարանոց, տասնյակ բազմահազարանոց: Ճիշտ է,  այդ ընթացքում պահանջները փոխվեցին, Բերկուտի այդ գործողություններից հետո ինչ-որ բաներ կատարվեցին: Հաջորդ կարևոր իրադարձությունը, որն արդեն փոխեց Մայդանի որակը, տեղի ունեցավ հունվարի 16-ին, երբ Յանուկովիչը մի օրվա ընթացքում խորհրդարանում «ընդունեց» օրենքների մի ամբողջ փաթեթ, որը Ռուսաստանում մեկ տարուց ավելի պետք եղավ, որպեսզի ընդունվեր: Ընդունեցը չակերտներում, քանի որ դա օրինականորեն չի ընդունվել: Այսպես ասած` դիկտատորական փաթեթ ընդունվեց, որից հետո արդեն Մայդանը դարձավ ագրեսիվ, ռադիկալացավ, առաջացավ աջ սեկտորը, Գրուշնևսկու փողոցը և այլն: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Այստեղ կարող է լինել երկու բացատրություն. դա ծրագրված էր, և երկրորդ` ինչպես որոշ ռուս վերլուծաբաններ համոզված են, առկա էր խելագարության կանխավարկածը կամ անմեղսունակության կանխավարկածը Յանուկովիչի  կողմից: Ես խորապես համոզված եմ, և ապացույցներ կան, որ դա ծրագրված էր, ընդ որում` այդ ամենը ճշգրտորեն հաստատված էր Կրեմլի կողմից, և Յանուկովիչն այստեղ ինքնուրույն չէ, Ուկրաինայի իշխանությունների գործողությունների կառավարումը կատարվում է Ռուսաստանի կողմից: Ռուսաստանի ծրագիրը չափազանց հստակ է, և ըստ էության այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսաստան-Ուկրաինա կամ Ուկրաինա-Կրեմլ դիմակայություն է: Սրանք են երկու կողմերը:

– Դուք ասացիք, որ ըստ էության մենք այսօր գործ ունենք Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հետ: Որտե՞ղ են հիմնական դերակատարները. Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, որոնք կարծես ակտիվորեն ներգրավված էին առաջին փուլում:

– Ո՛չ Միացյալ Նահանգներ, ո՛չ Եվրոպա այսօր Մայդանում բացարձակապես չկան, և  նրանց դիրքորոշումը առանձին խոսակցություն է և մեղմ ասած` բացարձակապես համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Միաժամանակ, ի՞նչ է այսօր Մայդանը: Առաջին հերթին դա բարձր աստիճանի ինքնակազմակերպում է ներքևում և բոլոր ռեգիոններում: Առաջնորդները հայտնվել են չափազանց ծանր վիճակում: Նաև նշեմ, որ իր առաջարկներով նաև մի այլ նպատակ էր հետապնդում իշխանությունը, Յանուկովիչը կամ Մոսկվան` հետագա լարվածության էսկալացիայի և հետագա հնարավոր զոհերի պատասխանատվությունը դնել արդեն ընդդիմության վրա: Կարծում եմ, որ լարվածության աստիճանի մի նոր ալիք է բարձրանալու, և դա կլինի Օլիմպիական խաղերից հետո, և այդ լծակների բարձրանալը նույնպես տնօրինելու է Մոսկվան: Նշեմ, որ արտահերթ նիստի, որ նախօրեին սկսվեց, նախորդ օրը Ազարովը` որպես կառավարության ղեկավար, կատարեց նաև երկու գործողություն: Առաջին` Բերկուտի քանակը հինգ-վեց անգամ մեծացրեց, որը իր որոշակի գործողություններով, որը մենք տեսել էինք, իրեն նմանեցրեց ուղղակի ֆաշիզմին, իսկ դա այնպիսի կառույց է, որ հիմա արդեն մինչև երեսուն հազար է դառնալու: Եվ երկրորդ հրամանը, որ Ուկրաինայի բանակի (բանակը, իմիջիայլոց հայտարարել է, որ չի խառնվելու այս իրադարձություններին) երկու դեսանտային ստորաբաժանումներ տրվում են Ներքին գործերի նախարարությանը, ըստ էության, Բերկուտին: Ընդամենը հրաժարականի նախորդ օրը Ազարովն իր ստորագրությամբ սա հաստատեց: Բերկուտն ամբողջովին կուժեղացվի, որից հետո Մոսկվան, կարծում եմ, նորից կձեռնարկի իր սցենարը, որպեսզի հասնի իր նպատակին՝ փորձելով իրականացնել իր այն ծրագիրը, որի մասին բաց խոսում է՝ Ուկրաինայի մասնատման ծրագիրը: Աստված չանի, որ դա տեղի ունենա, բայց Մոսկվան, Կրեմլը Պուտինի քաղաքականությունը չի թաքցնում, որովհետեև անհնար է Եվրասիական միության իրականացումը առանց Ուկրաինայի կամ նրա մի մասի (Ղրիմ, այլ մարզեր): Ակնհայտորեն սրանք են Մոսկվայի ծրագրերը: Աշխարհաքաղաքական կարևորագույն իրադարձություններ են տեղի ունենում հիմա Ուկրաինայում, որոնք առաջիկա տարիներին ընդհանրապես շատ որոշիչ են լինելու թե՛ համաեվրոպական, թե՛ ողջ այս մեծագույն տարածաշրջանի անվտանգության համար:

– Այնուամենայնիվ հետաքրքիր է՝ Ձեր բնորոշմամբ աշխարհաքաղաքական զարգացումներ, այդքան կարևոր իրադարձություններ, բայց այնտեղ հիմնական խաղացողները բացակայում են:

– Կա երկու խաղացող, երկու կողմ` դա Ուկրաինայի ժողովուրդն է և Կրեմլը: Ուրիշ խաղացողներ այնտեղ գոյություն չունեն:

– Ակնհայտ է, որ Ռուսաստանի իմպերիալիստական բոլոր նկրտումները դրված էին Մաքսային միության, Եվրասիական տնտեսական միության նպատակների տակ: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը պարտվում է, այս ծրագրերը ևս չունեն ապագա:

– Ռուսաստանը պարտվելու է, բայց այդ պարտությունը դեռ մոտ չէ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, դա, կարծում եմ, երկար է տևելու, որովհետև եթե նույնիսկ այսօր սեղանի վրա լինի քաղաքական կարգավորման «ճանապարհային քարտեզ», լավագույն դեպքում առնվազն ամիսներ են պետք դրանք իրականացնելու համար: Բայց դա չկա: Երկրորդ՝ կրկին անդրադառնալով երեկվա Եվրամիություն-Ռուսաստան հանդիպմանը՝ Պուտինն առաջարկում է, որպեսզի Եվրասիական միությունը և Եվրամիությունը իրար հետ ստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր: Նույնիսկ լրջորեն չի կարելի քննարկել մի բան, որ գոյություն չունի, բայց ԵՄ ներկայացուցիչները լրջորեն ընդունում են: Դա նույնիսկ քննարկման առարկա չէ: Եվ այսօր ովքե՞ր են սատար կանգնում Ուկրաինային: Արևմուտքի քաղաքացիական հասարակությունները, իսկապես ժողովրդավարական, մարդու իրավունքի պաշտպանության կազմակերպությունները: Եվ Ուկրաինայում, անկեղծ ասած, իրենք էլ արդեն հասկանում են, հույսը դրել են բացարձակապես իրենց վրա: Խոսքն ուկրաինական ողջ ժողովրդի մասին է: Այսպիսի կարծիք կա՝ իսկ այսօրվա Եվրոպան արժանի՞ է Ուկրաինայի ժողովրդին, թե՞ ոչ: Մի խոսքով, բավական երկար գործընթաց է, եկեք հաջողություն ցանկանանք, որովհետև ռուսական կայսրության կայսերապետական ծրագրերի այս կործանումը չափազանց կարևոր է այսօր ընդհանրապես համաշխարհային անվտանգության համար: Հիմա դուք կհարցնեք՝ Արևմուտքն ի՞նչ կարող է անել: Գիտեք, Արևմուտքն առաջին հերթին պետք է շատ պարզ ընդունի մի փաստ, որ Ռուսաստանն իր դեմ սկսել է առնվազն Սառը պատերազմ, ինչն  Արևմուտքն առայժմ չի ուզում ընդունել: Դա փաստ է: Սա ընդունելուց հետո նոր պետք է հասկանալ, թե ինչպես մնացած ամեն ինչն անել: ԱՄՆ-ը հիմնականում արտաքին քաղաքական ոլորտում կենտրոնացած է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, ավելի շատ Չինաստան-Ճապոնիա հակասությունների: Սիրիայի շուրջ նույնիսկ ավելի քիչ, քանի որ Մերձավոր Արևելքում էլ են զիջում Ռուսաստանին, ոչ միայն Սիրիայի խնդրի շուրջ: Իհարկե, Ռուսաստանը որևէ  ռեսուրս չունի այդ ամեն ինչը հաղթահարելու համար, Ռուսաստանն ունի ներքին, խոշորագույն խնդիրներ և նույն այս ագրեսիվ արտաքին նեոկայսերապետական քաղաքականությունը նաև ուղղված է այդ ներքին խնդիրները հաղթահարելուն: Բայց Ռուսաստանի համար նաև չափազանց ակնհայտ է, որ առանց Ուկրաինայի կամ  Ուկրաինայի մի հատվածի, որևէ նեոկայսերապետական ծրագիր իրականանալ չի կարող ընդհանրապես:

Մանրամասն կարող եք կարդալ՝ 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Նայում եմ տեսանիւթն ու զայրանում՝ ինչո՞ւ է այդ տաղաւարում միայն Real Politik գրուած: Դուք արժանապատուութիւն չունէ՞ք: Ինչո՞ւ այդ «զահրմարը» հայերէն տառերով էլ չէք գրում: Թէ ձեր «սուրբ» գործը, որպէս իսկական հայրենասէրներ, հանրապետութեան հրապարակում գորշ գայլեր բռնելն է:
    Իսկական հայրենասէրը ոչ թէ հարեւանի դրօշն այրելով պիտի ինքնայաստատուի (որն ընդամենը 5 րոպէ է տեւում), այլ ամէն օր հայատառ գրի/խօսի ու հայոց մշակոյթի շահերը պաշտպանի,,

  2. Hakob says:

    այ ախպար… կարևորը մենք ենք, ու Ավստրիան 🙂 🙂

  3. Hakob says:

    ըստ վերջին “մեյդանների” նախկին ԿԳԲ-ի նաչալնիկը մի խշոր գրանտ կպցնելու ճանապարհին ա երևում…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031